Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

09 նոյ 2023 13:01

Վերջին ամիսներին Փաշինյանը հաճախ է դառնում ռուսական քարոզչության թիրախ, և չնայած Մոսկվային և ՀԱՊԿ-ին ուղղված իր քննադատությանը, զուսպ մոտեցում է ցուցաբերում, երբ խոսքը վերաբերվել է անվտանգությանը

Ամերիկյան eurasianet.org հրատարակությունը գրում է, որ Հայաստանը հույսը դնում է Արևմուտքի վրա, որը կօգնի հաղթահարել Լեռնային Ղարաբաղից փախստականների հոսքը: Մինչդեռ Ռուսաստանի հետ նրա հարաբերությունները շարունակում են վատթարանալ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել էր, որ «ոչ մի առավելություն» չի տեսնում Հայաստանում ռուսական զորքերի ներկայության մեջ։ Բայց նույն հարցազրույցում նա նաև բացառել է Մոսկվայի գլխավորած ՀԱՊԿ-ից վաղաժամկետ դուրս գալը: Այսինքն չնայած Մոսկվային և ՀԱՊԿ-ին ուղղված իր քննադատությանը, Փաշինյանը զուսպ մոտեցում է ցուցաբերում, երբ խոսքը վերաբերվել է անվտանգության այդ երկու դաշնակիցների դեմ իրական քայլեր ձեռնարկելուն։

Ներկայումս Հայաստանում տեղակայված է մոտ 10 հազար ռուս զինվորական, այդ թվում մոտ 5 հազարը Թուրքիայի հետ սահմանամերձ Գյումրի քաղաքի 102-րդ ռուսական ռազմաբազայում, իսկ մնացածը «Զվարթնոց», «Էրեբունի» օդանավակայաններում և երկրի հարավային ու արևելյան շրջաններում՝ Ադրբեջանի հետ սահմանի տարբեր կետերում, իսկ ռուս սահմանապահները հսկում են Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանը։ Բացի այդ, 2020 թվականի Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո երկու հազար ռուս խաղաղապահներ են տեղակայվել Լեռնային Ղարաբաղում։ Այս տարվա հոկտեմբերին այն բանից հետո, երբ այդ տարածքն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, և նրա ողջ էթնիկ հայ բնակչությունը փախավ, Փաշինյանը հայտարարեց, որ եթե խաղաղապահները լքեն Ղարաբաղը, նրանց թույլ չեն տա մտնել Հայաստան։

Միևնույն ժամանակ Փաշինյանը դարձել է հոկտեմբերի 23-ին ռուսական պետական ​​հեռուստատեսությամբ հեռարձակված հաղորդման գլխավոր հերոսը, որում հնչել են բազմաթիվ հեշտությամբ հերքելի ստեր։ ՀՀ ԱԳՆ-ն այդ առիթով բողոքի նոտա է հղել Ռուսաստանին և կանչել դեսպան Սերգեյ Կոպրիկինին ծրագրում տեղ գտած հակահայկական հայտարարությունների և վարչապետի հասցեին հնչած վիրավորանքների կապակցությամբ։

Իսկ ընդհանրապես վերջին ամիսներին Փաշինյանը հաճախ է դառնում ռուսական քարոզչության թիրախ։ Հոկտեմբերին անանուն բարձրաստիճան պաշտոնյան ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել էր, որ Փաշինյանը ընդօրինակում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և փորձում է Հայաստանը վերածել «մեկ այլ Ուկրաինայի»: Նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, այժմ Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը, սոցցանցերում քննադատել է Փաշինյանին։ Նա մեղադրել է նրան Արևմուտքի հետ «սիրախաղի» մեջ և հեգնանքով ասել. «Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում»։ Ռուսական պետական ​​լրատվամիջոցները պարբերաբար խոսում են Հայաստանում իշխափոխության անհրաժեշտության մասին։ Եվ Փաշինյանը բազմիցս ընդգծել է, որ նման կոչերը հակասում են երկու երկրների դաշնակցային հարաբերությունների սկզբունքներին։

Ռուսական հեռուստատեսությամբ Փաշինյանի մասին վերջին հաղորդումից հետո Հայաստանում սկսել են հնչել ռուսական ալիքների հեռարձակումն արգելելու կոչեր։ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ասել է, որ դրա մասին վաղուց է խոսվում, սակայն նման քայլին խոչընդոտում են «քաղաքական նկատառումները»։ Ի պատասխան այդ ամենի Ռուսաստանում  Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարն է կանչվել ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան «մատնանշել են անընդունելի, անսանձ հակառուսական արշավը», որը, ըստ Մոսկվայի, իրականացվում է պաշտոնական Երևանի թելադրանքով։

Բացի այդ, Ռուսաստանի Պետդուման որոշել է հետաձգել «Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականները Ռուսաստանում ճանաչելու մասին» օրինագծի քննարկումը, այդ օրենքի ընդունումը կապելով Հայաստանում ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման խնդրի հետ։

«Մենք նման որոշումներ ենք կայացրել Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ կապված, քանի որ ռուսաց լեզուն այնտեղ սահմանադրորեն ամրագրված է», - ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ Մինչդեռ Հայաստանում հանրային քննարկում չի եղել ռուսաց լեզվին նման կարգավիճակ տալու մասին, թեև Հայաստանի հանրակրթական դպրոցներում, և՛ ռուսերենը, և՛ անգլերենը պարտադիր առարկաներ են։

Wall Street Journal-ին տված հարցազրույցում Փաշինյանը նաև ասել է, որ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի հանդեպ իրենց պարտավորությունները չկատարելն է դրդել Երևանին ձգտել «դիվերսիֆիկացնել իր անվտանգության հարաբերությունները»։


Եվ իրոք, Հնդկաստանն արդեն սկսել է զենք վաճառել Հայաստանին, և մոտ ապագայում սպասվում է զինամթերքի հերթական մատակարարումը։ Ֆրանսիան համաձայնել է պաշտպանական զենք վաճառել Հայաստանին, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր։

Հայաստանը զգալի օգնություն է ստանում Արևմուտքից, որպեսզի հաղթահարի Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտահոսքի հետևանքով առաջացած ճգնաժամը: Մի շարք արևմտյան երկրներ և ԵՄ-ն արդեն միլիոնավոր դոլարներ են ուղարկել տեղահանվածների կարիքները հոգալու համար։

Մոսկվայի հետ լարվածության պայմաններում Երևանը, կարծես թե ցանկանում է ավարտին հասցնել Եվրամիության միջնորդությամբ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները միաժամանակ մերժելով Մոսկվայի միջնորդությամբ կայանալիք հանդիպումները: Մինչդեռ Բաքուն հակադիր վարքագիծ է ցույց տալիս մերժելով ԵՄ նախաձեռնած մի քանի բարձր մակարդակի հանդիպումները։

Հայաստանի և Ռուսաստանի միջև խոսքի մակարդակում պատերազմը շարունակվում է և հայ պաշտոնյաները քննադատում են Ռուսաստանի անգործությունը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում սրացումների ժամանակ: Իսկ Հայաստանի որոշումը վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, որով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու հրաման է տրվել, ավելի է լարել այդ երկու դաշնակիցների միջև հարաբերությունները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր