22:44 - Օրվա խորհուրդ.Մարտի 23         21:00 - Բերանում դառը համի զգացողության առաջացման պատճառներն ու բուժումը      20:45 - Ինչպես 3-ամյա աղջիկը «գողացավ» Հռոմի պապի թասակը (տեսանյութ)    

11 նոյ 2016 18:10

Ինչի՞ մասին է լռում վարչապետը

Կարեն Կարապետյանի Կառավարությունն աշխարհի առաջին կառավարությունն է, որը իր ծրագրում մակրոտնտեսական քաղաքականության մասին ոչինչ չի գրել, այլ միայն աջակցել, նպաստել, բարելավել: Մինչև բուն թեմային անցնելը, անհրաժեշտ է մի փոքր նկարագրել Հայաստանի տնտեսական, այսպես ասած,  կարգը, որ կայացել է տարիներ ի վեր, և որի շրջանակներում էլ կայացվել է մակրոտնտեսական քաղաքականությունը: 
 
Հայաստանում տնտեսությունն առավելապես մենաշնորհված է, և այդ մենաշնորհային կապիտալը հիմնականում առևտրային է, որն իր հիմնական փողն աշխատում է ներմուծման  միջոցով: Եթե անկախության առաջին տարիներին այդ իրավիճակը դեռ բացատրություն ուներ, ապա տասնամյակներ ի վեր շարունակվող կարգն ապացուցում է, որ երկրում տնտեսական և, հետևաբար, քաղաքական մենաշնորհ հաստատած խավը բացառիկ ապաշնորհ է: Այն չի կարողանում տասնամյակներ ի վեր ստեղծել արտադրող տնտեսություն: Հասկանալի է, որ արտադրանք չունեցող և այլ երկրների բանվորների պատրաստած ապրանքները սպառող երկրում բնակչության զգալի մասը ավելորդ է և հետևաբար, Հայաստանի հիմնական արտահանվող ապրանք դարձավ աշխատուժը: 
Սա է հայկական, այսպես կոչված, տնտեսության սխեման. արտահանել աշխատուժ, որը պիտի իր ընտանիքներին փող ուղարկի դրսից և ներմուծել մենաշնորհային պայմաններում ապրանքներ: 
  
Այս կարգի շրջանակներում և ԿԲ նախկին նախագահ տխրահռչակ Տիգրան Սարգսյանի ձեռքով էլ կայացվել էր դրամավարկային քաղաքականությունը ներմուծողների շահերից. գերարժեւորված դրամ, որը թույլ է տալիս մենաշնորհ ներմուծողներին ստանալ գերշահույթ և փոխարենը, էապես, վնասեց ներքին արտադրողներին և ,հետևաբար՝ արտահանումը: 
 
Երկրորդ խնդիրը կապված է հարկային համակարգի հետ, որը բացի արտոնյալների և չվճարողների, սև տնտեսության ահռելի ծավալների հետ հիմնված է անուղղակի հարկերի վրա: Պարզ ասած, ապրանքների գնի մեջ մտած հարկերը վճարում են բոլորը, իսկ շահույթը ստանում՝ քչերը: Անուղղակի հարկերի միջոցով հարկման համակարգը թույլ է տալիս խուսափել հարստության, եկամուտների ուղղակի և անմիջական հարկումից, կոռուպցիոն և ստվերային եկամուտներ ունեցողների նկատմամբ անհարմար հարցադրումներից, փոխարենը հարկվում է բիզնեսը և սպառողը:  Նաև պետական ապարատի մոտ այդպես էլ  չձևավորվեց այն գիտակցությունը, որ հարկային համակարգը երկրի մրցակցության կարևորագույն բաղադրիչներ է  և հարկերը անհրաժեշտ է հավաքել, ոչ թե բյուջեն լցնելու մոլուցքով, այլ կապիտալի համար թեկուզ հարևան երկրների հետ մրցակցային առավելություն ունենալու նպատակով, ինչպես օրենսդրության տեսակետից, այնպես էլ պրակտիկայի տեսակետից: 
  
Հայաստանի հարկային համակարգը իր կոմլպեքսային ազդեցությամբ ուղղակի նոնսենս է, և ծառայում է առավելապես բիզնեսը և մարդկանց վերահսկելու խնդրին: Եվ, եթե աշխարհը շուռ տալու մասին է խոսքը, ապա հեծանիվ մոգոնելու կարիք չկա. հարկային համակարգերը մաթեմատիկորեն հաշվարկվող մոդելներ են, և ցանկության դեպքում դժվար չի կիրառել առավելապես ուղղակի հարկերի հիման վրա գործող համակարգը, որը, իհարկե պիտի, որ հարցեր առաջացնի ստվերային եկամուտներ ունեցող մարդկանց նկատմամբ: 
 
Պետք է նաև մատնանշել, որ այս համակարգը նույնիսկ, այսպես կոչված, իր լավագույն տարիներին այնքան ծախսատար է, որ պահանջում է դրսի ֆինանսավորում, կամ վարկերի տեսքով կամ մեկ էլ տեսար անհայտություն հայտնաբերվող (գազի, հոսանքի և այլ) պարտքերի դիմաց տրվելիք պետական գույքի վաճառքի տեսքով: Այդ ճեղքվածքը այն գինն է, որը վարչակարգը վճարում է իր քաղաքական հենարանին հնազանդության և աջակցության դիմաց, և նույնիսկ վերը թվարկված միջոցները՝ ներմուծողների գերշահույթը և սպառողների ուսերին դրված հարկահավաքությունը չեն բավարարում հենարանի անընդհատ աճող ախորժակը: Իրականում, չի էլ կարող բավարարել, որովհետև լեգիտիմությունը միշտ ավելի էժան է նստում երկրի վրա, իսկ ոչ լեգիտիմ հանցախումբը պիտի ծախսի իշխանավորման ապահովման համար ավելին, քան կարող էր ստանալ այդ քաղաքական հենարանը, այսպես ասած, բնական լեգիտիմ իշխանության դեպքում: Եթե այդ հենարանի վարչակարգից ստանալիքը նույնն է, ապա այդ հենարանը չի ունենա ոչ մի շարժառիթ պաշտպանելու վարչակարգը: Ուստի՝ վարչակարգը պիտի գնի իր հենարանի աջակցությունը ռեսուրսների «նորմալ» բաշխման համեմատ շատ ավելի բարձր գնով: Տեսականորեն այսպիսի բաշխումը և հանրային պայմանագրի մի ձև՝ բարեկեցություն քաղաքական հնազանդության դիմաց  կարող է գոյություն ունենալ, եթե կա այլ գործոն, օրինակ նավթային խողովակ, օրինակ Քուվեյթի նման: Բայց Հայաստանը չունի նման ռեսուրս, և հետևաբար ոչ լեգիտիմ իշխանության քաղաքական հենարան գնելու արժեքը պիտի խլվի հանրությունից, և հետևաբար երկրի զարգացման հնարավարությունից, ներուժից: Եվ հետևաբար նման քաղցկեղ համակարգը չի կարող գույություն ունենալ առանց արտաքին վարկերի կամ պետական գույքը վաճառելու, փաստացի հանրային ակտիվները գողանալու: Բայց ամեն վատ բան վերանում է:
Սա ի դեպ, որպես բյուջետային ծախսումների և քաղաքական հենարանի արդյունավետության ակնարկ:
 
 
Այս երկու կարևորագույն բաղադրիչները. դրամավարկային և հարկա-բյուջետային քաղաքականությունը հարմարացված են օլիգարխների շահերին, և վարչարարական որոշումներից զատ պահանջում են արմատական վերափոխման: Գերարժեւորված դրամը պիտի արժեզրկվի մինչև, ըստ տարբեր տնտեսագետների կողմից գնահատվող իրական արժեքը՝ 580-ից մինչև 630 դրամ մեկ ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ, իսկ հարկային համակարգն արմատապես պիտի վերափոխվի ուղղակի հարկերի հավաքագրման և եկամուտների համաընդհանուր հայտարարագրման սկզբունքի: 
 
Իհարկե, այդ ամենը պահանջում է ժամանակ, մի շարք լուրջ և հիմնավոր միջոցառումներ, օրենսդրության փոփոխություն և այլ, և այլն: Սակայն առանց երկու կարևորագույն կոմպոնենտների, իմ համար ուղղակի անհասկանալի է, թե Կարեն Կարապետյանը ինչպես  է ակտիվացնելու խորը ճգնաժամի մեջ գտնվող տնտեսությունը, իսկ ավելի պարզ ասած, թե ինչով է զբաղված այդ կառավարությունը: Նախկին վարչապետից ժառանգած Հարկային օրենսգիրքն ընդունվեց երրորդ ընթերցմամբ առանց նոր Վարչապետի դիմադրության, իսկ հարկային օրենսդրության կամ դրամավարկային քաղաքականության մասին, ընդհանրապես, խոսք չի ասվում: 
 
Ռուսաստանի տնտեսության ճգնաժամը, որտեղից գալիս էին արտագնա աշխատանքի գնացածների տրանսֆերները՝ շարունակվելու է, նավթի գինը տեսանելի ապագայում, ըստ ամենայնի, այլևս չի բարձրանա իր պատմական առավելագույնին: Հայաստանից արտագաղթածները տեղափոխում են իրենց ընտանիքների անդամներին իրենց մոտ, իսկ Հայաստանում մնացած ազգականների հետ կապերը տրամաբանորեն թուլանում են, ծերերն էլ մահանում են: Հայաստանի բնակչությունը արդեն իսկ ծեր է և, օբյեկտիվորեն չի կարող արտահանել նույնքան աշխատուժ, ինչքան արտահանում էր, այսպես կոչված, Կովկասի վագրի տարիներին: Արտաքին ներդրումները շեշտակի նվազել են և այդ ներդրումների համար մրցակցային պայքարում Հայաստանը անհույս պարտվել է հարևան Վրաստանին և սանկցիաներից ձերբազատված Իրանին: Փոխարենը, մենք ունենք Կառավարությունը, որի ծրագրում չկա մակրոտնտեսական քաղաքականության գնահատականը և փոփոխությունների նույնիսկ նշույլները: Իհարկե, այդ դրամավարկային և հարկա-բյուջետային քաղաքականության փոփոխությունը նշանակում է օլիգարխիայի վերջի սկիզբը, բայց անհասկանալի է, թե ինչպես է Կարեն Կարապետյանը պատրաստվում փոխել տնտեսության վիճակը չփոխելով երկրում կայացած տնտեսակարգը և, հետևաբար, Կառավարության հենարանը:
 
Հայկ Բալանյան

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր