Մայիսի 20-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել, նաեւ՝ մտահոգ․ «Հրապարակ»       Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»    

05 սեպ 2018 10:53

«Փաստ».Աննորմալ երևույթ «Զվարթնոց» օդանավակայանում. աշխարհում նման գներ չկան

«Փաստ».Աննորմալ երևույթ «Զվարթնոց» օդանավակայանում. աշխարհում նման գներ չկան«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս քաղավիացիայի վարչության պետ Տաթև Ռևազյանը հարցազրույց էր տվել, որից պարզ էր դարձել, որ մասնագետների կողմից մինչ այս բարձրացված խնդիրների մասով դեռ հստակ ուսումնասիրություններ չեն արվել: Ի դեպ` հարցազրույցի ժամանակ հնչեցված մի քանի մտքեր սոցիալական ցանցերում քննադատության էին արժանացել: Նորանշանակ պետն ավիացիայի ոլորտում առանձնացրել է, ասենք, վատ մենեջմենթը, իսկ, օրինակ, օդի հարկի, կոռուպցիոն այլ հնարավոր ռիսկերի մեջ դեռ չի հասցրել խորանալ:

ՀՀ հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության ենթահանձնաժողովի նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Աթբաշյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց` համաձայն չէ, որ խնդիրը միայն վատ մենեջմենթի կամ մրցակցության մեջ է. «Միայն մենեջմենթի հարցը չէ` այն լայն հասկացողություն է: Մեր ընտանիքում գլխավոր մենեջերն իմ տիկինն է: Դա նշանակում է, որ ամեն ինչ պետք է լավ աշխատի՞: Ամենակարևոր խնդիրն այն է, որ մենք մինչ օրս չունենք կատարելագործված օրենսգիրք: Ժամանակին ИКАО–ն այդ օրենսգրքի նմուշը հրապարակել է: Եթե ունենայինք` այդ հարցազրույցն էլ չէր լինի, որովհետև այդ պաշտոնում կարող էր աշխատել միայն բարձրակարգ մասնագետ: Ես չեմ ուզում քննադատել այդ աղջկան, անմեղ մարդ է, բերել, նշանակել են, ինքն էլ առանց հասկանալու` ստանձնել է գործի պատասխանատվությունը: Որոշեց, որ դա մեծ պատիվ է, ուրախացավ ու սկսեց աշխատել»:
Աթբաշյանը հայտնեց, որ մի քանի ամիս առաջ «Զվարթնոց»–ի և Թբիլիսիի օդանավակայանի միջև համեմատություններ են արել:
«Ամբողջ սպասարկումը «Զվարթնոց»–ի համեմատ երկու անգամ ավելի էժան է: Այնտեղ չկա նաև օդի հարկ, ինչը Հայաստանում հնարել են մի քանի տարի առաջ: Հիմա, իբրև թե, մտցրել են տոմսի գնի մեջ, որ այդքան աչքի չընկնի: Իսկ ում գրպանն է գնում այդ հարկը` տեղյակ չեմ: Քաղավիացիայի վարչությունը դա պարզելու լծակներ ունի: Թող նստեն, հաշվեն ու հասկանան` ինչու են մեզ մոտ տոմսերը երկու անգամ ավելի թանկ: Աշխարհում նման գներ չկան: ՌԴ–ից հյուրեր ունեինք: Ասում էին` Հայաստանը շշմելու երկիր է տուրիզմի համար, դուք տուրիզմի մասին խոսում եք, բայց ոչ մի բան չեք անում: Բացի այդ` մեզ մոտ ուղևորն ինքնաթիռից դուրս է գալիս, «տռա
պով» անցնում է շենք, ինչի համար փող են գանձում: Գումար է գանձվում նաև շենքից դեպի ինքնաթիռ տեղափոխվելու համար: Թբիլիսիում այդ գումարը մեկ անգամ են վճարում` գնալ–գալու համար միասին»,–ասաց նա:
Դմիտրի Աթբաշյանն այդքան էլ լավատես չէ ավիացիայի զարգացման առումով:

««Արմավիան» մրցում էր «Աերոֆլոտ»–ի հետ: «Աերոֆլոտ»–ը 200–300 քաղաքներ էր թռչում, Երևանի գներն իր ընդհանուր աշխատանքների վրա քիչ էին ազդում: Չէին ազդում նաև «Ֆրանսիական ավիաուղիներ»–ի վրա: «Արմավիայի» վրա ազդում էին, քանի որ յուրաքանչյուր երկրորդ թռիչքը կատարում էր Երևանում: Բացի այդ` օտարերկրյա ընկերություններն օգտվում էին իրենց երկրի տված արտոնություններից: «Արմավիայի» համար Մոսկվայում թռիչք–վայրէջքն արժենում էր 1200, Մոսկվայի ինքնաթիռի համար` 600 դոլար: Դրա համար մեր ընկերությունները երբեք չեն կարողանա մրցակցել ո՛չ «Պոբեդայի», ո՛չ «Աերոֆլոտ»–ի և ո՛չ էլ որևէ այլ ընկերության հետ: Մեզ մոտ օդանավակայանը խեղդում է սեփական ավիացիան: Իսկ եթե հարցնես` ոչ մեկը տեղյակ չէ, ոչ ոք մեղավոր չէ, և ամեն ինչ շատ լավ է»,–նշեց օդաչուն:
Մեր զրուցակցի դիտարկմամբ` պետական հատվածն ունի լծակներ, որով կարող է ազդել մասնավորի` այս դեպքում «Զվարթնոց» օդանավակայանի վրա. «Մի քանի ամիս առաջ ուսումնասիրել ենք Է. էռնեկյանի հետ կնքված կոնցեսիոն պայմանագիրը: Կոնցեսիոն պայմանագիրը կնքված է Հայաստանի ու միջազգային օրենքների խախտումներով: Այդ պայմանագիրը կամ պետք է վերանայվի, կամ ընդհանրապես պետք է չեղյալ համարվի: Դեռ այն ժամանակ էինք դեմ, երբ այն ստորագրվեց»:
Դ. Աթբաշյանը շեշտեց, որ Երևանում «Զվարթնոց» օդանավակայանը մոնոպոլ դիրք ունի. «Ուզած` չուզած, պետք է թռչեն «Զվարթնոցից», որի ղեկավարությունն ինչ ուզում` անում է: Մենք մի քանի անգամ փորձել են ներքին խոհանոցն ուսումնասիրել, օրինակ` նավթի գինը, բայց` ապարդյուն: Բաղդասարովը ժամանակին բողոքում էր: Նավթն ինքն էր բերում, բայց ասում էր, որ իր բերած նավթը լցնում էին իր ինքնաթիռի մեջ ու 200 դոլար ավել հարկ վերցնում իրենից: Իսկ 200 դոլարն ուղևորների գրպանից էր գնում»:
Դմիտրի Աթբաշյանը պատրաստ է իր փորձը փոխանցել: Նշեց, որ հանդիպել է նաև վարչապետի խորհրդականների հետ, ներկայացրել նաև վերոնշյալ խնդիրները. «Սպասում եմ, որ կարող են ինչ–որ պրակտիկ արդյունքներ լինեն: Բայց այդ աղջկա նշանակումը… հասկանո՞ւմ եք` ինչպես է ընդունվում: Աստված իր հետ` թող աշխատի, բայց վարչությունում փորձառու մարդիկ պետք է լինեն, ովքեր հասկանում են այդ հարցերից: Մեր սեփական ավիացիան անկախության առաջին տարիներին ՀՀ բյուջեի 25 տոկոսն էր լցնում: Հիմա գումարները դուրս են գալիս, մնում է միայն վաճառված յուրաքանչյուր տոմսի 7–8 տոկոսը, ինչն աննորմալ երևույթ է»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր