Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

14 ապր 2017 19:52

Նաիրիտցիները պահանջում են դատավորի ինքնաբացարկը․ Տեսանյութ

Նաիրիտցիները պահանջում են դատավորի ինքնաբացարկը․ ՏեսանյութՇենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթացավ Նաիրիտ գործարանի նախկին 18 աշխատակիցների՝ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի հետ կնքած պահանջի իրավունքի զիջման պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու մասին հերթական դատական նիստը:  
 
Անդրադառնալով հայցադիմումին՝ նաիրիտցիների դատապաշտպան Տիգրան Սարգսյանը նշեց․ «Հայցադիմումի մեջ ներկայացվող հիմքերի մեջ գերակշռում է այն, որ նաիրիտցիները, ստորագրելով փաստաթուղթը, լիարժեք չեն գիտակցել դրա բովանդակությունը, էությունը, այսինքն՝ պայմանագրում կան հանգամանքներ, որոնք ամբողջովին բացահայտված չեն եղել»։
Նա նաև հավելեց, որ կատարվում են հայցադիմումի հետ կապված որոշ լրացումներ, մասնավորապես՝ ներկայացվում են լրացուցիչ հիմքեր՝ հաշվի առնելով օրենսդրությամբ նախատեսված ստրկացուցիչ գործարքի պայմանները։ Ստրկացուցիչ կոչվում է այն գործարքը, որը անձը ստիպված է եղել կնքելու ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որից օգտվել է մյուս կողմը։ Տուժողի հայցով դատարանը այդպիսի գործարքը դատական կարգով կարող  է ճանաչվել անվավեր: 
 
«Նաիրիտցիները երկու տարի չեն ստացել աշխատավարձ, հետևաբար կյանքի ծանր պայմաններում պետք է գտնվեին։ «Նաիրիտ-2» ընկերությունը, օգտվելով նաիրիտցիների սոցիալական ծանր պայմաններից, գործարք է կնքել նրանց հետ, որն ակնհայտորեն նրանց շահերին դեմ է։ Նման գործարքները դատական կարգով ենթական են անվավեր ճանաչման», - ասաց Տ․ Սարգսյանը։ 

Մինչ դատական նիստի սկսվելը, Hayacq.com-ի հետ զրույցում նաիրիտցիները դժգոհում էին  դատական նիստերի անհարկի ձգձգումներից՝ կասկածի տակ  առնելով դատավոր Նաիրիա Հովսեփյանի անաչառությունը։  
 
«Դատավորը ոչ մի կերպ չի ուզում անցնել բուն նյութին, ամեն անգամ նա մի մահանա է բռնում՝ նիստը հետաձգելու համար, սկսում է ներկա-բացակայից, պայմանագրերն է թերթում, տառասխալներին է նայում», - ասաց Նաիրիտի նախկին աշխատակից՝ հայցվոր Մարիա Ղազարյանը։ Վերջինս կարծում է, որ դատավորը նիստերի ընթացքում ակնհայտորեն պաշտպանում է Նաիրիտ-2-ի շահերը, հետևաբար, նրանք մտադրված են ինքնաբացարկի պահանջ ներկայացնել դատավոր Նաիրիա Հովսեփյանին։
 
Ըստ դատապաշտպանի, դատավորը չպետք է ժեստերով, միմիկայով ցուցաբերի կանխորոշվածություն, մինչև խորհրդակցական սենյակ գնալը իրավունք չունի իր վերաբերմունքով որևէ նախատրամադրվածություն հայտնել,  ինչպես նաև՝ հայցադիմումի հիմնավորված կամ չհիմնավորված լինելու մասին պարտավոր է հայտնել դիրքորոշում դատական ակտով, այլ ոչ թե բանավոր՝ դատավարության ժամանակ։ Հաշվի առնելով տեղի ունեցած այս և այլ խախտումները՝ նաիրիտցիների շահերի պաշտպան Տիգրան Սարգսյանը դատական նիստի սկզբին միջնորդությամբ պահանջեց դատավոր Նաիրա Հովսեփյանի ինքնաբացարկը։ Այդ միջնորդությանը հավանություն տվեցին նաև հայցվորները։ Դատարանը որոշեց նշյալ միջնորդության վերաբերյալ որոշումը հրապարակել ավելի ուշ՝ երեկոյան: 
 
Քիչ առաջ նաիրիտցիները Hayacq.com-ին տեղեկացրեցին, որ դատարանը մերժել է փաստաբան Տիգրան Սարգսյանի՝ Նաիրա Հովսեփյանի ինքնաբացարկի միջնորդությունը։ 
«Այն, որ միջնորդությունը մերժվեց, բոլորովին մեզ չի մտահոգում։ Կարծում ենք, այսուհետ դատավորը ուշադրություն կդարձնի իր վարքագծին՝ ժեստերին, միմիկաներին, և ամենակարևորը՝ կլինի անկողմնակալ և այլևս դժգոհության առիթ չի ստեղծի»։ Նաիրիտցիները վստահ են, որ իրենց պահանջն արդար է և անպայման հաղթանակելու են այս գործում։
 
Տվյալ գործով հերթական դատական նիստը տեղի կունենա ս/թ հունիսի 1-ինմ ժամը 10։00-ին։

Հիշեցնենք, որ 2015 թ․ փետրվարի 6-ին Նաիրիտ գործարանում զանգվածային կրճատումների արդյունքում աշխատանքից ազատվեց շուրջ 1700 մարդ։ Ավելի քան 9 ամիս անընդմեջ պայքարից հետո նաիրիտցիները ստացան 15-20 ամսվա կուտակված իրենց հասանելիք աշխատավարձերը՝ պայմանագրով զիջելով օրենքով նախատեսված աշխատավարձի ուշացման համար կուտակված տույժ ու տուգանքները կառավարության սեփականություն հանդիսացող «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին։ Հետագայում, Նաիրիտի նախկին աշխատակիցները դատական հայց ներկայացրեցին դատարան՝  անվավեր ճանաչելու պայմանագրի այն կետը,  համաձայն որի իրենք հրաժարվել են աշխատավարձի ուշացման համար կուտակված տույժ ու տուգանքներից։
Մանրամասները՝ Hayacq.com-ի տեսանյութում․


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր