Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար          Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»       Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»    

22 հուն 2022 13:05

Եթե Ռուսաստանը որոշի գնալ «վա բանկ», ներխուժի Ուկրաինա, կհայտնվի տնտեսապես աղետալի վիճակում, դրա հետևանքով կտուժի նաև Հայաստանը․ ․ գերմանացի վերլուծաբան

Ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակը լարված է։ Չնայած Մոսկվան հերքում է պատերազմի պատրաստվելու մասին լուրերը, սակայն շարունակում է զորք ու տեխնիկա մոտեցնել Ուկրաինայի հետ սահմանին: Ավելին, ռուսական կողմը վերջին շաբաթների ընթացքում հզորացնում է Կիևի կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքի ռուսամետ անջատականների զինված ստորաբաժանումները: Ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ վերջին բանակցություններն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև էին, որոնց ելքը չի մեղմացրել իրավիճակը։

Factor.am-ը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հավանականության և այդ դեպքում հակամարտությանը Հայաստանին ներգրավելու հնարավորության մասին զրուցել է Ստոկհոլմի Արևելյան Եվրոպայի ուսումնասիությունների կենտրոնի գերմանացի վերլուծաբան Անդրեաս Ումլանդի հետ։

-Պարո՛ն Ումլանդ, իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին լարված է։ Ռուսաստանը պահանջում է, որ Արևմուտքը լքի Ուկրաինան՝ համարելով այն իր ազդեցության գոտին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կանխատեսմամբ՝ Ռուսաստանը կներխուժի Ուկրաինա։ Դուք ի՞նչ կարծիք ունեք դրա վերաբերյալ, արդյո՞ք ռազմական բախում կլինի։

-Կարծում եմ՝ ավելի հավանական է, որ լինի մեծ լարվածություն, ոչ թե ներխուժում Ուկրաինա։ Արդեն ութ տարի է՝ այդ լարվածությունը կա այս հակամարտությունում, բայց հիմա հնարավոր է օդուժի օգտագործում կամ գետնի վրա ռազմական գործողություն։ Այստեղ հարցն այն է, թե ինչպիսի ներխուժում է լինելու։ Սցենարներից մեկն այն է, որ կարող է կրկնվել  2008 թվականի Հարավային Օսիայում և Աբխազիայում պատերազմի ժամանակ Ռուսաստանի վարքագիծը, երբ Մոսկվան ռմբակոծեց մի քանի վրացական քաղաքներ, ռազմական օգնություն ցուցաբերեց Հարավային Օսիային և Աբխազիային, հետո ճանաչեց երկու երկրների անկախությունը։

Մեկ այլ սցենար է տարածքների ընդարձակումը։ Խոսքը վերաբերում է Լուգանսկի և Դոնբասի՝ իր վերահսկողությունից դուրս մնացած մասերը գրավելուն։ Մեկ այլ սցենար է Ռուսաստանի կողմից Հյուսիսային Ղրիմի ջրանցքը գրավելը, որով խմելուջուր է մատակարարվում Ղրիմի բնակիչներին։
 
-Ի՞նչը կարող է կանգնեցնել Ռուսաստանին, որ իրավիճակը չլարի։ Կարո՞ղ են բանակցությունները իրավիճակին լուծում տալ։

-Կարծում եմ՝ լարվածության մեծացում կլինի պարզապես։ Եթե անգամ Բայդենն է այդ մասին խոսում, ուրեմն ինչ-որ բան կլինի։ Ռուսաստանը սադրանքների է դիմում։ Չեմ բացառում նաև, որ Ռուսաստանի կողմից «բլեֆ է» և օրվա վերջում որոշի, որ չի ներխուժում Ուկրաինա։ Եթե Արևմուտքը մեծ զիջումների գնա, հետ կանգնի Վրաստանը և Ուկրաինան ՆԱՏՕ-ի մաս դարձնելուց, կամ եթե Արևմուտքը ճնշի Կիևին, որ ընդունի, այսպես կոչված, Մինսկի պայմանավորվածությունները, այսինքն՝ կատարի Ռուսաստանի որոշ պահանջներ, ապա դրանք ինչ-որ ժամանակի համար բավարար կլինեն Մոսլվայի համար։ Բայց կարծում եմ՝ Արևմուտքը դա չի անի, դա դեմ կլինի նրա սկզբունքներին, կնշանակի ազդեցության կորուստ այդ երկրներում։
 
-Բայց ՆԱՏՕ-ն այս իրավիճակում էլ հայտարարում է, որ Ուկրաինան մոտ ապագայում ՆԱՏՕ-ի անդամ չի լինելու, քանի որ չի կատարել որոշ պարտավորություններ։ Սա Մոսկվան որպես դրական ազդակ է համարել։
 
-ՆԱՏՕ-ն մշտապես է ունեցել այդ դիրքորոշումը, որ Վրաստանը և Ուկրաինան մոտ ապագայում չեն անդամակցելու դաշինքին։ Այդ մասին եվրոպացի քաղաքական գործիչները նոր չեն ասում, դրա մասին մինչ վերջին լարվածությունն էին խոսում։ Պուտինը ցանկանում է, որ ՆԱՏՕ-ն հրաժարվի 2008 թվականի իր հռչակագրից, հայտարարի, որ չի ցանկանում, որ Վրաստանն ու Ուկրաինան անդամակցեն իրեն։ Դա է, որ նա ցանկանում է և չի ստանում։ Այլ հարց է՝ արդյո՞ք ինչ-որ մեկը ՆԱՏՕ-ում կբավարարի նրա ցանկությունը։ Օրինակ, հնարավոր է՝ որոշ ազգային կառավարություններից՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից ազդակներ ստանա, որ կխոչընդոտեն Վրաստանի և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Բայց դա լինելու է արդեն ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը հակադրվել։

-Ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ը, Արևմուտքը հայտարարում են, որ իրենք կոշտ կպատասխանեն Ռուսաստանին, եթե ներխուժի Ուկրաինա։ Օրինակ, Միացյալ Նահանգները խոսում է լուրջ տնտեսական պատժամիջոցների մասին։ Ինչու՞ չձեռնարկել միջոցներ մինչև ներխուժումը՝ կանխելու համար այն։

-Այո՛, եթե Ռուսաստանը չլարի իրավիճակը, պատժամիջոցներ չեն լինի։ Ի վերջո, այդ պատժամիջոցներն ազդում են նաև ամերիկյան տնտեսության վրա, խնդիրներ են ստեղծում եվրոպական ընկերությունների համար։ Պատժամիջոցները խնդիր են բոլորի համար։ Եթե, այնուամենայնիվ, Ուկրաինա ներխուժում լինի, Եվրամիությունն է խնդիրներ ունենալու, որովհետև պատժամիջոցների հարցում պետք է ունենա բոլոր 27 անդամ երկրների համաձայնությունը։
 
-Այս դեպքում, ի՞նչ լծակներ կան Արևմուտքի ձեռքին՝ Ռուսաստանին ճնշելու համար։
 
–Պոտենցիալ լծակները շատ են, քանի որ Ռուսաստանի տնտեսությունը մեծապես կախված է համաշխարհային տնտեսությունից։ Այստեղի որոշ տնտեսական ուղղություններ, ինչպիսին էներգետիկան է, մեծ կախվածություն ունեն արևմտյան, հատկապես՝ եվրոպական շուկաներից։ Տնտեսական պատժամիջոցները հզոր լծակներ են Արևմուտքի համար՝ Ռուսաստանին ճնշելու համար, պարզապես հարցն այն է, թե դրանք որքանով կօգտագործվեն։ Հիմա էլ կան բազմաթիվ տնտեսական պատժամիջոցներ, բայց դրանց ոլորտը սահմանափակ է, դրա հետևանքով էլ արդյունքն էական չէ։ Այդ իսկ պատճառով դեռ մեծ պոտենցիալ է մնացել՝ Ռուսաստանին տնտեսական պատժամիջոցների ենթարկելու համար։
 
–Պարո՛ն Ումլանդ, այս օրերին, երբ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա շատ հավանական է թվում, մտահոգություն կա, որ Հայաստանն էլ կներգրավվի գործընթացներում։ Վերջերս ՀԱՊԿ-ը, որի կազմում նաև Հայաստանն է, խաղաղապահներ ուղարկեց Ղազախստան, որտեղ ներքին անհանգստություններ էին։ Շատերը համարեցին, որ Ռուսաստանի ճնշման արդյունքում է Հայաստանը 100 խաղաղապահ ուղարկել։ Դուք հավանական համարու՞մ եք, որ Ռուսաստանը կփորձի Հայաստանին ևս, գուցե՝ ՀԱՊԿ-ի շրջանակում, ներգրավել Ուկրաինայի հետ իր հակամարտությունում, եթե ռազմական գործողություններ լինեն։
 
–Կարծում եմ, որ նման բան չի անի։ Անգամ Բելառուսը, Ղազախստանը չեն ցանկանա այստեղ Ռուսաստանին միանալ։ Այստեղ ոչ մի պարտավորություն չկա․ ի վերջո, Ռուսաստանը հարձակման չի ենթարկվում, որ Հայաստանն էլ օգնի նրան։ Գուցե, Ռուսաստանը հռետորաբանության մակարդակում պահանջի, որ իրեն աջակցեն։ Եվ այդ դեպքում էլ, կարծում եմ, Հայաստանի ղեկավարության համար դժվար է լինելու աջակցել Ռուսաստանին։ Ամեն դեպքում, կարծում եմ, անգամ Ռուսաստանում են հասկանում, որ չի կարելի այլ երկրներին դիմել՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգնելու համար։ Եթե, այնուամենայնիվ, Ռուսաստանը որոշի գնալ «վա բանկ», ռազմական ներխուժում լինի Ուկրաինա, աշխարհաքաղաքական փոփոխություններն անխուսափելի կլինեն։ Արևմուտքը կիրառելու է իր պատժամիջոցները, իսկ այդ դեպքում Ռուսաստանը տնտեսապես աղետալի իրավիճակում է հայտնվելու, ինչը, իր հերթին, ազդելու է նրանից տնտեսապես կախված երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր