Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 23-ին          Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել և իբր ընտրվել է միջինը․ «Հրապարակ»       Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»    

07 փետ 2023 10:33

Ջուր են ծեծում, ինչ-որ հիմար նախագծերի քննարկում, ինչ-որ կամրջի բացում. Թուրքիան ժամանակ է ձգում. որևէ առարկայական քայլ չի արվել. «Փաստ»

Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ոչինչ չի փոխվել: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կրկին կախված է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքից: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայից հնչող հայտարարություններին, որոնց հիմքում կրկին նախապայմաններ են: Նախօրեին Թուրքիայի առևտրի նախարարը նշել էր, որ եթե Երևանի ու Բաքվի միջև քաղաքական կայունություն ձեռք բերվի, սահմանային անցակետեր կբացվեն, ինչի արդյունքում կաշխուժանա երկկողմ առևտուրը:

Թուրքագետն ընդգծեց, որ Հայաստանի հետ սահմանների բացում ամենաշատը ցանկանում են Կարսում, ինչով էլ պայմանավորված է նշված հայտարարությունը. «Նա պարզապես Կարսում է արել այդ հայտարարությունը, իսկ Կարսը Թուրքիայի ամենացածր, միջին եկամուտ ունեցող նահանգներից մեկն է համարվում: Կարսեցիները իրենց բարեկեցությունը Հայաստանի հետ սահմանի բացման հետ են կապում»: Նրա խոսքով, թուրք պաշտոնյան ասել է այն, ինչ ասում է այդ երկրի նախագահը կամ ԱԳ նախարարը:


«Ընդհանուր առմամբ, Թուրքիան ուղղակի ժամանակ է վատնում: Թուրքիան սպասում է՝ մինչև Հայաստանը և Ադրբեջանը կարգավորեն հարաբերությունները, որ նոր անցնի գործնական քայլերի: Այսինքն, մինչ այդ Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ ռեալ բան տեղի ունենալ չի կարող: Իսկ ինչ վերաբերում է մեր քաղաքական գործիչների այն հայտարարություններին, ըստ որոնց, հուսով են, թե առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման Թուրքիան քայլեր կանի, ուղղակի քաղաքական անհեռատեսության, պրոֆեսիոնալիզմի բացակայության, տարածաշրջանը, Թուրքիային չճանաչելու հետևանքն են: Առնվազն պետք է դիտարկել, թե վերջին 25 տարում հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պայմաններում ինչպիսի գործընթացներ են տեղի ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպիսի դիվանագիտական շփումներ են եղել, Թուրքիան ինչպիսի պայմաններ է առաջ քաշել»,-ասաց թուրքագետը՝ շեշտելով այդ գործընթացներում առաջընթացի բացակայության փաստի մասին:

«Մեկ տարի է՝ Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար բանագնացների միջոցով, այսպես ասած, շփում է տեղի ունենում: Այս մեկ տարվա մեջ հարաբերությունների կարգավորմանն ուղղված որևէ առարկայական քայլ չի արվել: Բուն գործընթացը՝ հարաբերությունների կարգավորումը, թողած, Թուրքիան թեմայի շուրջ ջուր ծեծելով է զբաղված: Ինչ-որ հիմար նախագծեր են քննարկում, ինչ-որ կամրջի բացում և այլն: Ժամանակ են ձգում, մինչև Ադրբեջանն ու Հայաստանը հարաբերությունները կարգավորեն: Այս շարքին է դասվում այն հայտարարությունը, թե իբրև «Թուրքիան վերացնում է ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը Հայաստանի հետ»: Ինչ օդային բեռնափոխադրումների մասին է խոսքը այն դեպքում, երբ Թուրքիայից օդային բեռնափոխադրումներ միշտ են եղել: Հայաստանի և Թուրքիայի միջև ավիափոխադրում կա: Թուրքիայից հագուստ բերողներն անհրաժեշտության դեպքում օդանավով են բերել այն, իսկ շինանյութն էլ չեն կարող օդային բեռնափոխադրումների միջոցով բերել, քանի որ թանկ է: Շինանյութն էլ ցամաքային ճանապարհով՝ Վրաստանի միջոցով են բերում: Իրականում «օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելը» մարդկանց աչքին թոզ փչել է նշանակում»,- ասաց նա՝ նկատելով, որ Թուրքիան դրանով Հայաստանի նկատմամբ բարի կամք չի դրսևորել:

«Հայտարարությունների մակարդակով փորձել է կրկին ցույց տալ, թե հօգուտ Հայաստանի ինչ-որ քայլ է արել: Թուրքիան, մեծ հաշվով, վստահելի գործընկեր չէ անգամ իր դաշնակիցների համար, ուր մնաց՝ վստահելի լինի իր հակառակորդի համար: ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ Թուրքիայի հետ խնդիրներ ունեն, Թուրքիան չի կատարում նրանց պահանջները: Ընդամենը մոտ 3 տասնամյակ առաջ օրը ցերեկով նույն Կիպրոսի կեսը զավթել է ու չի վերադարձնում»,նշեց նա: Թուրքիայի գործոնը դիտարկելով այսօր առկա տարածաշրջանային զարգացումների համատեքստում՝ Անդրանիկ Իսպիրյանը շեշտեց. «Ամեն դեպքում, ծանր իրավիճակում ենք: Ամբողջ տարածաշրջանն այս պահին ծայրաստիճան լարված իրավիճակում է, ինչպես ասում են՝ պատերազմից հինգ է պակաս: Կարծում եմ՝ որոշակի շրջանակներում լայնախոհությունն առաջնահերթ կլինի, և լարվածությունն ավելի չի մեծանա: Ինչ վերաբերում է բուն Թուրքիային, ապա, տեսնելով Լաչինի միջանցքի հետ կապված Թուրքիայի ադրբեջանամետ, Ադրբեջանին աջակցող հայտարարությունները, այս պահի դրությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում որևէ դրական հանգամանք արձանագրել չենք կարող»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր