Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մենք այնտեղ առևտուր կանենք          «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել       Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

17 սեպ 2020 16:35

Առկա իրավիճակի ֆոնին հայտարարել, որ ինչ-որ մարդիկ կարող են գումարի դիմաց չծառայել, աբսուրդ է. ռազմական փորձագետ

Հայ-ադրբեջանական հակամարտությունն ավարտված չէ, պատերազմը շարունակվում է, քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, ուստի՝ պետք է հասկանանք, որ ցանկացած պահին հնարավոր են լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսում, սադրանքներ, որոնք կարող են վերաճել ռազմական գործողությունների։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Այսինքն, եթե որոշակի ժամանակահատվածում, կլինի դա վեց ամիս, թե մեկ տարի սահմանի մի հատվածում չեն կրակում, դա դեռևս ոչինչ չի նշանակում, որ ցանկացած պահի այդ իրավիճակը չի կարող փոխվել, ուստի, փորձագետի կարծիքով,Հայաստանի և քաղաքական, և ռազմական ղեկավարության ցանկացած որոշում պետք է առաջնորդվի այն տրամաբանությամբ, որ մենք ունենք անվտանգության խնդիր, որն այս պահի դրությամբ վերջնական լուծված չէ և ըստ այդմ՝ առաջնահերթ է զգոն լինելը, ԶՈՒ-երը զարգացնելը, պարբերաբար սպառազինությունը թարմացնելը, արդիականացնելը։ Վրթանեսյանը հիշեցրեց նաև հուլիսին Տավուշում տեղի ունեցած մարտերը, որոնք ցույց տվեցին, որ Թուրքիան այս պահին շատ ավելի ագրեսիվ է իրեն պահում, քան նախկինում, անթաքույց աջակցում է Ադրբեջանին։ Բացի դա՝ այս պահի դրությամբ կա նաև խնդիր, որ փաստացի թուրքական ռազմական ինքնաթիռներ են Ադրբեջանում տեղակայվել, որոնք բերվել են զորավարժության և այդպես էլ մնացել են այնտեղ։

«Պետք է հասկանանք, որ կա իրական սպառնալիք՝ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման։ Դա երբ կլինի՝ վաղը, երեք ամսից, մեկ տարուց, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ այդ վտանգը կա։ Մենք նման իրավիճակներ ունեցել ենք 2014թ, 2015թ, 2016թ և դա արտառոց բան չէ»,- նշեց Վրթանեսյանը՝ ընդգծելով, որ նման իրավիճակում խնդիր ունենք նաև ԶՈՒ-ում կենդանի ուժի համալրման։ Փորձագետն ընդգծեց հատկապես պարտադիր զորակոչի կարևորությունը՝ նշելով, որ այն լուծում է նաև մարտունակ մոբիլիզացիոն ռեզերվ ունենալու հարցը, մասնավորապես, անձինք, ովքեր անցել են պարտադիր զինծառայությունը, 10-15 տարի անց էլ անհրաժեշտության դեպքում կարող են զինակոչվել և շատ արագ համալրել ԶՈՒ-երը։

«Եթե չկան լայնածավալ գործողություններ, դա թվում է շատ հեռու, անկարևոր մի բան, բայց երբ սկսվում են լայնածավալ գործողություններ, երբ լինում են լուրջ կորուստներ, առաջանում է համալրման հարց և, եթե մենք չունենք այդպիսի պատրաստ պահեստազոր, հարց է առաջանում, թե ինչպես են համալրելու»,- ասաց Վրթանեսյանը, և, անդրադառնալով իշխանական պատգամավորների կողմից մշակված զինվորական պարտադիր ծառայությունից գումարի դիմաց ազատվելու նախագծին։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել է, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը եւ Անդրանիկ Քոչարյանը մի օրինագիծ են շրջանառության մեջ դրել, ըստ որի՝ 27 տարին լրացած այն ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձը վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։ Վրթանեսյանը նկատեց՝ պետք է պատկերացնել՝ պատերազմական իրավիճակում քանի պայմանագրային կցանկանա կամավոր կամ վճարի դիմաց գնալ ծառայել։

«Պատկերացնենք՝ պատերազմ է, քանի՞ մարդ կգնա։ Ես չեմ ասում, որ մարդն, ով գնացել է պայմանագրային՝ կկռվի, որովհետև պարտավոր է, հակառակ դեպքում կդառնա դասալիք, բայց, ենթադրենք՝ անձը պայմանագրային չէ, պատերազմի սկսվելու դեպքում շատերը չեն ցանկանա գնալ։ Եթե մենք նախկինում կարողանում էինք զինծառայությունն անցած մարդկանց արագ պահեստազորից բերել շարքեր, ապա ինչպես ենք համալրելու։ Պատերազմը նշանակում է կորուստներ։ Հավանական սցենար եմ ասում՝ հնարավոր է, որ մեկ շաբաթվա ընթացքում մի քանի հազար կորուստ լինի, դա ու՞մ հաշվին է լրացվելու, եթե մենք ունենալու ենք մի քանի հազար չծառայածներ։ Իրենց կարող ենք զորակոչել, բայց իրենք պետք է ամիսներով պատրաստություն անցնեն, ինչը լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ուշացած կլինի»,- ասաց Վրթանեսյանը՝ նշելով, որ օրենքով ոչ միայն խախտում է սոցիալական արդարության սկզբունք, խրախուսում է որոշ մարդկանց, որ ամեն ինչ անեն, որ իրենց որդիները չծառայեն, այլև՝ ստեղծում են մոբիլիզացիոն ռեզերվ ունենալու խնդիր։

Ստացվում է, որ առաջանում է ոչ միայն հոգեբանական և սոցիալական խնդիր, այլև՝ ռազմական, մասնավորապես, ինչի հաշվին կստեղծվի մեր երկրում ռեզերվը, որն ունի երկու թշնամի հարևան, որոնցից մեկը՝ Թուրքիան վերջին հինգ տարում իր հարևանների երկուսի տարածք ներխուժել է մի քանի անգամ և մյուս կողմից կա երկիր՝ Ադրբեջանը և այդ ֆոնին հայտարարել, որ ինչ-որ մարդիկ կարող են փողով չծառայել, ըստ Վրթանեսյանի, աբսուրդ է։

«Ներկա իշխանությունները գլուխ են գովում, որ իրենց օրոք բանակում ծառայելը դարձել է ինչ-որ մի շատ լավ բան, այսինքն՝ ծառայությունն ավելի լավն է, սնունդն ավելի որակյալ է, ապա հարց է առաջանում, եթե դա իսկապես այդպես է, ինչու են օրինագիծ առաջ քաշում՝ ինչ-որ մարդկանց բանակում ծառայելուց խուսափելու հնարավորություն տալով»,-ընդգծեց Վրթանեսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր