ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

30 հուն 2023 15:27

Ադրբեջանը, կարծես թե, հաստատակամ է Լեռնային Ղարաբաղի հայերին «խեղդելու» հարցում

Եթե ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, Լեռնային Ղարաբաղի հայերը անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի լսումների ընթացքում:


Նախ մատենավարը ներկայացրեց այն միջանկյալ միջոցները, որոնք ՀՀ կառավարությունը խնդրում է դատարանին կիրառել: Հայաստանը պահանջում է, որ Ադրբեջանը դադարեցնի իր օժանդակությունը, այսպես կոչված, ցույցերին, որոնք խաթարում են Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ տեղաշարժը, երաշխավորի անխափան շարժը և ձեռնպահ մնա ԼՂ բնական գազի և այլ հանրային ծառայությունների մատակարարումը խաթարելուց:


Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր ելույթում նշեց՝ հույս կար, որ խնդրանքում ներառված հարցերը վաղուց պետք է լուծված լինեին ՄԱԿ-ի ԱԽ-ի միջամտությամբ: «Բայց Ադրբեջանը, կարծես թե, հաստատակամ է Լեռնային Ղարաբաղի հայերին «խեղդելու» հարցում: Մեկ հոգի արդեն մահացել է բուժօգնության բացակայության պատճառով: Խանութների դարակները դատարկ են, սնունդը բաշխվում է քարտերով, դեղամիջոցների և բժշկական պարագաների էական պակաս կա…»,-ստեղծված հումանիտար իրավիճակը ներկայացրեց Կիրակոսյանը:


Նա նշեց, որ ի հեճուկս այս մարդասիրական ճգնաժամի՝ Ադրբեջանը փորձում է արդարացնել ու հավերժացնել իր շրջափակումը՝ «բնապահպանական հորինվածքների միջոցով», որին ոչ ոք չի հավատում: Ադրբեջանն այս ամենն անում է՝չնայած 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությանը՝ երաշխավորել քաղաքացիների, ավտոմեքենաների և բեռների ապահով շարժը Լաչինի միջանցքի երկայնքով:


Մեկ ամսից ավելի է, ինչ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրահանգել է Ադրբեջանին բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել՝ երաշխավորելու ծանր հիվանդների անվտանգ շարժը, որոնք Հայաստանում բուժսպասարկման կարիք ունեն: Բայց Ադրբեջանը անտեսել է Ստրասբուրգի դատարանին ևս:


«Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերը անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել: Նախագահ Ալիևը դա հստակ է դարձրել: Նա բացահայտորեն պահանջել է, որ ԼՂ հայերը հեռանան: Նա պնդել է, որ Ադրբեջանի հիմնական պարտքը հայերին «իրենց» հողերից վտարելն է: Նա ասել է, որ ոչ մի հայերեն երգ չի երգվելու, և, որ այսուհետ ադրբեջաներենն է իշխելու այդ հողում»,-ասաց Կիրակոսյանը:


Նա ընդգծեց, որ շրջափակումը, գազամատակարարման և հոսանքի մատակարարման դադարեցումներն արվում են հատուկ՝ հանգեցնելու այդ արդյունքին: Կիրակոսյանը մեջբերեց նաև Ալիևի հետևյալ խոսքերը. «Եթե ինչ-որ մեկը չի ցանկանում մեր քաղաքացին դառնալ, ապա ճանապարհը բաց է, նրանք կարող են հեռանալ, ոչ ոք նրանց չի կանգնեցնի: Նրանք կամ կարող են հեռանալ խաղաղապահների հովանու ներքո կամ ավտոբուսով»:


«Այլ կերպ ասած՝ ծագումով հայերը չեն կարող մուտք գործել Ղարաբաղ, բայց նրանք կարող են դուրս գալ այնտեղից: Այսօրինակ աղաղակող էթնիկ զտման գործողությունները մեր օրերում տեղ չունեն: Եվ այս դատարանը վերջին հույսն է Լեռնային Ղարաբաղի հայերի համար»,-ասաց Կիրակոսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր