Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

06 սեպ 2018 11:10

ԼՂ բանակցային գործընթացում օրակարգ է փոխվել` ի վնաս մեզ. Դավիթ Շահնազարյան

Tert.am-ի հետ զրույցում 1992-95թթ. ՀՀ հատուկ հանձ­նարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանն անդրադառնում է ՀՀ նոր քաղաքական իշխանությունների օրոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում տեղաշարժերին: ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության վերջին հայտարարությունում տեղ է գտել «սուբստանտիվ բանակցություններ» ձևակերպումը, որն Ադրբեջանի պահանջն էր և լուրջ կորուստ է հայկական կողմերի   համար: Օր առաջ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի և Արցախ Հանրապետությունները, վերջապես, ստորագրեն անվտանգության պայմանագիրը,  շեշտում  է Դավիթ Շահնազարյանը:

 -Պարո՛ն Շահնազարյան, վերջին շրջանի ներքաղաքական ու նաև արտաքին քաղաքական թոհուբուհի մեջ, տպավորություն է, թե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի նկատմամբ հետաքրքրությունը հետին պլան է մղվել։ Մինչդեռ ակնկալիք կար, որ Հայաստանում նոր ուժերի իշխանության գալուց հետո պետք է բանակցային գործընթացը, եթե ոչ ակտիվանար, բայց գոնե թարմանար։ Այս առնչությամբ ի՞նչ ունեք ասելու։

- Միանգամայն կիսում եմ Ձեր տեսակետը, որ ներկայիս ներքաղաքական ցնցումների ու թոհուբոհի մեջ փորձագիտական հանրության ու մեդիայի կողմից, կարծես, մոռացության է տրվել, լռության մատնվել ԼՂ հիմնահարցը և բանակցային գործընթացը։ Անկեղծ ասած՝ մեծ հույսեր չեմ կապել, թե ներկայիս կառավարությունը ղարաբաղյան հարցում շատ ակտիվ գործունեություն է ծավալելու՝ հաշվի առնելով նոր կառավարության ԼՂ հակամարտության վերաբերյալ առաջին իսկ՝ իրար հակասող կետեր պարունակող հայտարարությունները։

Ինչ է տեղի ունեցել իրականում․ Հայաստանի գործող կառավարությունն իշխանության գալուց հետո ԼՂ բանակցային գործընթացում որդեգրել էր time out-ի քաղաքականություն։ Այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափում հանդիպումների և բանակցությունների հնարավորինս ձգձգումը։ Բայց, կարծեք թե, սա չհաջողվեց․ տեղի ունեցավ եռանախագահների այցը Հայաստան և այնուհետև՝ արտգործնախարարների հանդիպումը Բրյուսելում։

Ապրիլյան պատերազմից հետո նախկին իշխանությունները հասել էին նրան, որ բանակցությունների սեղանին կար միայն մեկ օրակարգ, և դա Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգն էր, որը վերաբերում է շփման գծում զինադադարի պահպանման ամրապնդման մեխանիզմների ստեղծմանը։ Այս մասին են վկայում ապրիլյան պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահության բոլոր հայտարարությունները։ Եռանախագահողների թե՛ երևանյան այցից հետո հունիսի 14–ին տարածած հայտարարությունում, երբ նրանք հանդիպեցին Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ, թե՛ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մնացականյանի ու Մամեդյարովի հանդիպումից հետո հրապարակած հայտարարությունում ակնարկ անգամ չկա Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի նշածս օրակարգի վերաբերյալ։ Սա բավական շոշափելի կորուստ է հայկական կողմերի համար։

Եթե ուշադրություն դարձնեք բրյուսելյան հանդիպումից հետո եռանախագահողների հայտարարությանը, կտեսնեք, որ այնտեղ տեղ է գտել «սուբստանտիվ բանակցություններ» ձևակերպումը, որը երկար ժամանակ Ադրբեջանի պահանջն է եղել, և ինչի մասին պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է։ Եվ, այո, այդ իմաստով Ադրբեջանն այս ընթացքում ԼՂ բանակցային գործընթացի օրակարգի հարցում, իսկ սա կարևորագույն նշակետ է, ունեցավ լուրջ ձեռքբերում։

-Ի՞նչ է դա նշանակում։

-Դա, ըստ էության, նշանակում է հիմնական, բովանդակային, այսինքն՝ զուտ կարգավորման շուրջ բանակցություններ, որը Բաքվի համար նշանակում է զուտ «տարածքների վերադարձ»։ Այսինքն՝ արձանագրվում է, որ այն օրակարգը, որը կար և վերաբերում էր շփման գծի միջոցառումներին, հիմա կորսված է։ Սա նաև արդյունք է Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության որդեգրած time out-ի քաղաքականության։

Եվս մի եզրակացություն՝ Հայաստանի գործող իշխանությունը, առհասարակ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ հայեցակարգ չունի։ Նախկին իշխանությունների հայեցակարգը, ինչի մասին բազմիցս ասել եմ, բավական ռացիոնալ էր և բանաձևը շատ պարզ՝ «Տարածքներ՝ ԼՂ կարգավիճակի դիմաց», (նկատի էր առնվում Արցախի Հանրապետության կարգավիճակ ոչ Ադրբեջանի կազմում):



Առաջին անգամն է, որ Հայաստանի իշխանությունը ԼՂ հիմնահարցի կարգավորման իր հայեցակարգը չի ներկայացնում։ Թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանն ունեցել են հայեցակարգ, լավ, վատ, ընդունելի, թե անընդունելի՝ դա այլ հարց է։

- Արդյո՞ք հայեցակարգ չէ, երբ Նիկոլ Փաշինյանի առաջին իսկ այցերից մեկի ժամանակ՝ հենց Արցախում, հայտարարվեց Ստեփանակերտի՝ բանակցային սեղան վերադառնալու հրատապության մասին, և դրանից հետո էլ մի քանի անգամ նման շեշտադրումներ եղան։

- Մի քանի անգամ, այդ թվում՝ օգոստոսի 17-ի հանրահավաքում ասվեց, որ վարչապետը չի պատրաստվում և չի բանակցելու Արցախի Հանրապետության անունից և հաջորդաբար ասաց, որ, եթե կարգավորման ընդունելի ծրագիր կամ մոդել ինքն ունենա, ապա կգա և կքննարկի այն Հանրապետության հրապարակում։ Նախ՝ սա մի անգամ ևս հաստատում է, որ գործող իշխանությունը հայեցակարգ չունի։ Երկրորդ՝ իրականում, այս երկու հայտարարությունները միմյանց հետ հակասության մեջ են․ եթե բանակցություններում Հայաստանը չի ներկայացնում Արցախի Հանրապետությունը, ապա այստեղից արդեն, բնականաբար, պարզ է դառնում, որ չես կարող Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգով բանակցել, քանի որ, ինչպես նշեցի՝ այդ օրակարգը վերաբերում է բացառապես շփման գծին, իսկ շփման գիծը Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև է։ Այստեղից նաև բխում է, որ Լեռնային Ղարաբաղն ինքը պետք է որոշի կարգավորման բանաձևը և թե ինչպիսի կարգավորում է տեսնում։ Իսկ այդ դեպքում, Նիկոլ Փաշինյանը պետք է սա քննարկի ոչ թե Երևանի Հանրապետության հրապարակում, այլ Ստեփանակերտում։

Ավելին՝ նախարարությունները, կառավարության կառույցները ԼՂ հարցով չեն կոորդինացվում։ Մեկ օրինակ` միայն ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարություն է անում, որ Հայաստանի Զինված ուժերը Ադրբեջանի հենակետ են ոչնչացրել Հայաստան-Նախիջևան սահմանագծում։ Սա առնվազն անհասկանալի, եթե չասեմ՝ անընդունելի է։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում․․․ որ ՀՀ-ն ագրեսիվ գործողությո՞ւն է իրականացրել։ Սա կարող է օգտագործվել մեր դեմ և ոչ միայն Ադրբեջանի կողմից։ Բազմաթիվ դիվանագետներ ինձ այդ հարցն ուղղել են, ի՞նչ է սա, ամբոխահաճության ևս մի նոր դրսևորու՞մ, թե՞․․․ չեմ ցանկանում շարունակել։

Արցախի հիմնահարցն ունի բազմաթիվ բաղադրիչներ՝ սկսած միջազգային ճանաչումից, մինչև հումանիտար, միջազգային տեղեկատվական, բազմահարթակ լոբբինգային, իրավական և շատ այլ բաղադրիչներ, որոնցից յուրաքանչյուրով պետք է զբաղված լինեին կառավարության մեկ կենտրոնից կոորդինացվող համապատասխան ենթակառուցվածքները, որոնք ստեղծված էլ չեն։ Կառավարությունը որևէ քայլ չի կատարել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ, ինչը պետք է լինի ոչ միայն մեր, այլև Սփյուռքի թիվ մեկ խնդիրը։

Օր առաջ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի և Արցախ Հանրապետությունները, վերջապես, ստորագրեն անվտանգության մասին այն պայմանագիրը, որի մասին 2016 թվականի ապրիլի առաջին օրերին խոսեց Սերժ Սարգսյանը։ Դրա նախագիծը վաղուց պատրաստ է, համաձայնեցված։ Բայց նախորդ իշխանություններն ինձ համար անհայտ պատճառներով դա չստորագրեցին, իսկ գործողներն էլ, առհասարակ, չեն անդրադառնում այդ թեմային։ Բազմաթիվ առումներով իրավիճակը խիստ մտահոգիչ է՝ նաև հաշվի առնելով, որ Ադրբեջանը շատ ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում, դիվերսիֆիկացնում է իր ռազմաքաղաքական և դիվանագիտական գործունեության դաշտը և վերջերս էապես ընդլայնել է Ռուսաստանի հետ իր համագործակցության տարածքը։ Նկատի ունեմ սեպտեմբերի 1-ին Պուտին –Ալիև հանդիպումը, ստորագրված փաստաթղթերը, պաշտոնական հայտարարությունները, բայց սա առանձին խոսակցության նյութ է։

- Օգոստոսի 17-ի հանրահավաքում Փաշինյանը հայտարարեց, որ ինքը դեռ մի բառ իսկ չի բանակցել։

- Դա առնվազն անհասկանալի հայտարարություն է։ Նախ՝ վարչապետը հունիսի 13-ին Երևանում հանդիպել և բանակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հետ, ինչպես նաև ԼՂ հարցը քննարկել է միջազգային գործընկերների հետ իր տարբեր հանդիպումներում։ Երկրորդ՝ այդ դեպքում ու՞մ անունից էր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 11-ին Բրյուսելում «սուբստանտիվ» բանակցություններ վարում Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափով։ Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հուլիսի 12-ին տարածած հայտարարության՝ «Նախարարները մտքեր փոխանակեցին տեղում տիրող իրավիճակի վերաբերյալ և քննարկեցին սուբստանտիվ բանակցությունների վերսկսման հետագա քայլերն ու պարամետրերը»: Եվ ընդհանրապես՝ իրականում բանակցությունները լոկ առերես հանդիպումները չեն: Գործող կառավարությունը ԼՂ հարցով բանակցում է Փաշինյանի վարչապետության առաջին իսկ պահից՝ մայիսի 8-ից, և շատ ցավալի է, որ այս պարզ իրողությունը չի գիտակցվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր