Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում          Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից       Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ    

02 հուն 2018 21:00

Ես վստահ չեմ, որ Սամվել Ալեքսանյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են . Դավիթ Անանյան

«Ալեքս Հոլդինգի» գործը դեռ նոր զարգացումներ կունենա: ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը երեկ հայտարարեց, թե 350 անձանց վերաբերյալ նախապես հայտարարված թիվը քիչ է. 460 և ավելի է, ընդ որում, բացի նրանցից, պետք է հրավիրվեն առևտրային ցանցեր ունեցող մյուս 11 կազմակերպությունների աշխատակիցներ, և դրանց մասով թիվը կգերազանցի 1000-ը։
Նոր կառավարության օրակարգից կարծես թե դուրս է մնում մեկ այլ խնդիր. կարևոր է ոչ միայն՝ հանցավոր համաձայնության մեջ մտած խոշոր գործարարներին, այլև՝ այդ նույն հանցավոր համաձայնության մյուս կողմին՝ պետական պաշտոնյաներին, պատասխանատվության ենթարկելը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այդ համաձայնությունները եղել են բարձր՝ մինչև վարչապետի մակարդակով, և կողմ արտահայտվեց նաև պաշտոնյաներին պատժելուն։
«Ես կողմ եմ, որ գործարարներին պատժենք այդ համաձայնություններից դուրս կատարված գործողությունների համար: Այ, եթե որոշում ենք, որ համաձայնությունները եղել են ապօրինի, և համաձայնության կողմերն էլ պետք է պատժվեն, ուրեմն, այո, պետք է արդարաբար պատժվեն բոլորը»,- ասաց նա:
Ըստ Անանյանի՝ նախկինում պայմանավորվածությունները եղել են Պետական եկամուտների կոմիտեի և գործարարության որոշ ներկայացուցիչների միջև, և այդ համաձայնություններն ավելի բարձր մակարդակում հավանության են արժանացել. «Ես ՊԵԿ որևէ պաշտոնյայի անուն չեմ կարող առանձնացնել, որովհետև համակարգն է համաձայնության եկել: Եթե որոշ պաշտոնյաներ որոշ առաջարկություններ են արել, որոնք երկրի ղեկավարության հետ համաձայնության են եկել, մենք որևէ իրավունք չունենք ասել՝ ՊԵԿ-ի այս կամ այն աշխատակիցը այս կամ այն առաջարկն է արել, որի պատճառով այս իրավիճակն է եղել»։
Ի պատասխան դիտարկմանը, որ նախկին իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե այդ համաձայնությանը գնացել են գյուղացիների դժգոհությունը մեղմելու նպատակով, Դ.Անանյանը անկեղծացավ՝ նշելով, որ չի կասկածում հանրապետականների ազնվությանը, որ նրանք գյուղատնտեսությամբ զբաղվողների շահերով առաջնորդվելով են գնացել այդ համաձայնությանը. «Բայց ես ունեմ այլ արժեքներ, ես ունեմ այլ մտածմունքներ, հատկապես՝ ՊԵԿ նախագահի պաշտոնում։ Նույնիսկ այն, ինչ կատարվել է ազնիվ մղումներով, ինձ համար ընդունելի չէ, որովհետև այն, ինչ օրենքի շրջանակներից չի բխում, չի կարող որևէ հարկային վարչարարությամբ զբաղվողի համար լինել ընդունելի։ Մենք պետք է հարկային օրենսգիրքը և օրենսդրությունը մեզ համար Ավետարանի սկզբունքով կիրառենք։ Լա՞վն է, թե՞ վատն է՝ կիրառենք։ Եվ արդյունքում, եթե վեր հանենք, որ այդ օրենսդրությունը փոփոխման կարիք ունի, պետք է հանրային լայն քննարկումներից հետո տանենք փոփոխությունների»։
ՊԵԿ նախագահը հավաստիացրեց, որ տեղյակ չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հանդիպումից, որի ժամանակ վերջինս, ըստ լուրերի, ասել է, թե եթե հարկային դաշտ գա, շատ աշխատողներ գործազուրկ կդառնան։
«Ես վստահ չեմ, որ Սամվել Ալեքսանյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են և այդպիսի քննարկում են ունեցել»,- ասել է Դ.Անանյանը։
Ըստ նրա՝ հարկ վճարողներն ամբողջ ծավալով պետք է գործեն բացառապես հարկային օրենսդրության պահանջներին համահունչ, այդ թվում՝ պետք է չլինեն չգրանցված աշխատողներ։ Նրա հավաստմամբ՝ եթե պարզվի, որ օրենքը նպաստում է չգրանցված աշխատողներ ունենալուն, այն կփոխվի, բայց հարկ վճարողների կամ նրանց առանձին խմբերի հետ որևէ բանակցություն օրենքից դուրս չի լինելու։ Նա նշեց, որ տեղյակ չէ նաև՝ աշխատողներին չգրանցելու վերաբերյալ նախկինում պայմանավորվածություններ եղե՞լ են, թե՞ ոչ. «Մեր գործունեության նպատակն այն է, որ չգրանցված որևէ աշխատող չպետք է լինի»։
Քաղաքական գործընթացները, Դ.Անանյանի կարծիքով, կարող են նպաստել այն ամենօրյա աշխատանքին, որ մշտապես իրականացվել է, այսինքն՝ քաղաքական փոփոխությունների կամ իշխանության փոփոխությամբ պայմանավորված շատ ավելի մեծ միջոցառումներ չեն ծրագրվում, որովհետև այդ առումով, իրոք, կատարվել են աշխատանքներ, բայց այս փոփոխությունները կարող են նպաստել այդ աշխատանքներին։
Անդրադառնալով գյուղմթերքի հնարավոր թանկացումներին՝ Դ.Անանյանը նշել է, որ, եթե իրենք ասում են, որ տնտեսվարողները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակներում, դա նշանակում է, որ, եթե սուպերմարկետն ԱԱՀ դաշտում է աշխատում, պետք է իր հարկերը վճարի ամբողջ ծավալով. «Եթե դրա պատճառով գնագոյացման 50-60% աճ կլինի, շուկայական հարաբերություններ են, դա կնշանակի, որ կողքի փոքր խանութներն ավելի շատ մրցունակ կլինեն շրջանառության հարկի դաշտում գործելու դեպքում։ Ժամանակին սուպերմարկետները մտածել են, որ իրենք նաև պետք է մրցակցեն իրենց հարևանությամբ գործող փոքր ու միջին կազմակերպությունների հետ՝ արհամարհելով մասշտաբի էֆեկտը։ Այդպես չէ»։
Դ.Անանյանը նշել է, որ, եթե գնային փոփոխություններ լինեն, ՊԵԿ-ն ուսումնասիրություն կիրականացնի՝ համոզվելու, թե ինչքանով է այդ գների բարձրացումն արդարացված կամ արժանահավատ։ Միաժամանակ նա ասել է, որ եթե օրենքի դաշտ տեղափոխվելը պետք է հանգեցնի թանկացման, ՊԵԿ-ը խնդիր չի տեսնում, և ՊԵԿ-ը չպետք է գնագոյացման հետ գործ ունենա. «Խնդիրն այն է, որ, եթե մենք աշխատում ենք բացառապես օրենքի շրջանակներում և տեսնում ենք, որ դա բերում է որոշակի խնդիրների, օրենքը վերանայելու առաջարկներով կարող ենք դիմել Ֆինանսների նախարարությանը։ Քանի դեռ օրենքը գործում է, անկախ նրանից՝ լավն է, թե վատն է, բոլորը պարտավոր են օրենքի շրջանակներում հարկային պարտավորությունները կատարել»։
Գյուղոլորտն ԱԱՀ դաշտ բերելու վերաբերյալ ՊԵԿ նախագահը նշել է, որ տարբեր հարցեր կարող են քննարկել, բայց տարբեր քննարկումների արդյունքում լավագույն լուծումը պետք է գտնեն։ Օրինակ՝ նախկինում քննարկվել է ԱԱՀ 10% դրույքաչափով հարկման փոփոխությունը, բայց գյուղոլորտի ներկայացուցիչները չեն համաձայնել, և այդ տարբերակը սառեցվել է։
«Պետք է տեսնել, թե հավասարության նժարը որտեղ է, այսինքն՝ բյուջետային եկամուտների կորուստն ինչքանով կփոխհատուցվի փոփոխությունների արդյունքում տնտեսական աշխուժացումից ստացվող եկամուտներից»,- ասել է ՊԵԿ նախագահը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր