Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

18 հոկ 2018 19:50

Գագիկ Ծառուկյանը ում հետ էր կռվում

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 18-ին Հայաստանում իր ներդրմամբ ստեղծվող բիթքոինի մայնինգի խոշոր կենտրոնի բացման առիթով շփվելով լրագրողների հետ, իրեն ուղղված քաղաքական հարցերից եղել է բավական նյարդային: Գագիկ Ծառուկյանը լրագրողներին է համարել Հայաստանի խնդիրների պատճառը, ասելով, որ բոլորին հետաքրքրում են «մուտիլովկաները»: Ծառուկյանը լրագրողներին որակել է անաղ ու հաց, ասելով «Դուք անշնորհակալ եք, մեկը չեղավ ասի՝ պարոն Ծառուկյան, հալալ ա ձեզ: Գնացեք դուք ձեր տերերին պահպանեք, ումից փող եք ստանում», հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:
Ծառուկյանի զայրույթը հասկանալի է, մի քանի պատճառներով, ու մի քանի առումով իհարկե նաեւ միանգամայն արդարացի:
Բանն այն է, որ Հայաստանում խորքային համակարգային խնդիրների պատճառների շարքում իրապես մեծ դեր ունի մամուլը, կամ այդ անվան կամ բնորոշման ներքո հանդես եկող որոշակի խմբավորումներ, որոնց գործունեության նպատակը իսկապես «մուտիլովկան» է, ոչ մի այլ բան: Այդ հանգամանքը բերել է համընդհանուր ԶԼՄ դաշտի դեգրադացման եւ մամուլ կամ լրագրող հասկացության համընդհանուր վարկաբեկման, ինչից տուժում են նաեւ այն լրատվամիջոցներն ու լրագրողները, որոնք այս տարիների ընթացքում բարեխղճորեն են կատարել իրենց մասնագիտական աշխատանքը:
Լրատվամիջոցի կամ լրագրողի անվան ներքո գործող բազմաթիվ սուբյեկտների գործը եղել է այն, որ առավոտից երեկո փորձել են մասնագիտական ցուցանակը ծառայեցնել այս կամ այն քաղաքական ուժին եւ գործչին «կցվելու» եւ անձնական հարցեր լուծելու համար: Ընդ որում, եղել են թերեւս սուբյեկտներ, որոնք համաժամանակ «կցված» են եղել տարբեր գործիչների, այդ թվում նաեւ միմյանց հակադիր գործիչների:
Իհարկե, նաեւ բավական տարածված է եղել երեւույթը, եւ համակարգի ներկայացուցիչները, կուսակիցները, սեղանակիցները անգամ իրար կենաց խմելուց հետո միմյանց դեմ տարբեր պատվերներ են տվել մամուլում, թեւրեւս նաեւ հենց իրենք լավ իմանալով այդ մասին:
Բարոյական որեւէ արժեք, առաքինություն եւ այդ կարգի այլ հատկանիշներ խորթ են եղել նախորդ իշխանական համակարգին, եւ այդ առումով թերեւս առանձնապես նորություններ չկան:
Ահա այդ տեսանկյունից Գագիկ Ծառուկյանը, լավ իմանալով այդ համակարգը, միաժամանակ նաեւ այդ իրազեկության հիմքով է տալիս իր բնորոշումները «լրագրողներին», որոնք ինչ որ իմաստով լինելով արդարացի, ինչ որ իմաստով էլ անկեղծ խոստովանություն են այդ իրավիճակի համար, եւ դրանով է պայմանավորված նրա բնորոշումները՝ անաղ ու հաց եւ անշնորհակալ:
Մյուս կողմից, չակերտավոր լրագրողներն ու մամուլը հետեւանք են, ինչպես որ հետեւանք է նաեւ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործիչը: Ծառուկյանն այդ իմաստով նյարդայնանում է թերեւս ոչ թե քաղաքական հարցերից կամ «մուտիլովկաներից», այլ քաղաքական կարգավիճակից ընդհանրապես, որը կանգնեցնում է այդպիսի անհրաժեշտության առաջ, ըստ էության հայելու առաջ՝ համակարգային հայելու, որի հետ էլ փաստացի նրա կռիվն էր:
Ծառուկյանն էլ քաղաքականության մեջ է հայտնվել առկա համակարգի հետեւանքով, որպեսզի պաշտպանի իր սեփականությունը, քանի որ չի եղել դրա օրինական պաշտպանության համակարգ: Մյուս կողմից, իհարկե, հարց է, թե արդյոք այլ, օրինական ու իրավական համակարգի պայմաններում Ծառուկյանը կկարողանար հասնել նույնպիսի բիզնես հաջողությունների:
Ընդհանուր առմամբ, Ծառուկյան-լրագրողներ այդ շփման ընթացքում նրա հնչեցրած հայտարարությունների մեջ արտացոլվել է նախկին համակարգի պերճանքն ու թշվառությունը: Եվ միաժամանակ նաեւ դրանից դուրս գալու հրամայականը հենց Գագիկ Ծառուկյանի համար: Հակառակ դեպքում հետեւանքները կարող են փոխվել դրսեւորումներով, սակայն ոչ բնույթով: Ծառուկյանը պարբերաբար անհարմարություններ ու խնդիրներ է ունենալու իր համար խորթ միջավայրում դերակատարման համար, առավել եւս առանցքային դերակատարման: Եվ գտնվելու են թե «լրատվական», թե փորձագիտական, թե քաղաքական տարբեր խմբեր ու սուբյեկտներ, որոնք իրենց անձնական շահերին են ծառայեցնելու Ծառուկյանի այդ դիրքային անհարմարությունը, նրան առաջարկելով լուծումներ եւ համոզելով, որ փրկիչ է, իսկ իրականում էլ ավելի խորացնելով նրա անհարմարությունն ու պարբերաբար նրան դնելով փրկվելու անհրաժեշտությունների առաջ:
Ներդրումային նոր նախագծի առիթով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ծառուկյանը հայտարարել է, որ առաջիկայում Հայաստան են ժամանելու ներդրողներ, որոնք պատրաստ են անել երկու միլիարդի ներդրում՝ կառուցելով երկաթի արտադրություն եւ տեքստիլի քաղաք: Գագիկ Ծառուկյանն ասել է, որ դա կլինի արտահերթ ընտրությունից հետո:
Ի՞նչ է փնտրում ԲՀԿ նախագահը՝ տեղ խորհրդարանում, որի դիմաց կանի ներդրումային նոր ծրագրե՞ր, թե՞ տեղ հայ ժողովրդի նորագույն պատմության կարեւոր փուլում, երբ կլինի քաղաքականության անմիջական մասնակցությունից կամովին հրաժարված, բիզնեսն ու քաղաքականությունն անձնական օրինակով տարանջատած առաջին խոշոր սեփականատերը, որը իշխանության հետ կքննարկի սեփականության պաշտպանության ոչ թե մանդատային, այլ ինստիտուցիոնալ, համակարգային խնդիրը:
Աղբյուր՝ lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր