«Հրապարակ».Ադրբեջանը զորքը դեռ հետ չի քաշել սահմանից.մենք ամեն պահի էլ սպասում ենք զարգացումների
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց. «Դեռևս մենք չենք տեսնում, որ այդ զորքերը հետ են քաշվում: Այդ զորքերը, որոնք սկսել են տեղափոխվել սահման դեռևս ապրիլ ամսից, կարծում եմ, որ դեռևս վաղաժամ է խոսել նրանց տեղափոխման մասին, հատկապես Գյանջայում տեղի ունեցածից հետո»:
Խոսքը Գյանջայում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասին է, որի արդյունքում երկու ոստիկան սպանվեց և մահափորձ կատարվեց Գյանջայի գործադիր իշխանության ղեկավարի նկատմամբ: Ըստ Բաբայանի, Ադրբեջանում կրկին հայկական հետք են փնտրում՝ ստի հորինվածքներով, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղեն: «Բնական է, այս ամենը նաև վախեցրել է իրենց իշխանություններին, և կրկին փորձելու են սա շահարկել հայկական գործոնի, հայկական վտանգի ներքո»,-ասաց Բաբայանը:
- Այսինքն՝ վարչապետի բրյուսելյան այցն ու այնտեղ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը որևէ ազդեցություն չթողեցի՞ն սահմանին առկա իրավիճակի վրա, ինչը դուք էիք ակնկալում:
- Ակնկալվում էր, բայց քանի որ այդ հանդիպման ժամանակ տեղի ունեցան նաև Գյանջայի վերոհիշյալ զարգացումները, փաստորեն, նախահեղափոխական տրամադրություններ կան: Եթե գնդապետի են սպանում քաղաքում՝ բոլորի աչքի առջև, ուրեմն այնքան են հոգնել և զզվել ալիևյան վարչակազմից, որ այդպիսի քայլերի են դիմում:
- Այսինքն՝ Ալիևը կարող է ադրբեջանական լսարանում ներքին խնդիրներ լուծելու համար պատերազմի՞ գնալ:
- Ներքին խնդիրներ՝ այո, ոչ թե, ասենք, վաղը սկսում է պատերազմ, բայց չի բացառվում, որ սադրանքների դիմի և այլն, և այլն, մանավանդ, որ արդեն մեղադրել են այդ մարդկանց հայկական հատուկ գործակալությունների հետ կապի մեջ, որը, իհարկե, անհեթեթություն է:
- Այս օրերին խոսակցություններ են տարածվում առ այն, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և սպասում են ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի ավարտին, որ դրանից հետո հարձակվեն:
- Տեսեք, ընդհանրապես պատերազմ սկսելու համար՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ և այն, որ Ադրբեջանը միշտ փորձելու է բլից-կրիգի դիմել, երկարատև պատերազմի նա չի կարող դիմանալ: Սա փաստ է, իսկ դրա համար նրանք չպետք է հայտարարեն, անակնկալի պիտի բերեն, չէ՞, ինչ-որ տեղ: Եթե բոլորը խոսում են, որ ֆուտբոլից հետո, ինչո՞ւ սպասեն մինչև ֆուտբոլի ավարտը, թող հենց եզրափակիչ խաղի ժամանակ էլ հարձակվեն, որ անակնկալ լինի:
- Գուցե Ռուսաստանի գործոնը կա այստեղ:
- Ոչ մի գործոն էլ չկա, որովհետև, անկախ ֆուտբոլից... այո, Ռուսաստանի, ԱՄՆ-ի գործոնը կա, Ֆրանսիայի, որոնք, լինելով համանախագահներ, կտրուկ դեմ են, որ պատերազմ լինի, բայց այդ գործոնը կապված չէ ֆուտբոլի հետ կամ ինչ-որ այլ զարգացումների հետ: Ինչ է, եթե ֆուտբոլը չլինի, սկսեն, էլի իրենց շահերի դեմ է, չէ՞, նույն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի...ինչի պիտի սպասեն, անակնկալի պիտի դիմեն, չէ՞: Բացի դրանից, մենք ամեն պահի էլ սպասում ենք այդպիսի զարգացումների, այսինքն՝ սա ֆուտբոլի հետ կապ չունի, սրանք ավելի շուտ շահարկումներ են:
Ամբողջական՝«Հրապարակ»թերթի օրվա համարում