Նաիրիտցիները նախազգուշական քայլով ավարտեցին ցույցը․ Տեսանյութ
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Նաիրիտի նախկին աշխատակիցները կրկին
Կառավարության դիմաց էին՝ իրենց անփոփոխ՝ Նաիրիտի վերագործարկման պահանջով։ Նաիրիտցիները
հայտնեցին, որ պատրաստվում են կտրուկ քայլերի՝ իրենց ձայնը առավել հասանելի դարձնելու
համար։ Սակայն կտրուկ քայլեր այդպես էլ տեղի չունեցան՝ կապված նաիրիտցիների սակավաթիվ
լինելու հանգամանքի հետ։ Այնուամենայնիվ, նաիրիտցիները երթով պտույտ կատարեցին Հանրապետության
հրապարակի շուրջը, և վերադառնալու ճանապարհին նախազգուշական ակցիայով շուրջ մեկ րոպե
փորձեցին փակել Տիգրան Մեծ պողոտայի երթևեկելի հատվածը։
Նաիրիտցիների խոսքերով՝ նրանց վրդովվեցրել է վարչապետ Կարեն
Կարապետյանի՝ վերջին օրերին պարբերաբար հնչեցվող արտահայտություններն այն մասին, որ
Նաիրիտում ներդրումային առաջարկներով հանդես եկող Եվրոպական հոլդինգը երբևէ չի ներկայացրել
որևէ իրատեսական ծրագիր, հետևաբար՝ համագործակցության մասին խոսելն անիմաստ է դառնում։
Hayacq.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 25-ին Կառավարությանն է ուղարկվել Նաիրիտ
գործարանի մասնագետների կողմից 2015թ․ կազմված «Նաիրիտ գործարանի վիճակի գնահատման
և վերագործարկման ու կայուն զարգացման հնարավորությունների մասին» ծրագիրը, որը նախկինում՝
2015 թվականի դեկտեմբերին, արդեն ներկայացված
է եղել Կառավարություն։ Վերջինիս կողմից ստանալով հավանություն՝ ծրագիրն այնուհետև
ուղարկվել է Ազգային Ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին։
Հենց այդ ծրագրով էլ, ըստ նաիրիտցիների, Հոլդինգը
պատրաստվում է առաջնորդվել Նաիրիտի վերագործարկման աշխատանքներում։ Այդքանից հետո,
սակայն, երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ քառօրյա հերթական նիստի ժամանակ Կառավարությանն
ուղղված հարց ու պատասխանի ժամանակ, վարչապետը, պատասխանելով ՀՎԿ խմբակցության պատգամավոր
Մհեր Շահգելդյանի հարցին, թե ինչպիսին է Կառավարության դիրքորոշումը ներկայացված վերոնշյալ
ծրագրի վերաբերյալ, վարչապետը հայտարարեց, որ 2015 թվականի այդ ծրագիրը արդիական չէ։
Այս հայտարարությունը վրդովվեցրել էր Նաիրիտի նախկին աշխատակիցներին։
Նրանք ցանկանում են հասկանալ, թե ինչո՞ւ չեն հիմնավորում մեժումը կամ նշում, թե ծրագրի
որ կետերն են թերի և ունեն լրամշակման կարիք։ Կամ, թե ինչո՞ւ չեն հրավիրում մասնագետներ
և ծրագրի առաջարկողների հետ քննարկում, ներկայացնում սեփական պայմանները։ Նաիրիտցիների
խոսքերով՝ Նաիրիտի մասնագետների կողմից կազմված և Նաիրիտի ղեկավարության կողմից հաստատված
ծրագրի մասին հայտարարել, որ անարդյունավետ է՝ չլինելով ոլորտի մասնագետ, չխորհրդակցելով
գործարանի մասնագետների հետ, ցույց է տալիս Կառավարության բացասական և չհուսադրող դիրքորոշումը
Նաիրիտի վերագործարկման հարցում։
Իսկ թե ինչպիսին է իրականում իշխանությունների վերաբերմունքը
երբեմնի հսկայի վերագործարկման հարցում, ինչ խոսք, շատ աղոտ է և անհասկանալի։
Մանրամասները՝ Hayacq.com-ի տեսանյութում։