ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

11 սեպ 2021 12:15

Ադրբեջանցիները նման են թուրքերին և ահաբեկիչներին.Ամենակարևորն այն է, որ հայ բնակչությունը մնա Արցախում, այլապես ռուսաստանյան խաղաղապահներն այնտեղ անելու բան չեն ունենա

Ադրբեջանցիները հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրենց վերաբերմունքով շատ նման են թուրքերին և «Իսլամական պետության» ահաբեկիչներին, «Արմենպրես»-ի հետ զրույցում շեշտեց Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի Եվրասիական ինտեգրման և Շանհայան համագործակցության կազմակերպության զարգացման բաժնի ղեկավար, տարածաշրջանային հարցերի փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված շրջաններում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, վանդալիզմի և հայ բնակչության դեմ իրականացվող էթնիկ զտման քաղաքականությանը:


Եվսեևի կարծիքով՝ Ռուսաստանի համար դժվար է խանգարել Ադրբեջանի այդ քաղաքականությանը: Այս հարցում, ըստ նրա, ավելի մեծ դեր կարող են խաղալ միջազգային հանրությունը և մասնավորապես՝ Հայաստանի բարեկամ երկրները, օրինակ՝ Ֆրանսիան:


«Ռուսաստանը որտեղ կարողացել է՝ փորձել է օգնել ժառանգության պահպանմանը: Այդպիսի դեպք եղավ, օրինակ, Դադիվանքի հետ կապված: Բայց խնդիրն այն է, որ ադրբեջանցիները հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրենց վերաբերմունքով շատ նման են թուրքերին: Կարծում եմ՝ այս հարցը պետք է բարձրացնի միջազգային հանրությունը: Ինչո՞ւ միջազգային հանրությունը չի արձագանքում պատմամշակութային հուշարձանների ոչնչացմանը: Թող Ֆրանսիան զբաղվի դրանով՝ հարցը բարձրացնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Դրանով պետք է զբաղվեն Հայաստանի բարեկամները: Նրանք պետք է հայտարարեն, որ միջազգային հանրությունը անընդունելի է համարում մշակույթի հանդեպ նման վերաբերմունքը, որպեսզի ի վերջո ադրբեջանցիները աշխարհի աչքին երևան իբրև մի ժողովուրդ, որը ոչնչացնում է այլոց մշակույթը: Իսկ ո՞վ է ոչնչացնում այլոց մշակույթը. օրինակ՝ «Իսլամական պետությունը», մասնավորապես Սիրիայում: Այդ դեպքում ստացվում է, որ ադրբեջանցիներն իրենց պահվածքով շատ նման են «Իսլամական պետության» ահաբեկիչներին, վահաբիներին: Այսպիսի զուգահեռներ է անհրաժեշտ անցկացնել և ճնշում գործադրել միջազգային հանրության կողմից», - ասաց Վլադիմիր Եվսեևը:


Այն, որ Ադրբեջանի իշխանությունները պատերազմից հետո արդեն ավելի բարենպաստ դիրքերից են շարունակելու ճնշում գործադրել արցախահայության նկատմամբ, Եվսեևի խոսքով՝ կանխատեսելի էր: Բայց տվյալ պարագայում, ըստ նրա, ավելի շատ բան կախված է ոչ թե Ռուսաստանից և ռուս խաղաղապահներից, այլ Արցախի հայությունից:


Եվսեևի խոսքով՝ ամենակարևորն այն է, որ հայ բնակչությունը մնա Արցախում: Զրուցակիցն ընդգծեց, որ Արցախի հայությունը պետք է փորձի ինչ-որ կերպ ադապտացվել հետպատերազմյան նոր և բարդ իրավիճակին ու ամեն գնով մնալ Արցախում, այլապես ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունն այնտեղ անիմաստ կլինի:


«Եթե հայերը շարունակեն ապրել Ղարաբաղում՝ Ռուսաստանը օրինական իրավունք կունենա այնտեղ ներկա լինելու: Բայց եթե հայերը հեռանան այնտեղից, ապա ռուսաստանյան խաղաղապահներն այնտեղ անելու բան չեն ունենա», - նշեց փորձագետը:


Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական զինուժի կողմից օկուպացված տարածքներում հայկական պատմական հետքի և մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման դեպքերի մասին փաստերը պարբերաբար հրապարակվում են առցանց մամուլում, այդ թվում՝ Արցախի իշխանությունների և Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին պատմող war.karabakhrecords.info կայքի կողմից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր