Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

08 մայիս 2021 14:08

Ինչու Հայաստանը չի ճանաչվել ագրեսոր ու չի ենթարկվել պատժամիջոցների

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Կա հետևյալ փաստարկը կամ հակափաստարկը, որ մեր դիվանագիտության եւ ընտրված բովանդակային ուղենիշի շնորհիվ էր, որ Հայաստանը Արցախի առաջին պատերազմում եւ դրանից հետո բանակցային գործընթացի մեկնարկին չճանաչվեց ագրեսոր եւ չենթարկվեց պատժամիջոցների, դա ներկայացնելով որպես բացառիկ օրինակ:


Դույզն իսկ չեմ նվազեցնում այդ շրջանի մեր դիվանագետների աշխատանքը: Ավելին, ինչպես նշել եմ, ներկայումս բավականին հեշտ է հետին թվով գնահատել այն ծանր ու բարդագույն շրջանի աշխատանքը, որ արել են նրանք: Ըստ այդմ, ես ինձ չեմ վերապահի նրանց այդ շրջանի աշխատանքը քննադատելու իրավունք: Եվ խնդիրը այստեղ քննադատելը չէ, այլ դիտարկելն ու մեր վրիպումները կամ պատկերացումները հասկանալը, մեր ապագա քայլերը կառուցելու համար:




Այդ իմաստով, բացարձակապես նվազեցնելով մեր դիվանագիտության դերը, այդուհանդերձ կարծում եմ, թե պատրանք է մտածել, որ դրա շնորհիվ է եղել այն, որ Հայաստանը չի ճանաչվել ագրեսոր ու չի ենթարկվել պատժամիջոցների: Դրա պատճառը եղել է խնդրի շուրջ եւ ռեգիոնալ լայն իմաստով աշխարհաքաղաքական իրողությունը: Եվ, եթե խոսում ենք բացառիկ օրինակից, ապա ամենից առաջ պետք է այստեղ դիտարկել այն, որ ստեղծվել է որեւէ այդօրրնակ հակամարտության շուրջ միջնորդական բացառիկ ձեւաչափ՝ Մինսկի խմբի եռանախագահություն: Կարծում եմ սա հայկական դիվանագիտությունը չէ, որ ստեղծել է, այլ աշխարհաքաղաքական իրադրությունը: Եթե դիտարկենք, ապա այդ իմաստով Ռուսաստանին առնչվող հակամարտություններից որեւէ մեկում այդ շրջանում չի եղել Ռուսաստանի քայլերին արեւմտյան կոշտ հակադարձում՝ Արցախ, Մերձդնեստր, Աբխազիա: Բացառություն է եղել բալկանները, որովհետեւ այն չէր դիտվում ՌԴ «մաշկին մոտ», այն ավելի շուտ ՆԱՏՕ մաշկին մոտ էր եւ ՆԱՏՕ իր ձեռքը վերցրեց իրավիճակը:


Կարծում եմ որեւէ մեկը պատրանք չունի, որ, օրինակ Սիրիայի հարցում Թուրքիայի դեմ պատժամիջոց չեն կիրառում, որովհետեւ թուրքական դիվանագիտությունը փայլուն է, իսկ Ղրիմի հարցում ՌԴ դեմ կիրառում են, որովհետեւ ռուսները չունեն դիվանագիտություն: Կա աշխարհաքաղաքական նպատակահարմարությունների շատ պարզ իրողություն: Ընդ որում, այդ կապակցությամբ իր նախկին ելույթներից մեկում պարզ արտահայտվել է նաեւ առաջին նախագահը, ասելով, որ ըստ քաղաքական անհրաժեշտության գերակայությունը տրվում է կամ տարածքային ամբողջությանը, կամ ինքնորոշման իրավունքին:


ՌԴ «զոնայի» հանդեպ կոշտությունը ձեւավորվել է արդեն հետագայում, երբ փոխվել է Ռուսաստանի պետական քաղաքականության տրամաբանությունը Արեւմուտքի հանդեպ: Եվ այստեղ սկսվել է նաեւ իրական քաղաքականության ռեժիմում որոշակի մոտեցումների փոփոխություն Արցախի հարցի նկատմամբ, հատկապես այն բանի ֆոնին, որ Հայաստանում եւ Արցախում սկսել է գերակայել մտածողություն, թե հնարավոր է Ղրիմի համար երգ ու պարով ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգություն, որովհետեւ «բանալին» Ռուսաստանի ձեռքում է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր