Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

10 հոկ 2018 10:50

«Փաստ». Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է, որ ապագա խորհրդարանում ներկայացված լինի գոնե չորս ուժ

«Փաստ». Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է, որ ապագա խորհրդարանում ներկայացված լինի գոնե չորս ուժ«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ վերջապես որոշ մանրամասներ ներկայացվեցին ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Առարկայական փոփոխություններին դեռ հարկ կլինի անդրադառնալ: Այս պահին էական է այն հանգամանքը, որ ըստ Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցչի, Ընտրական օրենսգրքի հայեցակարգը հոկտեմբերի 5–ին ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ: Սա բնական է, այդպես էլ պետք է լիներ: Սակայն շատ ավելի ուշագրավ է ուղարկման ամսաթիվը, այսինքն՝ հոկտեմբերի 2–ին խորհրդարանում և նրա պատերի տակ տեղի ունեցածից երեք օր անց: Սա ինքնին հապճեպության նշան է, քանի որ օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումները կայացել են ամռանը, իսկ փաստաթղթի նախագիծը, մեր տեղեկություններով, պատրաստ է եղել շատ ավելի շուտ, քան հոկտեմբերի 5–ն է, ու մինչ այդ չէր ուղարկվել: Եթե հաշվի առնենք, որ փաստացի արդեն հստակ է, որ մինչև դեկտեմբերի կեսը Հայաստանում կանցկացվի Ազգային ժողովի արտահերթ ընտրություն, ապա տարօրինակ վիճակ ենք ստանում: Նախ, եթե Ընտրական օրենսգիրքը չենք հասցնում փոխել և ընտրությունների ենք գնում հին օրենսդրությամբ, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այսպես հրատապ փորձաքննության ուղարկել այն: Ի վերջո, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր նշել, Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ նախկինում անցկացված խայտառակ ընտրություններում մեղքը Ընտրական օրենսգրքինը չէ, և ամենևին կարիք չկա վերջինիս «նստեցնել մեղադրյալի աթոռին»: Հարցն ըստ էության քաղաքական կամքն է: Այդ պարագայում հանգիստ կարելի էր դեկտեմբերին գնալ ընտրությունների առանց հապճեպության:

Սակայն ելնելով հենց նույն շտապողականությունից՝ պետք է ենթադրել, որ իշխանությունները ցանկանում են մի ձեռքով երկու ձմերուկ բռնել, այն է՝ և՛ դեկտեմբերին ընտրություններ անցկացնել, և՛ առնվազն մինչ ընտրությունների նշանակման օրը, այսինքն՝ մոտավորապես մինչև նոյեմբերի 10–ը ընդունել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:
Սա առավել հավանական տարբերակ է նաև այն տեսակետից, որ Նիկոլ Փաշինյանին հիմա անհրաժեշտ է, որ ապագա խորհրդարանում ներկայացված լինի գոնե չորս ուժ: Ինչո՞ւ: Պարզ մաթեմատիկական հաշվարկ է. եթե նույնիսկ ֆանտաստիկ երևակայությամբ պատկերացնենք, որ ՔՊ–ն դարձյալ ստանում է 80 տոկոս քվե, իսկ մյուս բոլոր մասնակից կուսակցությունները միասին՝ 20, ապա երկրորդ և երրորդ տեղերը գրաված ուժերը, եթե նույնիսկ չհաղթահարեն 5 կամ 7 (4, 6) տոկոսի շեմը, խորհրդարանում կունենան 15–16–ական պատգամավոր: Արդյունքում ցանկացած իշխանության համար ավելի բարդ է գործ ունենալ այդպիսի ազդեցիկ ուժերի հետ, քան, ասենք, 7–10 հոգանոց երեք ուժերի: Ուստի պատահական չէ, որ փոփոխություններով նախատեսվում է կուսակցությունների համար անցողիկ շեմը սամանել 4 տոկոս, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս: Նախատեսվում է նաև, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի նվազագույն թիվը ներկայիս 3–ի փոխարեն դառնա 4՝ անկախ անցողիկ շեմից: Այսինքն, օրենքով երաշխավորվելու է, որ հաջորդ խորհրդարանում ներկայացված կլինի նվազագույնը 4 քաղաքական ուժ: Սա ինքնին բավական խոսուն է: Սակայն այս պարագայում ի հայտ է գալիս հենց այն մտահոգությունը, որը առկա է քաղաքական ուժերի գերակշիռ մասի մոտ. արդյո՞ք կուսակցությունները կկարողանան մեկ ամսում ադապտացվել նոր օրենսդրության պայմաններին ու նոր պահանջներով գնալ ընտրությունների: Սկզբունքորեն կուսակցություններն ուրիշ գործ էլ չունեն, քան կուսակցական շինարարությունը, և ցանկացած պահի պիտի պատրաստ լինեն ընտրությունների: Այդուամենայնիվ, ժամանակը չափազանց կարճ է նոր օրենսդրությանը հարմարվելու համար: Ժամանակը չափազանց կարճ է նաև փոփոխություններին ծանոթանալու, քննարկելու և ընդունելու համար: Թեպետ, մյուս կողմից, խորհրդարանում ստեղծված ներկայիս ստատուս քվոյի պայմաններում գուցե թե քննարկելու կարիք էլ չլինի:

Նոր օրենսգրքի հետ կապված՝ կան անհանգստություններ այն առումով, որ փաստացի անկուսակցական, որևէ կուսակցության ցուցակով առաջադրվել չցանկացող կամ հնարավորություն չունեցող անձինք մեկընդմիշտ զրկվում են ընտրվելու սահմանադրական իրավունքից: Սա ինքնին լուրջ խնդիր է, ինչին դեռ կանդրադառնանք հետագայում:
Ինչևէ, մինչև Ամանոր շատ հետաքրքիր օրեր են սպասվում: Ինչպես ասում են, թամաշայի պակաս չենք ունենա: Իսկ հետո: Հետո ձմեռ է...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր