Էսկալացիայի հավանականությունը բավականին բարձր է․Ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքին

«Ինչ-որ հարցեր կան, որ անմիջականորեն Արցախի իշխանություններն են խոսում, դրանք, մասնավորապես, ԼՂ-ին վերաբերող հարցերն են։ Պայմանագրերի առաջարկները փոխանակվում են տարբեր խողովակներով, հիմնական ճանապարհը ռուսական կողմն է։
Բանակցությունների հիմնական դերակատարը շարունակում է մնալ Ռուսաստանը, բայց կան նաև նախաձեռնություններ ԱՄՆ-ի կողմից, որոնք բավականին ակտիվ են, ինչպես նաև՝ Ֆրանսիայի կողմից», — ասաց Սիմոնյանը։
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե ՀՀ իշխանությունների խղճին են թողնում ԼՂ ճակատագիրը երրորդ երկրների պատասխանատվությանը թողնելու փորձերը, նշեց.
«Ռուսական առաջարկները, որ մինչ օրս եղել են, մեր կողմից ընդունվել են, և խնդիրը եղել է ադրբեջանական կողմի անհամաձայնության մեջ։ Կարծում եմ՝ ՌԴ ԱԳՆ-ն պետք է ավելի ուշադիր լինի ադրբեջանական կողմի արձագանքին, որովհետև ՀՀ-ն մշտապես՝ 99% դեպքերում, ռուսական առաջարկներին իր համաձայնությունը տվել է։ Ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքին»։
ԱԺ նախագահը նաև նշեց, որ ՌԴ-ն ինքն է ստորագրել այդ փաստաթուղթը (Արցախի անվտանգությունը երաշխավորելու- խմբ.) և ստանձնել այդ պարտավորությունները։ Ալեն Սիմոնյանը հիշեցրեց նաև, որ Ադրբեջանը մինչև հիմա չի հաստատել ռուս խաղաղապահների մանդատը։
«Այդ կուտակումների մասին խոսելը, տարածքներ ասելը բավական անշնորհակալ գործ է, կարող եմ ասել միայն, որ, այո՛, վտանգը միշտ կա, մասնավորապես՝ վերջերս, երբ մենք համադրում ենք հայտարարությունները, գործողությունները և այն խոսույթը, որ կա ադրբեջանական մամուլում և որով փորձագետները հանդես են գալիս, դրանով տեսնում ենք, որ էսկալացիայի հավանականությունը բավականին բարձր է ։
Էսկալացիա կլինի, թե չի լինի, դրա մասին որևիցե բան որևիցե մեկը չի կարող ասել, մենք գտնվում ենք մեր հնարավորությունների շրջանակում միշտ պատրաստ վիճակում»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին կուտակումներին և էսկալացիայի ռիսկին։