Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում    

25 դեկ 2020 14:42

Ադրբեջանը սկսել է «Երկաթե բռունցք» գործողությունը.Ալիևը մինչև կառավարման ավարտն ապահովագրվել է ներքաղաքական ճգնաժամերից

Ռուսական Независимая Газета պարբերականը տարվա ամփոփման շրջանակում անդրադարձել է Ղարաբաղյան վերջին պատերազմին` նշելով, որ Ադրբեջանը վերադարձրել է վերահսկողությունը տարածքի նկատմամբ:


Հոդվածում մասնավորապես ասվում է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը սկսել է «Երկաթե բռունցք» գործողությունը՝  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «իրավասությունը» վերականգնելու համար: Պատերազմն ավարտվել է նոյեմբերի 10-ին Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի միջև հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրմամբ:


Փաստաթղթի համաձայն, Բաքվի վերահսկողության տակ են անցել Ղարաբաղին հարակից յոթ շրջանները, որոնք հայկական կողմը բնորոշում է  որպես «անվտանգության գոտի», Շուշի քաղաքը: Ադրբեջանը նաև միջանցք է ստացել  Հայաստանի տարածքով Նախիջևանի ինքնավարության հետ կապ հաստատելու համար, իսկ Հայաստանը, ի պատասխան, Ղարաբաղի հետ հաղորդակցման համար  միջանցք է ստացել Լաչինի շրջանով: Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պահպանելու, իսկ ավելի ճիշտ հայ բնակչությանը պաշտպանելու համար տեղակայվել են ռուս խաղաղապահներ: Ադրբեջանի կողմից ռուս խաղաղապահների պարտականությունների կատարմանը կհետևեն Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները:


Հայկական կողմն այժմ կարող է բողոքել որքան ուզում է՝ ադրբեջանական կողմից  թուրք մասնագետների և ստորաբաժանումների,  սիրիացի  զինյալների մասնակցությունից, ինչպես նաև նրանից, որ ինքը չուներ բավարար մարտունակ ուժեր. պահեստազորայինները նկատելիորեն զիջում էին հիմնական ուժերին իրենց պատրաստվածությամբ, սակայն միևնույնն է երկարաժամկետ հակամարտության գոտում նոր իրավիճակից խուսափել չի ստացվի:


Երևանը դեռ պետք է պարզի, թե ինչպես ստացվեց, որ ԱդրբեջանՆ ուներ ավելի ժամանակակից և ամենակարևորը՝ Լեռնային Ղարաբաղի պայմաններում պատերազմի համար ավելի հարմար զենք, արդյունավետ մարտավարություն, իսկ հայկական ստորաբաժանումները, ըստ փորձագետների, կռվում էին «երեկվա զենքով»`  «առաջին ղարաբաղյան պատերազմի կաղապարներով»: Ավելին, 2016-ի քառօրյա պատերազմում պարզ դարձավ, որ Ադրբեջանը մտադիր է անօդաչու թռչող սարքերով առավելություն ստանալ: Այնուամենայնիվ, 4 տարի անց պարզվել է, որ հայկական կողմը դասեր չի քաղել. որոշ պահի այն կրկին հայտնվել է անօդաչու թռչող սարքերի դեմ անօգնական իրավիճակում: Բացի այդ, հայկական դիրքերի անմատչելիության մասին լուրերը կարծես չափազանցված էին:


Հայերի համար չպետք է զարմանալի լիներ արտաքին ուժերի մասնակցությունը Բաքվի կողմից. Ալիևը բազմիցս հայտարարել է, որ ի վիճակի է վերադարձնել Ղարաբաղն առանց ադրբեջանցիների արյան, «գնելով» վարձկաններ, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  մեկ անգամ չէ, որ խոստացել էր լինել Ադրբեջանի կողքին, երբ վերջինս կստանձնի  ղարաբաղյան խնդիրը լուծելու հարցը:


Պատերազմի վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական ուժերի առավելությունը ճնշող էր դարձել: Կողմերը, հավանաբար, դեռ պետք է հստակեցնեն և հայտարարեն ճշգրիտ կորուստները, բայց առայժմ, միջին տվյալներով, դրանք, ընդհանուր առմամբ, կազմում են շուրջ 10 000 մարդ:


Լեռնային Ղարաբաղում ստեղծված նոր իրավիճակը քաղաքական նոր իրողություններ է ձևավորել Բաքվում, Երևանում և ամբողջ տարածաշրջանում: Հաջող ռազմական արշավով Իլհամ Ալիևը երկար ժամանակով, եթե ոչ մինչև կառավարման ավարտը, ապահովագրել է իրեն ներքաղաքական ճգնաժամերից: Ցանկացած ձախողում անորոշ երկար ժամանակով կընդհատվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» վերականգնման հիշեցմամբ:


Երևանում իրավիճակը հակառակն է. Փաշինյանը մեղադրվում է դավաճանության համար: Հասարակությունը պառակտված է: Բնակչության մի մասը պահանջում է նրա հրաժարականը: Մեկ այլ մասը, իրականում չվստահելով Փաշինյանին և նրա թիմին, ավելի քիչ է վստահում հակառակ քաղաքական ճամբարին: Եվ միայն մի փոքր մասը շարունակում է Փաշինյանին համարել առաջնորդ, որն ունակ է երկիրը լավ ապահովել: Հայաստանը հայտնվել է խորագույն ճգնաժամի մեջ. նրա պետականությունն անցնում է փորձության միջով:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր