Տեսանյութ.Արդեն 4 ժամ է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են          Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ       Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

01 հուն 2018 17:05

Ինչ է հասկացնում Սերժ Սարգսյանը Փաշինյանին

ՀՀԿ Գործադիր մարմնի երեկ տեղի ունեցած նիստին հաջորդած բրիֆինգը անսովոր էր` թե ձևի և թե բովանդակության առումով: Դավիթ Հարությունյանը հնչեցրեց կուսակցության պաշտոնական տեսակետը, որն ազդարարում էր, թե ՀՀԿ-ն բաց է բանակցությունների և քննարկումների համար` Ընտրական օրենսգրքի բարեփոխումների և արտահերթ ընտրությունների հարցերում:
Սա իսկապես կուսակցական դիրքորոշման շրջադարձային փոփոխություն է, որովհետև տակավին նախօրեին խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում էր, թե իրենք նախապատրաստվում են 2022-ի ընտրություններին: Հիմա փաստորեն ՀՀԿ-ն հայտարարում է մարտավարություն, որը լրիվ ներդաշնակ է հեղափոխության օրակարգին կամ դասական քաղաքականության լեզվով` որպես ընդդիմադիր ուժ, պատրաստակամություն է հայտնում իշխանության հետ քննարկել ճգնաժամի հաղթահարման ամենառացիոնալ տարբերակը:
Ինչո՞վ է պայմանավորված ՀՀԿ նման շրջադարձը, արդյո՞ք սա կապիտուլյացիա է իշխանության վերջին օրերի հակակոռուպցիոն կամպանիայի համատեքստում: Արդյո՞ք Սերժ Սարգսյանի կուսակցությունում «սպիտակ դրոշ» են բարձրացրել` Նիկոլ Փաշինյանին ուղերձ ուղարկելով, թե պատրաստ են ընդունել նրա խաղի կանոնները: Այս վարկածը գոյության իրավունք ունի, մանավանդ, որ առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում ՀՀԿ-ն կարող է խորհրդարանում զրկվել մեծամասնությունից և առնվազն անիմաստ է էներգիա ու ռեսուրսներ վատնել` անիմաստ ու անհավասար դիմակայության մեջ:
Մյուս կողմից` Սերժ Սարգսյանն այնքան միամիտ չէ, որ կարծի, թե Նիկոլ Փաշինյանն ազդվելու է իրենց մարտավարության փոփոխությունից և, օրինակ, դադարեցնելու է ստուգումները իր շրջապատի օլիգարխների բիզնեսներում: Հետևաբար` փափուկ մարտավարությունն այս պարագայում կարող է համարվել թուլության նշան:
Այս տեսանկյունից չի բացառվում, որ ՀՀԿ մարտավարության փոփոխությունը հակագրոհի նախապատրաստություն է` որոշակի հաշվարկներով: Արդյո՞ք ՀՀԿ-ն ունի պահեստային տարբերակներ, որոնք կարող են բեկել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, թե՞ նոր մարտավարությունն ընդամենը քարոզչական հնարք է, իսկ տողատակում միանգամայն այլ մտադրություններ են:
Ի դեպ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հատուկ շեշտեց, որ ԳՄ նիստին մասնակցել է նաև Կարեն Կարապետյանը` թերևս հասկացնելով, որ չնայած ցնցումներին` ՀՀԿ-ում առկա է կոնսոլիդացիայի բավականին բարձր մակարդակ: Այս հայտարարությունն ինքնին հետաքրքիր է և հուշում է, որ ՀՀԿ-ն արագ կապիտուլացվելու ցանկություն չունի: Չի բացառվում նաև, որ ԸՕ-ն ու արտահերթ ընտրություններն ընդամենը պատրվակ են, որոնց միջոցով ՀՀԿ-ն հարթակ է բացում իր և իշխանության երկխոսության համար, որը կարող է ներքաղաքական նոր ստատուս-քվոյի առանցք դառնալ` խաղից դուրս մղելով այն ուժերին, որոնք այս օրերին Նիկոլ Փաշինյանի համար պահանջարկված են` հենց ՀՀԿ-ին խորհրդարանում հակակշռելու համար: Սերժ Սարգսյանը գուցե Նիկոլ Փաշինյանին հասկացնում է, որ վերջինիս համար պակաս ռիսկային կլինի ոչ թե իր դեմ, այլ իր հետ պայմանավորվելը:
Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր