Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

22 հուլ 2021 11:54

Ադրբեջանի սադրիչ քայլերն ու առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալքիներ են ստեղծում Հայաստանի և Արցախի համար

«Մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ադրբեջանի սադրիչ քայլերն ու առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի և Արցախի համար»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ այս համատեքտում ուզում է ընդգծել այն առանցքային դերը, որ կատարում է  ՌԴ-ն տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունն ապահովելու գործում:

Փաշինյան խոսքով, ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորումն և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը, անկյունքարային նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում:

«Միաժամանակ շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով»,- նշեց նա:

Փաշինյանի խոսքով, ինչպես և նախկինում, ՀՀ-ն կարևոր և առաջնային է համարում  տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, պատրաստ է շարունակել աշխատանքն այս ուղղությամբ՝ կոնկրետ արդյունքների հասնելու ակնկալիքով:

Նա նշեց, որ ակնկալում են՝ Ադրբեջանը օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին  և այլ պահվող անձանց վերադարձնելու իր ստանձած գրավոր պարտավորությունը:

«Այս տարվա մայիսի 12-ից Ադրբեջանի կողմից Սոթք-Խոզնավար հատվածում ՀՀ  սահմանի խախտումն անընդունելի է: Վերահաստատում ենք Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման, ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման մեր առաջարկը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ:

Վերահաստատում ենք նաև խաղաղ բանակցությունները վերսկսելու նախկինում մեր արտահայտած պատրաստակամությունը»,- նշեց Փաշինյանը:

Նա ասաց, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն այլընտրանք չունի և ՀՀ կառավարությունը հանձնառու է իրացնել Հայաստանի, Արցախի, ընդհնարապես տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ՀՀ  ժողովրդի ստացած մանդատը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր