ՀՀ վարչապետը խորհրդարանում շատ է խոսել ու քննարկում արել այդ մասին, մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում          ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ       Իմ հեռախոսը, որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի․Հրաչյա Հակոբյան    

15 մայիս 2017 13:46

Ինչպես կյանքի կոչել սերը, նվիրվածությունը, հավատարմությունը

Ինչպես կյանքի կոչել սերը, նվիրվածությունը, հավատարմությունըԱշխարհարարման առաջին իսկ օրից պարզ էր, որ մարդը չի կարող  լիարժեքորեն երջանիկ լինել, քանի դեռ միայնակ է և չունի կողակից, իր հիացմունքն ու թախիծը կիսող մարդ, ընկեր, աջակից.  ընտանիք ունենալու երջանկությունն առաջին նվերն էր, որ Աստված ընծայեց մարդուն:
Ընտանիքը փոքր եկեղեցի է՝ վկայում են եկեղեցու հայրերը: Մեր օրերում, սակայն, ընտանիքի դերը և նշանակությունը նվազել  է մարդու կյանքում. շատ երիտասարդներ նախ ձգտում են կայանալ, մասնագիտանալ որևէ ոլորտում, պաշտոն զբաղեցնել և նոր միայն մտածել ընտանիք կազմելու մասին: Ստեղծված ընտանիքներն էլ հաճախ զոհ են գնում զույգերի եսասիրական ցանկություններին. նրանք  խուսափում են պատասխանատվություն կրել,  փախչում են ընտանիքի ներսում առաջացող խնդիրներից, ժամանակին լուծումներ չեն տալիս դրանց. արդյունքում՝ անառողջ մթնոլորտում մեծացած երեխաներ, անառողջ ընտանիքներ, անառողջ հասարակություն:

 

Գաղտնիք չէ, որ ամուր ընտանիքի հիմքում ընկած է սերը: Սակայն որքանո՞վ է հնարավոր այս պնդումը կյանքի կոչել… կյանքի կոչել սերը, նվիրվածությունը, հավատարմությունը:

 

Առաջացած խնդիրները հաղթահարելու ցանկությունը զույգերին տանում է հոգեբանի կամ հոգևորականի մոտ: Յուրաքանչյուրն իր ունեցած գիտելիքների չափով փորձում է վերահաստատել ընտանիքի առողջ մթնոլորտը, կանխել բաժանությունը, կյանքի կոչել սերը: Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնք գժտությունների և նաև բաժանությունների պատճառ են դառնում: Հոգեբաններն առանձնացնում են դրանցից ամենահաճախ հանդիպողներն ու հաստատում, որ խնդիրները և դրանց առաջացման պատճառները կարող են շատ տարբեր լինել. «Յուրաքանչյուր ընտանիքում կան խնդիրներ և դրանք շատ տարբեր են: Մեզ դիմում են ամենատարբեր հարցերով՝ սկսած հետամուսնական դեպրեսիայից մինչև միջին տարիքի հետ կապված խնդիրներ, ճգնաժամեր, երեխաների դաստիարակության հետ կապված հարցեր, զանազան կախվածություններ և այլն: Բոլոր դեպքերում մենք առաջին հերթին հորդորում ենք հանդուրժողականություն ցուցաբերել կոնֆլիկտների լուծման ճանապարհին», - նշում է հոգեբան, ընտանեկան խնդիրների մասնագետ Աննա Հովհաննիսյանը: Հոգեբանը նշում է նաև, որ  կոնֆլիկտի ազդեցությունը ընտանեկան հարաբերությունների վրա մեծապես կախված է ամուսիններից յուրաքանչյուրի հոգեբանական պատրաստվածությունից ու  հասունության աստիճանից:

«Կարևոր է հասկանալ, որ ցանկացած խնդրում երկուստեք մեղավորություն կա: Երբ զույգերն անընդհատ մեղադրանքներ են ներկայացնում միմյանց, խնդրի լուծման հավանականությունը նվազում է: Եթե կա կոնֆլիկտ՝ պետք է հավասար պատասխանատվություն կրել դրա համար, առաջնորդվել ոչ թե զգացմունքներով, այլ հանգստությամբ ու պատասխանատվության գիտակցմամբ», - ընտանեկան խնդիրների մասին խոսելիս նշում է Տեր Եսայի քահանա Արթենյանը: Ըստ նրա՝ ընտանիքը հոգևոր իրողություն է, և շատ կարևոր է, որպեսզի ընտանիքներում ձևավորվի նաև հոգևորականին դիմելու ավանդույթը. «Ամեն զույգ ինքն է որոշում կոնֆլիկտի առաջացման դեպքում ինչ անել. հաղթահարել միայնակ, դիմել հարազատներին, թե այցելել հոգեբանի կամ գնալ հոգևորականի մոտ: Բայց քանի որ ընտանիքը հոգևոր համակարգ է, փոքր եկեղեցի է, լավ կլինի, որ ընտանիքում լինի հոգևորականին դիմելու ավանդույթ: Հոգևորականը կարող է իր բարի խորհրդով, հոգևոր ոլորտում ունեցած իր գիտելիքների միջոցով օգնել ամուսիններին: Երբ ընտանիքում հաստատվում են հոգևոր արժեքներ, հոգևոր սկզբունքներ ու մոտեցումներ, ամեն ինչ այլ է դառնում»:

 

Ամուսնությունը կարող է իսկական օրհնություն դառնալ մարդու համար, եթե նա ճիշտ մոտենա այս խորհրդին: Հաճախակի հանդիպող ամուսնալուծությունները  հետևանքն են այն բանի, որ մարդիկ ամուսնանում են՝ կարծելով, որ դա նրանց կերջանկացնի, մինչդեռ պետք է գիտակցել, որ ամեն մարդն իր ներսում է հիմնում և գտնում երջանկությունը: Այլ մարդու հետ միասնությունը երբեք չի կարող երջանկացնել, քանի դեռ ինքդ երջանիկ չես և պատրաստ չես երջանկացնել կողակցիդ:

 

Սուրբ Պսակի կամ Ամուսնության խորհուրդը, որով զույգերը հաստատում են իրենց միությունը, հաճախ նրանց կողմից ընկալվում է որպես սովորական ծես, արարողություն, մինչդեռ եկեղեցում ամուսնանալ՝ նշանակում է հետագայում նույնպես հետևել Աստծո խոսքին և ընտանեկան կյանքը դասավորել այնպես, ինչպես պատվիրում է Աստված:

 

«Պսակի խորհրդով տղամարդն ու կինը դառնում են մեկ մարմին և ստանում են Աստծո օրհնությունը: Պսակը նաև Քրիստոսի և եկեղեցու միության խորհուրդն ունի, որովհետև ինչպես Քրիստոս միացավ եկեղեցուն որպես Իր հարսի, այնպես էլ այրն է կնության վերցնում իր կնոջը՝ փոխադարձ սիրո և սրբության գիտակցմամբ: Այսպիսով, ընտանիքը դառնում է փոքր եկեղեցի: Ամուսնության գլխավոր նպատակը որդեծնությունն է, որովհետև միայն առողջ ընտանիքում կարելի է մեծացնել հոգեպես կայուն և առողջ երեխաների: Քրիստոնեությունն այն կրոնն է, որն առավել քան կարևորում է սիրո դերը ցանկացած հարաբերությունում,  հատակապես՝ ամուսնության մեջ», - նշում է Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Հարկ է նշել, որ ընտանիքի ներսում առաջացած խնդիրները մեծապես ազդում են երեխաների և նրանց հոգեբանության վրա: «Երեխաները հակված են իրենց մեղադրել ընտանեկան խնդիրների առաջացման մեջ: Ամուսնալուծությունից խուսափող կանայք  հաճախ հանդուրժում են նվաստացումը, բռնությունը և այլ ծանր հանգամանքներ, որոնք աննկատ չեն մնում երեխաների կողմից:  Այսպիսով, նրանք իրենց դժբախտ ու մեղավոր են զգում ընտանեկան կոնֆլիկտների համար: Սրա հետևանքով առաջանում են բազում հոգեբանական խնդիրներ ու բարդույթներ», - տեղեկացնում է հոգեբան Աննա Հովհաննիսյանը:

 

Հաճախ, հատկապես հայկական իրականությունում ընտանեկան խնդիրների պատճառ է դառնում ծնողների միջամտությունը զույգերի անձնական խնդիրներին: «Բանն այն է, որ ծնողների բարի նպատակը՝ օգնել իրենց զավակներին, հանգեցնում է առավել մեծ խնդիրների: Ամուսնական զույգերը ծնողների միջամտությունն ընկալում են որպես անձնական սահմանի խախտում: Այստեղ պետք է ծնողները գիտակցեն, որ իրենց զավակներն իրենք են պատասախանատու իրենց կյանքի և ընտանիքի համար: Ծնողները պետք է կարողանան թույլ տալ իրենց զավակներին սխալվել, իրենց անձնական փորձով  հասունանալ, գիտակցության նոր մակարդակի հասնել, ինքնուրույն հաղթահարել առաջացած խնդիրները», - ասում է հոգեբան Աննա Հովհաննիսյանը: Խոսելով այս խնդրի մասին՝ Տեր Եսայի քահանա Արթենյանը նշում է. «Ծնողների միջամտությունը ոչ միշտ է վատ: Միջամտությունը դառնում է ոչ տեղին, երբ նրանք փորձում են իրենց կարծիքը պարտադրել զույգերին: Կարելի է խորհուրդ տալ, բայց ազատ թողնել մարդկանց՝ սեփական որոշումներ կայացնելու համար: Երբեմն մարդիկ պետք է սխալվեն, որ սովորեն իրենց սխալների վրա»:

 

«Ընտանեկան կոնֆլիկտներից խուսափելու համար զույգերը մեծագույն լրջությամբ պետք է մոտենան  ամուսնությանն առհասարակ. պետք է իրենք իրենց համար պարզեն՝ ինչո՞ւ են ամուսնանում և արդյո՞ք պատրաստ են նման պատասխանատվություն կրել: Հաճախ միայն ամուսնությունից հետո է պարզ դառնում, որ ամուսնանալու մոտիվն ընկած էր ֆինանսական խնդիրների լուծման, սոցիալական պիտակներ ձեռք բերելու մեջ: Կարևոր է լսել միմյանց,  գնահատել ու արժևորել կողակցին, հարգել ու սիրել ինքդ քեզ ու դիմացինիդ»,- ընտանեկան խնդիրների և դրանցից խուսափելու մասին խոսելիս նշում է հոգեբան Աննա Հովհաննիսյանը:

 

«Ընտանիքի պահպանման հարցում մեծ դեր ունի հանդուրժողականությունն ու փոխադարձ զիջումները: Քրիստոնեության ու Պսակի խորհրդի մեջ հենց սա է կարևորոված՝ տղամարդու ու կնոջ հավասարությունը: Ս. Պողոս առաքյալն ասում է, որ տեր լինել՝ նշանակում է զոհել կյանքը, հոգ տանել, պատրաստ լինել զոհողությունների: Ինչպես Քրիստոս, Ով մեր Տերն է, մարդացավ, մեզ հետ քայլեց ու զոհաբերեց Իրեն՝ հանուն մեր փրկության, այնպես էլ տղամարդը, ով իր ընտանիքի տերն է, պետք է կարողանա պատրաստ լինել ցանկացած զոհողության: Կնոջ հնազանդությունն էլ պիտի դրսևորվի ամուսնուն աջակից լինելու և հարգանքի միջոցով», - ընտանիքի պահպանման մասին ասում է Տեր Եսայի քահանա Արթենյանն ու ավելացնում.  «Ամենակարևոր արժեքը, որ պետք է լինի յուրաքանչյուր ընտանիքում հավատն է: Երբ ամուսինները ունեն մեկ Աստված,  հավատում են Նրան, լսում և հետևում են Աստծո խոսքին, այդ ընտանիքում տիրում է սեր, վստահություն, աստվածպաշտություն, հավատարմություն: Ոչ մի խնդիր մեծ ու անլուծելի չէ, քանի դեռ կա հավատն ու այն գիտակցությունը, որ ընտանիքը փոքր եկեղեցի է և պետք է դրա սրբորեն վերաբերվել»:

 

Qahana.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր