«Պանիկա» չստեղծել.Հայաստանի ժողովուրդը 3 տարի այդ ծայրահեղ վիճակում է եղել. Արսենյանը՝ Արցախի մասին

Ճշտեցինք՝ հիմա՞ էլ է Արցախի հարցը իշխանության խնդրի պատճառ՝ Արսենյանը պատասխանեց. «Միա՛յն: Չե՞ք լսում ինչ են ասում»: Դիտարկմանը՝ ձեզ էլ մեղադրում են, որ դուք ձեր օրակարգերով շեղում եք հանրությանը իրական խնդիրներից՝ Արսենյանը հեգնեց, թե՝ ԱԺ-ում, օրինակ, Արգենտինային իր շնորհավորանքով հանրությունը շեղվում է ու ընկնում հոգեխանգարմունքի մե՞ջ. «Մեր կարեւոր ու հիմնական խնդիրն է՝ դուրս գալ կեղծ իրականության շրջանակներից, վերադառնալ առօրյա կյանք, գնահատել մեզ, հասկանալ մեր հնարավորությունները, մեր արժեքները, կեղծ արժեքները թափենք մի կողմ, հասարակությանն ու մատաղ սերնդին առաջարկենք այն, ինչ իրենց կյանքը կարող է դարձնել արդյունավետ ու մրցունակ, իրենց էլ՝ երջանիկ»:
Հիշեցրինք «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի գնահատականը՝ դա «ջայլամային քաղաքականություն» է, ուզում եք ականջները, աչքերը փակեք ու նստեք՝ Գուրգեն Արսենյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Արծվիկ Մինասյանի գիտելիքները թռչնազգիների քաղաքականության իրականացման եւ տեսակների հետ կապված վիճահարույց են, որովհետեւ ինքը կարող է առաջարկեր, ասեր՝ սա պինգվինային քաղաքականություն է»:
Հարցրեցինք՝ Արցախի համար հիմա մի բան արվո՞ւմ է իշխանությունների կողմից՝ լուրջ, գործուն քայլեր, թե՞ մենք ասում ենք՝ դա մեր խնդիրը չի՝ Արսենյանը պատասխանեց. «Արցախի համար ՀՀ իշխանության կողմից արվում է այն ամեն ինչը, ինչը որ մենք հնարավոր ենք համարում անել: Անհնար բան չի արվում, արվում է այն, ինչի գործիքակազմը կա: Պետք է լինել իրատես, որովհետեւ եթե իշխանությունն իրատես չի, դա արկածախնդիրների հավաքական է, որն իր ժողովրդին տանում է փորձանքի: Մենք արկածախնդիրների հավաքական չենք եւ չենք լինելու: Մենք մեր գործունեությամբ առաջնորդվում ենք երկու կարեւոր բանով, առաջինը՝ մի վնասիր եւ երկրորդը՝ արա այն, ինչ կարող ես անել ու քիչ խոսա դրա մասին: Ես ընդդիմությանը քննադատելու որեւէ ցանկություն չունեմ, որովհետեւ իրենք իրենց տարել գցել եմ մի դաշտ, որտեղ մենակ դա կարող են խոսել: Ուրիշ բան չեն կարող խոսել, իրենք են իրենց ոտով գնացել մտել «փղերի գերեզման», մենք չէ: Եթե արդյունավետ ընդդիմություն լիներ, քարը քարին չէր թողնի մեր առօրյա գործունեությունը: Մատը մատին չեն խփում ու շատ շնորհակալ ենք մենք դրա համար, որովհետեւ կարողանում ենք այն օրենքները, որոնց վերաբերյալ արդեն որոշումներ ենք կայացրել, շատ արագ խորհրդարանում դարձնել գործող օրենք: Շնորհակալ ենք դրա համար, իրենք դրա համար պարգեւատրում են ստանում: Որ չեն աշխատում, պարգեւատրումը ստանալու համար պիտի հիմնավորում լինի, չէ՞, դա կարող է լինել խորհրդարանի արդյունավետությունը բարձրացնելու համար պարգեւատրում»:
aravot.am