Լավատեսը վստահ է, որ դժվարությունը հաղթահարելի է, վատատեսը սպասում է անհաջողության
Լավատեսության
և վատատեսության հոգեբանության իմացությունն արդիական է: Եվ լավատեսությունը, և վատատեսությունը
դրսևորվում են մարդու կենսագործունեության տարբեր ոլորտներում, ազդեցություն ունենում
մարդու առողջության և բարեկեցության սուբյեկտիվ մակարդակի վրա: 18-րդ դարում Լեյբնիցը
լավատեսությունը բնորոշում է որպես «բարին հաղթում է չարին», ավելի ուշ Շոպենհաուերը
վատատեսությունը սահմանում է` տառապանքը գերակշռում է երջանկությանը:
Լավատեսության և վատատեսության ֆենոմենը միշտ է հետաքրքրել,
սակայն վերջին ժամանակներս ավելի բուռն է ուսումնասիրվում, հատկապես ամերիկյան հոգեբանության
մեջ: Լավատեսի և վատատեսի
հայտնի
օրինակ է մարդու դատողությունը բաժակի
մասին. Լավատեսի համար այն կիսով չափ լիքն է, վատատեսի համար` կիսով չափ դատարկ:
Լավատեսության և վատատեսության ուսումնասիրությունները
զուտ տեսական հետաքրքրություն չեն վայելում, այլ խորապես կապված են առողջության, հոգեբանության
և սթրեսի հոգեբանության հետ: Պարզվում է` լավատեսությունը նպաստում է սթրեսի ցածր մակարդակին,
նվազեցնում է դեպրեսիայի ցուցանիշը, օգնում է կյանքի դժվարությունների հաղթահարմանը,
ապահովում է առողջության բարձր ցուցանիշ: Հետևաբար, լավատեսության զարգացումը հնարավորություն
է տալիս կանխել դիսթրեսը, դեպրեսիան, նպաստում է մոտիվացիային, պոզիտիվ մտածողությանը,
սթրեսների հաղթահարմանը: Ասում են` լավատեսը վստահ է, որ դժվարությունը հաղթահարելի
է, վատատեսը սպասում
է անհաջողության: Այս մեխանիզմը
օգնում է հասկանալ սթրեսի հաղթահարման
միջոցները:
Ըստ Սելիգմանի` լավատեսությունը
մտածողության ոճ է, որի դեպքում անհաջողությունները պատահական են և ոչ մշտական ժամանակի
առումով, լավ իրադրությունները` օրինաչափ և բնական: Իսկ վատատեսության դեպքում անհաջողությունը
սովորական է, լավ իրադրությունները` պատահական:
Նշենք նաև, որ Հեյդեգերն առանձնացնում է երկու պոտենցիալ հնարավորություն` սպասում, որ լավ դեպքեր
կլինեն, ինչը բնորոշ է լավատեսին, և սպասում, որ վատ բան է լինելու, որն էլ բնութագրական
է վատատեսին:
ԵՂԵՔ ԼԱՎԱՏԵՍ. լավատեսը կենսուրախ է լինում, բարձր աշխատունակություն
և լավ տրամադրություն է ունենում, էներգիայով լի է, հաստատում է, որ աշխարհը հրաշալի
է, յուրաքանչյուր իրավիճակից ելք կա, գրավում է մարդկանց, արդյունավետորեն հաղթահարում
է սթրեսը, պահպանում առողջությունը:
Սթրեսի և Ցավի կառավարման կենտրոնի
ղեկավար
հ.գ.թ. Սոնա Հարությունյան