ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

18 փետ 2021 19:29

Վշտի հաղթահարման փուլերում կարող են դրսևորվել և՛ հոգեկան, և՛ ֆիզիկական ցավեր

Վշտի հաղթահարման փուլերում կարող են դրսևորվել և՛ հոգեկան, և՛ ֆիզիկական ցավեր
Hayacq.com-ի հարցազրույցը «Ցավի հոգեբանություն» գրքի հեղինակ, հ.գ.թ., դոցենտ Սոնա Հարությունյանի հետ
 
-Արդյո՞ք ցավը կարող է ի հայտ գալ  վշտի ժամանակ:

-Ցավը, ինչպես գիտենք, սուբյեկտիվ և բարդ ֆենոմեն է: Այն սովորաբար ազդանշան է, որ օրգանիզմում ինչ-որ բան այնպես չէ: Կարող ենք ասել, որ ցավը առաջին ազդակն է հոգեկանի և մարմնականի ամբողջականության խաթարման մասին: Ավելին, ցավը նաև ազդանշան է օրգանիզմի և սոցիալական միջավայրի միջև ամբողջականության խաթարման, որն ակնհայտորեն դրսևորում է նաև վշտի ընթացքում: Վշտի հաղթահարման փուլերում կարող են դրսևորվել և հոգեկան, և ֆիզիկական ցավեր:
 
-Իսկ ի՞նչ է վիշտը:

-Վիշտը կորստին տրվող հակազդում է, սպեցիֆիկ հոգեկան պրոցես, որի տևականությունը և ուժգնությունը խիստ անհատական է, ունի հոգեբանական պայմանավորվածություն, և հաղթահարման ընթացքը զարգանում է իր օրենքներով: Վշտի ապրումը մեծ դեր ունի կորստի իրավիճակում: Վշտի մեջ գտնվելու ընթացքը նաև հոգեկան կայունությունը և ապրելու ընդունակությունը վերագտնելու ընթացք է:
Մարդը երկու կարևոր հոգեբանական խնդիր ունի լուծելու վշտի մեջ գտնվելով`
Հասկանալ և ընդունել տեղի ունեցածը:
Ապրումներից ազատվելով` հաղթահարել պրոբլեմը և շարունակել նորովի ապրել:
 
-Դուք նշեցիք հոգեկան ցավի մասին, ի՞նչպես կձևակերպենք այն:

-Հոգեկան ցավը բավական տարածված ապրում է մարդկանց մեծամասնության համար. աշխարհում չկա գուցե մեկ մարդ, որ իր կյանքի ճգնաժամանային շրջաններում ընդհանրապես զգացած չլինի խոր և ցավոտ էմոցիաներ, կապված «լինել կամ չլինել» էքզիստենցիալ խնդիրների հետ, օրինակ, կորստի իրավիճակում: Հոգեկան ցավն  առաջանում է մեկուսացման, միայնակության, մահվան իրավիճակներին բախվելու ժամանակ, կյանքի իմաստի կորստի արտահայտումն է նաև: Հատկապես հոգեկան ցավն է կյանքի և մահվան հարցերը դարձնում կենտրոնական խնդիր:
 
-Հաճախ ցավը նույնացնում ենք տառապանքի հետ: Արդյո՞ք մասնագիտական տեսանկյունից էլ այդ երկու հասկացությունները նույն իմաստն ունեն:

-Իրավացի եք, հաճախ շփոթում են «տառապանք» և «ցավ» հասկացությունները (օգտագործում են որպես հոմանիշներ), չնայած, որ իրարից առանձին երկու ֆենոմեններ են:  Տառապանքը ավելի լայն վիճակ է, որը ներառում է տարբեր ասպեկտներ և ունի տարբեր պատճառներ, որից մեկը` ցավն է:  Կարելի է այսպես ասել` ամեն ցավ չէ, որ տառապանք է առաջացնում, և ամեն տառապանք չէ, որ արտահայտվում է ցավով:

-Եվ Ձեր ուղերձը մեր ընթերցողին

-Մեջբերեմ Վ. Ֆրանկլի խոսքերը.
Ցանկացած դժվարության մեջ մենք սովորաբար երկու տարբերակ ունենք՝
Նեղսրտել, վատ զգալ, բողոքել, որ մենք այս կամ այն իրավիճակի մեջ ենք հայտնվել ու մեղադրել բոլորին:
Այնպիսի իմաստ վերագրել այդ իրավիճակին, որը մեզ ուժ կտա, առաջ կմղի, այլ ոչ թե թևաթափ կանի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր