Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

15 հուն 2022 17:35

Անգամ ԱԹՍ–ով դժվար է խոցել. հայ ինժեներների ռոբոտ–զինվորը 4 տարի սպասում է արտադրության

Դեռ 2017-ին ստեղծված ռոբոտ–զինվորի նախատիպում հաշվի են առնված մի շարք խնդիրներ. այն թեթև է ու շարժուն, կարող է երկար շարժվել առանց լիցքավորման ու կառավարվել մեծ տարածությունից, «չի վախենում» ականներից ու անօդաչուներից, ունի հուսալի նշանառության համակարգ։

Հայ ինժեներների ստեղծած ռոբոտ–զինվորը պատրաստ է 2017-ից, բայց դեռևս չի ընդունվել փորձարկումների ու հետագա սերիական արտադրության համար։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ռոբոտի նախագծի համահեղինակ Վահան Իսաջանյանը, «ցամաքային անօդաչուի» գաղափարը ծագել էր դեռ 2000-ականների սկզբին։

Այդ ժամանակ, ավարտելով Պոլիտեխնիկի մեքենաշինության ֆակուլտետը և վերադառնալով բանակից, նա բացել էր ինժեներական ընկերություն, որը սկսել էր պատրաստել հեռակառավարվող կոնստրուկցիաներ, հիմնականում` դարպասներ։ Հետագա տարիներին կատարել է նաև ավելի բարդ պատվերներ, օրինակ` ամերիկյան մի ընկերության համար արտադրական ռոբոտներ է նախագծել և հավաքել արհեստական ադամանդներ տաշելու համար։ Գործի համար նա հավաքել էր ծրագրավորողների, ինժեներների և մեխանիկների թիմ, թեև խոստովանում է` այսօր Հայաստանում մասնագետներ գտնելը հեշտ չէ (ծրագրավորողներ գտնելը գուցե հեշտ է, բայց մյուս երկու ուղղությամբ շատ դժվար է)։
«Տեղական շուկան մեզ պարտադրում էր ոչ միայն արդյունավետ, այլ մաքսիմալ էժան լուծումներ։ Կարծում եմ` այս փորձը կօգնի նաև այստեղ. հատկապես հիմա մեր երկրին պետք են պարզ և ոչ շատ ծախսատար մոդելներ, որոնք հնարավոր կլինի արագ արտադրել տեղում և հեշտ սպասարկել զորամասերում», – ասում է Վահանը։

Իր հիմնական մասնագիտությունից` ճարտարագիտությունից բացի, նա տարիներով ուսումնասիրել է մարտավարության գրքեր, որպեսզի իր ռոբոտներին զինի այն ամենով, ինչը կարող է անհրաժեշտ լինել մարտական պայմաններում։

Պարզության շնորհիվ մոդելը թեթև է ու անգամ հաստ զրահով մնում է արագաշարժ (ինչը բարդացնում է դրա խոցումը), կարող է բավականին երկար ժամանակ անցկացնել առանց լիցքավորման։ Ընդ որում` այն կարող է տեղաշարժվել ոչ միայն հարթ տեղանքով, այլ նաև բարձր թեքության լանջերով, ինչը ևս կարևոր է Հայաստանի տեղանքի պայմաններում։ Անգամ կողաշրջվելու դեպքում կարող է կրկին կանգնել և շարունակել ընթացքը։ Ապահովված է նաև կապի հուսալիությունը, ինչը թույլ է տալիս ռոբոտին կառավարել մեծ տարածությունից։ Ռոբոտի ավելի մանրամասն տեխնիկական բնութագրերը, բնականաբար, չեն հրապարակվում։ Նույն պատճառով մենք նկարել ենք մեքենայի միայն ներքևի մասը, քանի որ մեր հանդիպման պահին այն գտնվում էր բացված վիճակում։

Ռոբոտի ներսում հնարավոր է տեղադրել մեծ քանակի զինամթերք` գնդացրի կամ նռնականետի համար (երկուսն էլ կարելի է տեղադրել մեքենայի պտտվող աշտարակի վրա)։ Այնտեղ տեղադրվում են նաև նշանառության լազերային տվիչներ և քամու ճշգրտիչներ։
Մեքենան թրթուրավոր է, տանկի պես, ընդ որում` թրթուրները պատրաստված են այնպես, որ հնարավորինս քիչ վնասվեն հակահետևակային ականների հարվածային ալիքից։ Լուծված է նաև ռոբոտի ջերմային տեսանելիության խնդիրը (փորձարկումները ցույց են տվել, որ ջերմատեսիլների վրա այն գործնականում տեսանելի չէ)։

Անգամ ԱԹՍ–ներով դժվար է ռոբոտին խոցել, որովհետև օդում և թիրախից ոչ հեռու գտնվող անօդաչուին մոտ 15 վայրկյան է պետք նշանառության և հարվածի համար։ «Իսկ ռոբոտի շարժիչը և ընթացային մասն այնպիսին են, որ մինչ այդ 15 վայրկյանը նա կարող է կանգ առնել, կրակել և նորից շարժվել»,– հավելեց Իսաջանյանը։

Անգամ եթե ռոբոտը խոցվելու փոքր հնարավորություն ունի, ավելի լավ է` թող խոցվի տեխնիկան, քան մեր զինվորները։ Այս միտքը այն շարժիչ ուժն է, որը Վահանին և իր թիմին օգնել է տարիներ շարունակ սեփական միջոցներով ստեղծել փորձնական մոդելներ ի հաշիվ այլ պատվերներից ստացած շահույթի և չընկրկել պետական համակարգի անտարբերությունից։ Սակայն անհատների թիմը կարող է հավաքել մեկ կամ մի քանի, բայց ոչ հարյուրավոր ռոբոտներ, որոնք այսօր անհրաժեշտ են երկրի պաշտպանական կարիքների համար։

Վերջին ամիսներին Վահանը մեքենան ցույց է տվել մի շարք սպաների։ Առաջին իսկ վայրկյաններից շատերն ակամայից նույնն են ասել. «Բա սրանից էն ժամանակ գոնե մի տասը հատ չլիներ...»։

«Սպառազինությունների մրցավազքում մենք չենք կարող հակառակորդին դիմակայել ո՛չ նյութական, ո՛չ մարդկային ռեսուրսներով։ Միայն նոր տեխնոլոգիաներով։ Մենք ուրախ կլինենք, եթե այլ ընկերություն կարողանա ավելի հաջող մոդել ստեղծել, դրանից կշահենք բոլորս։ Ուղղակի մենք ունենք տարիների փորձ և պատրաստի նախատիպ, որում բազմաթիվ խնդիրներ ենք հաշվի առել», – հավելեց նա։
Սպաների, ինչպես նաև կամավորական ջոկատների ներկայացուցիչների հետ առաջիկայում նախատեսված են գործնական քննարկումներ ռոբոտի հնարավոր կատարելագործման համար։

Նշենք, որ Իսաջանյանի և նրա թիմի մոդելը մի քանի անգամ ցուցադրվել էր Բաղրամյանի զորավարժարանում, այդ թվում` ՀԱՊԿ–ի համատեղ վարժանքների ժամանակ։ Բանակի բարձրաստիճան սպաներից մեկը Sputnik Արմենիայի հետ բանավոր զրույցում ասաց, որ նման մեքենաների զորամիավորումները կարող են ընդհուպ մինչև ռազմավարական խնդիրներ լուծել, իսկ անհավասար պայմաններում ռազմական խնդիրներ լուծելու համար ոչ ստանդարտ տեխնոլոգիաներ են պետք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր