Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ    

09 հոկ 2023 17:11

Ադրբեջանը կեղծ քարտեզներ է ներկայացնում․Եթե Ադրբեջանին վերադարձվեն անկլավները, ապա միջանցքի պահանջ է դրվելու

2021 թվականից Ադրբեջանի զորքերը գրավել են Հայաստանի տարածքից 200 կմ2 եւ չեն հեռացել մինչեւ հիմա․ նրանք մինչեւ այդ տարածքներից չհեռանան, Ալիեւի այն ասածը, որ համաձայն է տարածքային ամբողջականությունը ճանաչել, միտքը չի տալիս։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, հրավիրված ասուլիսին ասաց աշխարհագրագետ եւ քարտեզագետ Ռուբեն Գալչյանը։

«Իրենք կեղծ քարտեզներով են առաջնորդվում, վերցրել են քարտեզ, որում Սեւ լիճն ու Իշխանասարն են վերցրել։ Այս կեղծված սահմանները նրանք բաժանել են իրենց զինվորներին, սահմանապահներին, ասելով, սա է մեր սահմանը։ Ադրբեջանը պետք է այս կեղծ քարտեզները հավաքի, եւ վերադարձնի Խորհրդային շտաբի այն քարտեզները, որոնք իրենք վավերացրել էին։ Ադրբեջանն այդ տարածքները վավերացրել է իր ստորագրությունով 1991 թվականին՝ որպես Հայաստանի ինքնավար տարածք, բայց այսօր կանգնած է Սեւ լճի տարածքում եւ դուրս չի գալիս։ Եթե Ադրբեջանն այդ տարածքներից դուրս չի գալիս, ինչպե՞ս կարող են բանակցություններ անել»,- նշեց քարտեզագետը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից անկլավների մասին պահանջներին, Գալչյանն ասաց․ ««Անկլավ» կոչեցյալը երկրի տարածք է, որը գտնվում է հարեւան երկրի մեջ։ Ադրբեջանի Հանրապետությունը իր անկախության ակտի երրորդ հոդվածի մեջ ասում է, որ մենք ժառանգն ենք 1918-20 թթ Ադրբեջանի, 1918-20թթ անկլավ գոյություն չուներ Հայաստանի  եւ Ադրբեջանի մեջ։ Այդ ժամանակ նույնիսկ Ադրբեջանի հսկողության տակ չէր Նախիջեւանը։ 1926 թվականի պաշտոնական քարտեզի մեջ ոչ մի անկլավ գոյություն չունի։  1932 թվականի Խորհրդային Հայաստանի քարտեզում ոչ մի անկլավ գոյություն չունի։ 1940 թվականին ադրբեջանական 3 անկլավ կա՝ Ասկիպար, Բարխուդարլու, Տիգրանաշեն, իսկ Հայաստանն ունի 1 անկլավ՝ Արծվաշեն։ Այս անկավները գծագրվել են քարտեզի վրա, բայց մինչեւ հիմա ոչ ոք փաստաթուղթ չունի, որեւէ գրավոր հիմք չկա՝ ինչպես է սա տրվել Ադրբեջանին»։

Քարտեզագետը շեշտեց, որ արխիվներում ոչ մի փաստաթուղթ գոյություն չունի, որ այդ անկլավները տրվել են Ադրբեջանին։

Գալչյանը ներկայացրեց Ադրբեջանի 2014 թվականի ատլասը, ըստ որի, Հայաստանում գտնվող իր անկլավները նշված են, իսկ իր մոտ եղած՝ Արծվաշենը չի նշում քարտեզում։

«Եթե այդ 3 անկլավները տրվեն Ադրբեջանին, այդ անկլավներից միայն մեկը ունի ճանապարհ դեպի Ադրբեջան, մյուս երկուսը չունեն, Ադրբեջանը վաղն ասելու է՝ միջանցք ենք պահանջում, որ միանանք մեր անկլավին, այսինքն՝ Հայաստանի տարածքից միջանցք են ուզելու։ Վերջին 50-60 տարիների մեջ անկլավներին վերաբերող խնդիր չի եղել։ Անկլավները գոյություն ունեին, բայց ազատ էր, երկկողմանի գնալ-գալ  կար, իսկ հիմա, երբ չկա Խորհրդային միությունը եւ երկու տարբեր երկրների են պատկանում, որոնք ռազմական վիճակ ունեն, ապա խնդիրը փոխվում ու լրջանում է։ Եթե Հայաստանից անկլավներ տրվի Ադրբեջանին, Հայաստանը կարող է իր շուրջ փշալար քաշել, եւ ասել՝ ձերն է, բայց ինչպե՞ս եք գալու, մենք ձեզ իրավունք չենք տալիս մտնել մեր սահման, ինչպես դուք թույլ չեք տալիս, որ մենք մտնենք ձեր սահման։ Դրա համար մի քիչ խիզախություն է պետք, որ կարողանան դա պարտադրել թշնամուն։ 3 անկլավի մասին գիտենք, մյուս մի քանիսը գյուղեր են։ 1926-30թթ Հայաստանին են տրվել ադրբեջանական հողեր, դրանք մի քանի գյուղ են։ Այդ նույն ընթացքում Հայաստանից 1200կմ2 տարածք նվիրվել է Ադրբեջանին»։

Ռուբեն Գալչյանը ներկայացրեց նաեւ պատմությունը, ըստ որի պետք է Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ տարածքների պահանջներ ունենա․ «Ադրբեջանը ծրագրել էր հիմնել Կարմիր Քրդստան գավառ, ուր պետք է հավաքվեին քուրդերը՝ ոչխարներով, քանի որ լեռնային է տարածքը, արոտավայր քիչ ունի, որոշվեց Կովկասյան դաշնությունում, որ Հայաստանից դաշտեր տրվեն Ադրբեջանին, որ քուրդերը կարողանան օգտագործել։ 1932 թվականին Ադրբեջանը որոշեց չեղարկել այդ ծրագիրը եւ օրենքով պետք է այդ հողերը վերադարձվեին տիրոջը, բայց ոչ, պահեցին իրենց։ Այդ ընթացքում մի քանի գյուղեր տվել են Հայաստանին, իսկ 1200 կմ2 տվել են Ադրբեջանին։ Արխիվներում կան նամակները գյուղացիներից, այդ ժամանակ երբ նրանք բողոքել էին դաշնությանը, թե ինչու են իրենց արոտավայրերը տրվում Ադրբեջանին։ Այնպես է, ուշացած չէ, մեր պահանջը հիմա էլ կարող ենք ներկայացնել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր