Ռուս զինվորականները վտանգում են Կապսի դպրոցականների կյանքը.նրանք երբեք տեղյակ չեն պահում պայթեցումների մասին

Դպրոցի տնօրենն էլ պատմեց, որ դեպքեր են եղել, երբ դասերի ժամանակ ռուս զինվորականների գործողությունների պահին ապակիները կոտրվել, դասասենյակ են լցվել: «Յուրաքանչյուր ցնցում թուլացնում է վթարային կառույցը: Ամեն օր մի քար ընկնում է, նորոգում, մի կերպ հարմարեցնում, բացվող ճեղքերը փակում ենք, սակայն ամեն ինչ անօգուտ է, հաջորդ պայթեցումների ժամանակ կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնում»,- ասաց դպրոցի տնօրենը: Դասասենյակներում նստարանները պատուհաններից հեռու են դրել, աշակերտները գիտեն, որ պատերին չեն կպնելու, միջանցքներում էլ չեն վազելու: Մարզադահլիճում եւս հսկողություն է սահմանված: Օգտագործում են փոքրիկ հատված, պատերին չեն կպնում: Ֆիզկուլտուրայի ուսուցիչը պատմեց, որ դասերի ժամանակ հենց պայթեցումներ են լինում, մարզադահլիճի հսկա ապակեպատ պատից ապակիներն ընկնում, փշրվում են: Որպեսզի անդառնալի հետեւանքներ չլինեն, ապակիների փոխարեն կապույտ պոլիէթիլենով փակել են պատուհանները: «Դպրոցի տարհանման ելքերը փակված են, քանի որ վթարավտանգ են, դռները չեն բացվում, պատերի քարերն էլ թուլացած, խարխլված են: Եթե ցնցում լինի եւ արագ պետք լինի դուրս գալ, տարհանման ելքով դա անհնար է կազմակերպելը»,- ասաց տնօրենն ու ցույց տվեց գունավոր կտորով աշակերտների աչքից թաքցրած տարհանման ելք կոչվող փլատակը:Հատկապես վտանգավոր են պատերի միացման հատվածները, որտեղ գրատախտակներ են կախված: Ծնողները մեծ դժվարությամբ են երեխաներին դպրոց ուղարկում: Ասում են՝ վախենում են: Մանկավարժներն էլ են լարվում դասերի ժամանակ: Անընդհատ աչքերը առաստաղին ու պատուհաններին են, որ վտանգի պահին կարողանան երեխաներին փրկեն, արագ դուրս բերեն դասասենյակներից, քանի որ յուրաքանչյուր պայթեցում 3-4 բալ ուժգնությամբ ցնցում է առաջացնում: Իսկ դա 3-րդ աստիճանի վթարայնություն ունեցող կառույցի համար ամեն պահի կարող է ճակատագրական լինել:
Ասում են՝ ՌԴ 102-րդ ռազմաբազան այս ամենի մասին գիտի, սակայն քայլեր չի ձեռնարկում, քանի որ հայկական կողմը հստակ ձեւակերպած ոչ պահանջ է երբեւէ ներկայացրել, ոչ էլ մարդկանց խախտվող իրավունքի մասին բարձրաձայնումներ է արել: Կապսում ասում են՝ նախկին իշխանությունների օրոք անօգուտ են համարել այս մասին խոսելը: Այս խնդիրը Կապսից զատ վերաբերում է նաեւ Վահրամաբերդ, Հովունի համայքներին եւս:
Ռուսական կողմը մշտապես անպատժելի է մնացել, անգամ այն պարգայում, երբ 2013 թվականի ապրիլի 7-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի «Կամխուդ» կոչվող ուսումնամարզական տարածքում ականի պայթյունի հետևանքով մահացան Վահրամաբերդ գյուղի բնակիչներ՝ 16-ամյա Մուշեղ Գեւորգյանն ու 12-ամյա Արթուր Մկրտչյանը: Դեպքը տեղի էր ունեցել ուսումնամարզական տարածքի մոտ գտնվող արոտավայրում, որտեղ Արթուր Մկրտչյանի հայրն արոտի է տարած եղել ոչխարներին: Երեխաները խաղացել են այդ տարածքում, հետո անիվներ են նկատել, մոտեցել, ձեռք են տվել, հարվածից դրանք պայթել են՝ սպանելով փոքրիկներին: Հարուցված քրեական գործը վարեց Ռուսաստանի քննչական կոմիտեի հարավային զինվորական շրջանի 517-րդ կայազորային քննչական բաժինը: Հայկական կողմն այս դեպքի մասին տեղեկություններ այդպես էլ չունեցավ, կամ ունեցավ՝ չհրապարակեց:
Այսօր էլ ռուսական ռազմաբազան շարունակում է Շիրակի մարզի տարբեր համայնքների հողերն օգտագործել անվարձահատույց: Ռազմաբազան հարկեր չի վճարում, քանի որ նման պայմանավորվածություններ չկան: Այսինքն, ռուսներն անում են այն, ինչ ցանկանում են, օրենք չեն խախտում, քանի որ դրանք սահմանված չեն, կամ սահմանված են, սակայն դրանց մասին տուժող համայնքները տեղյակ չեն: