Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

30 նոյ 2023 17:52

Ինչպես չի կարելի մտնել եկեղեցի

Ինչպիսի՞ հագուկապով մտնել եկեղեցի, ինչպիսի՞ վարքագիծ դրսևորել եկեղեցում, ինչպե՞ս աստվածահաճո լինել, այս և այլ կարևոր հարցերի շուրջ մեր զրույցը Արարատյան Հայրապետական թեմի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Աննա եկեղեցիների խորհրդակատար Տեր Արսեն քահանա Սարոյանի հետ:

-Որո՞նք են այն պարզ կանոնները, որ պետք է իմանա յուաքանչույր հավատացյալ
-Այդ կանոնները շատ չեն։ Պետք է պատշաճ հագուկապով, և՛ պահվածքովմտնենք եկեղեցի: Պետք է կարողանանք եկեղեցի գալ պատշաճ զգեստով, որովհետև, եթե որևէ մեկը, հատկապես կանայք և աղջիկները, ոչ պատշաճ հագուստով են մտնում եկեղեցի, իրենք կարող են եկեղեցում գտնվողների համար գայթակղության առիթ դառնալ:
Կանայք և աղջիկները եկեղեցի պետք է մտնեն գլխաշորով ծածկված, որը իրենց խոնարհության նշանն է Աստծո առաջ, և այդ մասին առաքյալն է խոսում. «Կանայք պետք է հնազանդ լինեն իրենց ամուսիններին և իրենց ամուսինների հնազանդության մեջ հնազանդություն դրսևորեն նաև Քրիստոսին»: Հետևաբար, յուրաքանչյուր կին կամ աղջիկ, որը եկեղեցի է գալիս, պետք է կարողանա այդ հնազանդությունը դրսևորել իր հագուկապի մեջ՝ չմոռանալով գլուխը ծածկել:
Նույնը տղամարդկանց պարագայում: Նրանց ևս հագուկապը պետք է պատշաճեցվի, որովհետև նրանք հանգստի չեն գնում, այլ գնում են եկեղեցի Աստծուն հանդիպելու: Ցավոք սրտի՝ կա մի ուրիշ երևույթ, երբ մարդիկ գալիս են եկեղեցի և այնտեղ սկսում հեռախոսով գրագրություններ անել, խոսել: Պետք է մենք ընկալում ունենանք, որ այնպես, ինչպես մենք ենք այցելել եկեղեցի՝ Աստծո առաջ ներկայանալու, Աստծո հետ խոսելու մեր աղոթքի միջոցով և նրան մեր խնդրանքները ներկայացնելու, նույնպես և մեր կողքին գտնվող մարդիկ են եկել նույն նպատակով: Մեր ոչ ճիշտ պահվածքը, այդ թվում՝ հեռախոսով խոսելը, նամակագրությունը, նկարելը կարող է մարդկանց շեղել, կտրել իրենց աղոթքից: Մենք այդ պահին գայթակղության առիթ և պատճառ ենք դառնում:

-Եկեղեցում մաստակ ծամելը, ոտքը ոտքին գցելը, ձեռքերը մեջքի հետևում պահելը նույնպես չի խրախուսվում, կասեք ինչո՞ւ:
-Տեսեք, երբ մենք գնում ենք պաշտոնական հանդիպման, մեր հագուկապը պատշաճեցնում ենք: Հանդիպման ժամանակ կարողանում ենք դիմացինի հետ շփման մեջ ունենալ այդ չափավորությունը: Իսկ եկեղեցում պետք է գիտակցել, որ հանդիպում ենք տիեզերքի Արարչին։

-Իսկ որքանո՞վ է հայ հասարակությունը ծանոթ եկեղեցու այս կանոններին:
-Գրեթե բոլոր եկեղեցիներում ցուցանակ կա փակցված, թե ինչպես կարելի է եկեղեցի մտնել և ինչ վարքագիծ դրսևորել: Իմ համոզումն այն է, որ հատկապես այսօրվա՝  այս ինֆորմացիայի արագ հասանելիության ժամանակաշրջանում, յուրաքանչյուր մարդ տեղեկացված է ամեն ինչից: Եթե մենք ցանկանում ենք որևէ բան իմանալ, տեղեկանալ, այդ գիտելիքը ստանալու համար կա լայն հնարավորություն: Այլ բան է, թե մարդը որքանով է ցանկանում այդ ամեն ինչից տեղեկացված լինել և գործադրել իր գիտելիքները: Կարևոր է, որ նա իր ունեցած գիտելիքների պաշարը հավատքի մեջ կյանքի կոչի և դարձնի այդ կյանքի մի մասը: 

-Այս եկեղեցում կա մի սովորույթ. Կտոր են տալիս այն մարդկանց, որոնք ոտքերը բաց են մտնում եկեղեցի, որպեսզի ծածկեն: Մարդիկ ինչպե՞ս են արձագանքում:
-2017 թվականից ի վեր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի նախաձեռությամբ այս եկեղեցի մի սովորույթ է մտել. մենք ունենք հատուկ զգեստներ, որոնք տալիս ենք նրանց, ովքեր ոտքերը բաց (տղամարդ թե կին) գալիս են եկեղեցի: Երբ իրենք մտնում են եկեղեցի, մեր ծառայող դպիրները կամ սարկավագները մոտենում են և առաջարկում այդ կտորները: Այդպես գոնե պատշաճ կերպով կմտնեն եկեղեցի: Մարդկանց մեծ մասն ընդունում է սա, իսկ որոշ օտար ազգի ներկայացուցիչներ լռելյայն դուրս են գալիս եկեղեցուց:

-Շատ հաճախ ենք ականատես լինում, երբ մարդիկ, հատկապես հարսանիքների ժամանակ, եկեղեցուն ոչ հարիր հագուստով են: Արդյոք եկեղեցին ընդունո՞ւմ է այն:
-Միանշանակ՝ ոչ, ընդունելի չէ: Գիտե՞ք, այս հագուկապի հետևանքը և պատճառը որն է: Մարդիկ ոչ թե պսակի խորհրդի ժամանակ գալիս են եկեղեցի խոր հավատքով և գիտակցումով, այլ իրենց համար այդ արարողությունը պարզապես մի մե՜ծ սովորույթ է․ գալիս են գեղեցիկ լուսանկարներ ունենալու համար: Միայն հագուստի պատշաճությունը չէ: Երբեմն լինում են այնպիսի մարդիկ, որոնց ստիպված ենք լինում դիտողություններ անել իրենց պահելաձևի համար: Մարդիկ, իբրև պսակվողների ազգական, ընկեր կամ մտերիմ, ոչ թե պետք է ցուցադրեն իրենց հագուկապը, այլ աղոթեն այդ ընտանիքի երջանկության, բարօրության համար, իրենց աղոթքը խառնեն հոգևոր դասի աղոթքին, որպեսզի Աստված օրհնի այդ միությունը, Իր սիրո և օրհնության մեջ պահի: 

-Ինչո՞ւ է համեստությունը կարևոր հագուկապի ու հարդարանքի վերաբերյալ ճիշտ որոշում կայացնելու համար:
-Մեր կենցաղը մեր հավատքի արտահայտությունն է: Հավատում ենք, որ այս կյանքում այն ամենը, ինչը տրված է մեզ, պետք է օգտագործենք մեր հոգու փրկության համար: Տեր Հիսուս Քրիստոս շատ լավ օրինակ է բերում. «Նայե՛ք շուշաններին, որոնք այսօր կան և վաղը պետք է չորանան, հնոցը նետվեն, և նայե՛ք թռչուններին, որոնք հոգ չեն տանում ո՛չ ուտելու, ո՛չ հնձելու, ո՛չ հավաքելու մասին», բայց Աստված երբեք նրանց չի թողնում: Ասում է. «Մա՛րդ, դու առավել ես, քան այդ թռչունը կամ հանդի խոտը: Հոգացե՛ք ձեր այսօրվա հոգսը, և վաղվա օրը կհոգա իր մասին: Եվ ո՞րն է այսօրվա մեր հոգսերի հոգսը․ մեր հոգու փրկությունը: Եթե մենք այս գիտակցումն ունենք և մեր կյանքն ապրում ենք Աստծո կամքի համաձայն, անում ամեն ինչ մեր հոգու փրկությանն արժանանալու համար, ուրեմն օժտված կլինենք այն առաքիննություններից մեկով, որը կոչվում է խոնարհություն: Եթե մենք ունենք իրական, ճշմարիտ խոնարհություն, ապա դա պետք է միշտ արտահայտվի մեր առօրյա կենցաղում՝ հագուկապի, նիստուկացի, կենցաղավարության  բոլոր ոլորտներում:
Զրուցեց՝ Լիա Սարգսյանը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր