Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

05 փետ 2022 15:10

Տեսանյութ.Արցախի մասին ամենաշատ երգեր ստեղծած Արթուր Գրիգորյանը կյանքից հեռացավ մասնատված Արցախի ցավը սրտում

Արցախի մասին ամենաշատ երգեր ստեղծած կոմպոզիտորը կյանքից հեռացավ մասնատված Արցախի ցավը սրտում: Ամիսներ առաջ Արթուր Գրիգորյանը հասավ այնտեղ նույնիսկ վատառողջ վիճակում, որ տեսներ վիրավոր, բայց չհանձնվող իր Արցախը, ուժ ու հույս տար տեղացիներին… Հասավ ու երգեց. երգեց թոռնիկի հետ…


Նա հաճախ էր լուռ նստում ավտոմեքենայի ղեկին ու ճանապարհ բռնում դեպի Արցախ, այնտեղ գտնում խաղաղություն ու ոգեշնչման նոր մոտիվներ. այդպես էր պատմում. նաև հաճախ լռում ժամերով, որը հետո դառնում էր մեղեդի, այն մեղեդիներից, որոնք դիպչում էին ուղիղ լսողի հոգուն ու արթնացնում այն, ինչը հնարավոր չէ որևէ բառով բացատրել…


2017 թվականին իր երգերի լույս ընծայման օրը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծրագրին ասել էր, որ չի ցանկանում, որ իր հոգուն ծափահարեն:


«Ես այն կոմպոզիտորներից եմ, որ ծափահարության կարիք չունեմ, այդպես է ստացվում, գալիս է մեղեդին, ու ես հաղորդում եմ ձեզ»,- նշել է Արթուր Գրիգորյանը:


Նա Երգի պետական թատրոնի վեց սերնդի դաստիարակեց ու ձևավորեց երաժշտական ճաշակ այնպիսի բարդ ժամանակներում, երբ երկիրը նոր էր ուշքի գալիս պատերազմի հետևանքներից… Նրա աշակերտները դարձան ժամանակակից հայկական էստրադայի ամենապահանջվածներն ու անշլագով դահլիճներում ելույթ ունեցողները:


90-ականների սկզբին նա հեղափոխություն արեց հայկական երգարվեստում` հիմնելով Երգի պետական թատրոնը, դարձավ գեղարվեստական ղեկավարը, նոր գույն ու նոր որակ բերեց նաև եթեր իր «Այո», «777», «Ասուպ», «Կանաչ գոտի», «Տես», «Ընծա» հեռուստանախագծերով, բացահայտեց նոր անուններ: Արթուր Գրիգորյանը դիմացինի մեջ տեսնում էր այն, ինչը քչերը կարող էին նկատել, կամ ընդհանրապես չէին տեսնում:


Նա թողեց հարյուրավոր հոգեթով ստեղծագործություններ, որ պարզ բառերով խոսում էին վեհ գաղափարների մասին։ Չէր առանձնացնում ոչ մի երգ. դրանք բոլորն էլ նրա միսն ու արյունն էին, բայց միայն վերջերս էր խոստովանել, որ իր այցեքարտը, թերևս, «Կորցրած մեղեդին» է։  Այն գրել էր 19 տարեկանում։


Արթուր Գրիգորյանն արժանացել էր ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, Հայաստանի և Արցախ պետական բարձր պարգևներ` Մովսես Խորենացու մեդալ, ԼՂՀ մեդալ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալ»: Արթուր Գրիգորյանն ընդամենը 63 տարեկան էր:


Մանրամասները` տեսանյութում:
tert.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր