Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում          Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»       Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»    

20 սեպ 2018 22:57

Ընտրարշավը վեր հանեց մի շարք խորքային իրողություններ, որոնք սովորական առօրյայի մակերեսից չէին երևում

Տարիներով դիտում էի սովորական հայերի խնդիրները շրջանցող, «լավ ենք անում» սկզբունքով իշխողներին ու զարմանում, թե ինչու նրանց համար լսելի չէ մեր քննադատությունը, ինչու են այդքան համոզված իրենց անսխալականության մեջ, ինչու պիտի իրենք այդքան հարուստ, իսկ մենք` այդքան աղքատ լինենք նույն աղքատ պետության մեջ: Ու սպասում էի, թե երբ կկտրվի ժողովրդի համբերության` տարին տարվա վրա բարակող թելը: Այնպես որ, սիրելի եւ անմոռանալի նախկինները ոչ մեկից թող չնեղանան, բացի իրենցից, իրե՛նք են հեղափոխության հեղինակը` իրենց ագահությամբ, անականջությամբ ու ինքնահավանությամբ, իրենց կաբինետներում քաղաքական դաշտի քարտեզագրման տխեղծ գործելակերպով եւ ընտրողի քվեն արհամարհելով: Ընդդիմություն նշանակելով կամ քաղաքական դաշտից այս ու այն ուժին վտարելով: Եւ այլն` հանրահայտ է, չկրկնենք: 
 
Իսկ մենք բոլորս արդյունքում ստացել ենք այդ բոլորի արդյունք թավշյան ու դեռ շատ ամիսներ տեւելիք անորոշության եւ սպասումի մի ժամանակաշրջան, երբ կոռումպազերծ ապրելակերպին սովորելու խնդիր ունեն շատերը, երբ ինչին մատ են կպցնում` հազար ու մի անօրինականություն, թալան է բացվում, երբ նոր ու անհայտ պաշտոնյաները երբեմն չգիտես թե ինչ են անում, իսկ մենք բոլորս հույս ենք փայփայում, որ նորերն ի վերջո կսովորեն կառավարել: 
 
Ափսոս, որ անկախության պայծառ օրով եմ սա գրում` փոխանակ հպարտորեն հիշողությունների գիրկը ընկնելու եւ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեի` իմ ապրած հպարտ շրջանը վերաիմաստավորելու: Կամ միգուցե նոր մտածողությանը տուրք տամ ու գոնե այսօր գնամ-սելֆի անեմ Լիլիթ Մակունցի հետ, որպես ամենահայտնի գործչի, թե չէ` մենք ով ենք, որ հիշողություն ունենանք, անցյալ վերաիմաստավորենք, ո՛չ հայտնի գործիչ ենք, ո՛չ էլ գոնե հումորիստ:
 
Կլինի՞ քաղաքական հանգուցալուծում
 
Երկու օրից պարզ կլինի, թե ինչպիսին է քաղաքի ավագանու ընտրության պատկերը: Ճիշտ է ասում վարչապետը` ոչ թե քաղաքի ավագանու ընտրություն է այս կիրակի, այլ հստակեցում` դե յուրե ամրագրվելո՞ւ է հեղափոխությունը Հայաստանի քաղաքացիների համոզիչ քվեով, կանխորոշելով նաեւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ճակատագիրը:
 
Իրականություն դառնալո՞ւ է «Իմ քայլի» ձգտումը` մեծամասնություն ունենալ ավագանիում, ավագանի անցած մյուս ուժերին մղելով ընդդիմություն, թե՞, այնուամենայնիվ, քաղաքը կոալիցիայով ղեկավարելու անհրաժեշտություն է լինելու, քաղաքական հեռանկարի հստակեցումը եւս անորոշ ժամանակով հետաձգելով:
 
Եթե, այնուամենայնիվ, ներկայումս առկա ստվերային գործընթացները միավորեն «Իմ քայլի» մրցակից ուժերի ընտրողներին` քաղաքի ավագանու, ու նաեւ` քաղաքական ապագայի ոչ շահեկան պատկեր ձեւավորելով հեղափոխականների համար, ապա անկանխատեսելի է, թե ինչ տեղի կունենա ա՛յդ պարագայում:
 
Ամեն դեպքում, ընտրարշավին հետեւելով` առանձնապես համոզված չենք, որ քաղաքական հանգուցալուծումը մոտ է, քանի որ ընտրարշավը հետ տարավ քողը մի շարք թաքնված իրողությունների վրայից, անգամ թվացյալ դաշնակիցներից անհաշտ մրցակցող ու միմյանց մերկացնող կողմեր ստացավ:
 
Նախ` որ գնաց շատ հստակ բաժանարար գիծը հեղափոխության հիմնական շարժիչ ուժի եւ նրան պաշտպանող ուժերի միջեւ`«Իմ քայլի» թեկնածուի կողմից քաղաքական ուժերին սեւ ու սպիտակի բաժանելու պատճառով: Դա դարձավ կատալիզատոր, ոչ ոք այդ ուժերից այլեւս չզսպեց մյուսներին կշտամբելու կոշտ բառապաշարը: Առավել ակնհայտ դարձավ «Լույս» եւ «Իմ քայլը» դաշինքների հակադրությունը: Այս երկու դաշինքների ներկայացուցիչների մեղադրանքները միմյանց հասցեին ցույց են տալիս, որ այս ուժերի տարաձայնությունները խորանում են օր-օրի, ընդ որում` նրանց, ինչպես, ի դեպ, եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների` միմյանց մեղադրելու հիմնական շեշտադրումն այն մասին է, թե ով է գործակցել նախկին իշխանության հետ, ում ցուցակում կան նախկինների ֆավորիտներից: «Իմ քայլի» ակտիվիստները Ռոբերտ Քոչարյանի եղբոր դստերն են գտնում ԲՀԿ ցուցակում, «Լույսին» անվանում ՀՀԿ-ի հետ համագործակցող, ԲՀԿ-ականները` Միքայել Մինասյանին մոտ կանգնած անձանց են մատնացույց անում «Իմ քայլի» ցուցակում: «Լույսին» հիշեցնում են ոչ հեռու անցյալը, երբ Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին խորհուրդ էր տալիս կոշտ դիմակայությունից անցնել երրորդ ճանապարհին` Սերժ Սարգսյանի հետ երկխոսելուն:
 
Մեղադրանքներն ըստ էության հասկանալի են եւ բացարձակապես բոլոր ուժերի դեպքում տեղ ունեն` առաջ ո՞վ էր խորհրդարան անցնում առանց իշխանության «դաբրոյի»: Բանը հասել է քաղաքական այս ուժերի համակիրների կողմից սոցիալական ցանցերում հայհոյանքներ, սպառնալիքներ հնչեցնելուն միմյանց հասցեին, նույնիսկ ԲՀԿ ցուցակի առաջին համար Նաիրա Զոհրաբյանը ոստիկանությանն է դիմել եւ ներկայացրել հայհոյանքի ու սպառնալիքների կոնկրետ փաստեր անգամ նախարարությունների աշխատակիցների վերաբերյալ: Նա նույնիսկ եւրոպական կառույցներ հարցը հասցնելուց է խոսում: Այ, էս վերջինը չեղավ, Արփինե Հովհաննիսյանը քիչ էր, որ Եվրոպայից փորձում է տղա բերել Հայաստանի վրա` ժողովրդավարության եւ խոսքի ազատության խախտման հարցերը եվրոպական օրակարգ տանելով, Քոչարյանը քիչ էր, որ Պուտինին է տղա բերում երկրի վրա, հիմա էլ ֆեյքերի սպառնալիքները որպես պետական տեռորի կազմակերպման հարց պիտի քննի՞ Եվրոպան Հայաստանի վերաբերյալ. լրիվ ձեռքից գնացել եք, սիրելիներս, ուշքի եկեք:
 
Իհարկե, ընտրարշավը վեր հանեց մի շարք խորքային իրողություններ, որոնք սովորական առօրյայի մակերեսից չէին երեւում: Այն, որ վարչապետն ու նրա թիմակիցները խնդիր ունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու եւ հաջողելու առումով, սա ավելի ակնհայտ է դառնում հիմա, քանի որ նախկին թիմակիցները եւս («Լույսը») կարող են համալրել արտահերթ ընտրությունների գաղափարին դեմ ուժերի շարքերը` չէ որ դիմակայության արդյունքում նրանք կարող են լուսանցք մղվել եւ դուրս մնալ ապագա խորհրդարանից: Ու հանկարծ մի օր կարող է պարզվել, որ բացի «Քաղաքացիական պայմանագրից»` բոլորը դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Սա կարող է խնդիր դառնալ Նիկոլ Փաշինյանի համար, որքան էլ նա ասի` դուք ով եք, որ դեմ լինեք արտահերթ ընտրություններին, դա ժողովուրդն է որոշում:
 
Հետագա գործընթացներում ուղղորդող լինելու մի տարբերակ ունի «Իմ քայլը» դաշինքը`քաղաքի ավագանիում համոզիչ մեծամասնություն արտացոլող ժողովրդական քվե ստանալ: Բայց սա դժվար է այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը չլսեց ողջամիտ ձայները եւ անհաջող թեկնածուի պաշտպանեց որպես ավագանու ցուցակի առաջին համար: Եթե այդ առաջինը լիներ խարիզմատիկ ու բոլորի կողմից ընդունելի մեկը` հազիվ թե ԲՀԿ-ի առաջին համարն այդպես վստահ տաներ իր քարոզարշավը, կամ «Լույսի» թեկնածուն ավելի լավ լույսի մեջ երեւար: Հիմա հավանաբար Երեւանի 800 հազարից ավելի ընտրողի ձայները կբաժանվեն «Իմ քայլի», ԲՀԿ,-ի, «Լույսի», ՀՅԴ-ի միջեւ, ու Աստված գիտե` ինչ անսպասելի պատկեր կլինի քաղաքի ավագանիում` վտանգելով հեղափոխության քաղաքական հեռանկարը: Եթե նախկին իշխանության համակիր մնացած սոսկ վարչական ծառայողները քվեները տան ԲՀԿ-ի կամ «Լույսի» թեկնածուներին (ինչպես որ լուրեր կան այն մասին, որ ՀՀԿ-ն իր համակիրներին կոչ է անում այս երկու ուժերից որեւէ մեկին ձայն տալ), ՀՅԴ-ն ստանա իր ավանդական 6-8 տոկոսը, ապա կունենանք մի կարկատան, որը կկոտրի հեղափոխության թափը, որքան էլ Նիկոլը ՀՀԿ-ին ու արտահերթ խորհրդարանական ընտրությունները նպատակահարմար չհամարող մյուս ուժերին ասում է, թե` դուք ով եք, որ բան որոշեք, ժողովուրդն է որոշում արտահերթ ընտրություններ լինեն, թե ոչ: Հա, բայց ժողովրդի որոշելու ձեւն ընտրություններն են, որոնք, արդեն երեւում է, որ միանշանակ արդյունք չեն գրանցելու: Գումարած, որ այդ ընտրություններն անցկացնում է նախկին վատահամաբավ ԿԸՀ-ն: Գումարած, որ Փաշինյանն ընտրությունների օրվա առավոտյան, քվեարկելուց հետո մեկնելու է Վաշինգտոն, ՄԱԿ-ի ասամբլեային, ու կգա հինգ օրից, երբ ամեն ինչ պրծած կլինի: Միգուցե անկանխատեսելի ինչ-որ ստվերային շարժում է տեսել Փաշինյանը, որ անձամբ էր տանում իր թիմի քարոզարշավը, իսկ Մալաթիա-Սեբաստիայի ելույթում բոլորին կոչ արեց գնալ ընտրության ու ավարտել հեղափոխությունը: Տեսնենք:
 
Բոլոր դեպքերում` պետք է արձանագրել, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը հների վերադարձ չի ուզում` ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ նախագահների տեսքով, սա պետք է նշված մարդիկ ականջի օղ անեն ու իրենց չպարտադրեն ոչ թաքնված, ոչ միջնորդավորված, ոչ խաբեությամբ ու աճպարարությամբ, ոչ էլ «կոմերսանտներին» հարցազրույցներ տալով: Ի սեր Աստծո, թողեք առաջ նայի էս ժողովուրդը, օգնե՛ք առաջ նայի, եթե երկիր եք սիրում, անձնական օրինակով վրեժխնդրությունից հեռու պահեք Հայոց հողը:
 
Թե չէ` վարչապետն ասում էր`ժպտում ենք, բայց չենք կատակում (ասֆալտին փռելը կա ու կա):
 
Նիկոլ Փաշինյանի մասով. նա ունի խորհրդականներ, միգուցե նաեւ չերեւացող խորհուրդ տվողներ, որոնք նրան պարտավոր են հուշել, որ Հայաստանն այս է` կան հներ, նորեր, մի կողմ քաշվածներ, «աբիժնիկներ» եւ ձախողվածներ, իրենց ներուժը երբեւէ չօգտագործածներ, որոնց ոչ ոք չի ուզում նկատել: Հայաստանն այս բոլորն է: Որեւէ մեկը կհաջողի, եթե ներհասարակական հաշտության երաշխավոր լինի, եթե տեր կանգնի ողջ Հայաստանին`վերը թվարկածներին ներառյալ, եթե չջրի թշնամանքի ու դիմակայության ծառը: Միայնակ, մի ուժով, մյուսներին դիմակայելով, հասարակությանը սեւ-սպիտակի բաժանելով նոր Հայաստան դժվար թե կառուցվի: Նոր Հայաստանի առաջնորդը պետք է իրեն համարի բոլոր հայերի առաջնորդը` անկախ նրանից, թե ինչ են դավանում այդ հայերը կամ քաղաքական որ ուժի ամպհովանու տակ են: Սա` իմիջիայլոց:
 
Ամեն դեպքում` քաղաքի ավագանու ընտրությունը շատ բան կպարզի. տեղի կունենա՞ն արտահերթ խորհրդարանական ընտրություններ (սա հնարավոր կլինի միայն «Իմ քայլի» ստացած համոզիչ ու բարձր քվեով), կշարունակե՞ն համագործակցել այն ուժերը, որոնք հիմա կառավարության կազմում համագործակցում են հեղափոխական ուժերի հետ, ի վերջո կձեւակերպվի՞ հեղափոխությունը դե յուրե որպես քաղաքական իրողություն, որպես քվեարկության պատկեր, թե՞ կխորանա կենտրոնախույս զանազան ուժերի ստվերային շարժն ու քաղաքական ճգնաժամի պատճառ կդառնա:
 
Որեւէ իշխանափոխություն, հեղափոխություն վերջնականորեն լեգիտիմ է դառնում համապետական ընտրությունների քվեարկության պատկերով, այս դեպքում ներկայացել է մայրաքաղաքի ավագանու արտահերթ ընտրության առիթը:
Մարիետա Խաչատրյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր