Գեղեցիկը կփրկի աշխարհը, իսկ պարը կփրկի գեղեցիկը. Իշխան Գասպարյան
Հովհաննես Գասպարյանի
անվան պարի ակադեմիան հիմնադրվել է 2005 թվականին՝ Մոսկվայում: Այսօր այն արդեն 18
մասնաճյուղ ունի Մոսկվայում, մերձմոսկովյան շրջաններում եւ Հայաստանի տարբեր մարզերում:
Մեր զրուցակիցը ակադեմիայի հիմնադիր նախագահ Իշխան Գասպարյանն է:
-Պարոն Գասպարյան այսօր դուք ղեկավարում եք հաստատություն, որը եւ
մասնակիցների թվով, եւ աշխարհագրությամբ աշխարհում
ամենամեծ պարային կառույցներից է համարվում: Ինչպե՞ս ստեղծվեց Հովհաննես Գասպարյանի
անվան պարի ակադեմիան:Հետհայացք նետելով՝ գո՞հ եք մնում արդյունքից:
- Նման համույթ ունենալը մեր ամբողջ ընտանիքի եւ մասնավորապես
հորս՝ Հովհաննես Գասպարյանի երազանքն էր: Ցավոք, ժամանակից շուտ կյանքից հեռացավ հայրս
եւ նման կառույց հիմնելը արդեն մեր ընտանիքի համար դարձավ գերագույն նպատակ: 2005 թվականին
Մոսկվայում հիմնադրվեց ակադեմիան եւ կոչվեց հորս անունով:
Այսօր, երբ տոնում ենք ակադեմիայի հիմնադրման 13 տարին, չափազանց հուզիչ է հիշել առաջին օրը, երբ
միայն մեկ աշակերտ ունեինք, ի դեպ, խորհրդանշական է, որ նա էլ մի քանի ամիս անց, առաջին
անգամ ներկայացրեց մեր ակադեմիան մեծ բեմում: Այդ համերգի օրը՝ դեկտեմբերի
տասնչորսին էլ հենց նշում ենք ակադեմիայի տարեդարձը:
Հետագայում բացվեցին մեր Մոսկվայի ու մերձմոսկովյան շրջանների
մասնաճյուղերը, որտեղ երեխաներին սովորեցնում
ենք պարի լեզուն: Գիտեք՝ չափազանց կարեւոր է, որ հայ երեխան դրսում հնարավորություն ունենա շփվել հայկական արվեստի
հետ:Շատ հուզիչ է, երբ Մոսկվայում բնակվող փոքրիկը, որ հայերեն խոսել չգիտի, հայկական
պար է պարում...Բայց ժամանակի ընթացքում մենք հասկացանք, որ մեր անելիքը դրանով ավարտված համարել չենք կարող: Մեր կուտակած
ներուժն ու փորձը պետք է օգտագործենք նաեւ հայրենիքում եւ բացվեցին մեր հայաստանյան
մասնաճյուղերը: Սկզբում մայրաքաղաքում, հետո՝ Արտաշատում, Ավշարում, Աբովյանում, Էջմիածնում:
Հուսանք շուտով նոր մասնաճյուղեր կունենանք նաեւ Հայաստանի մյուս մարզերում:
-Մեծ կառույցը ենթադրում
է նաեւ մեծ ջանքեր եւ մեծ խնդիրներ: Ո՞րն է Ձեր հաջողության բանալին:
Մեր պարային ակադեմիան մի մեծ ամուր ընտանիք է: Իսկ ամուր ընտանիքի
հիմքում պետք է ընկած լինի սերը: Այս դեպքում՝ սերը ու նվիրումը կատարած աշխատանքին:
Մեր ակադեմիայում հավաքված են ստեղծարար ու ստեղծագործ մարդիկ, որոնք ներդնում են իրենց
ամբողջ ներուժը հաջողության հասնելու համար:
Սա կառույց է, որտեղ ողջունվում է միայն իրական
նվիրյալ մասնագետների մուտքը: Պարարվեստը, շոյվելով այդ վերաբերմունքից, այնքան հոգատար
է եղել մեր նկատմամբ, որ կարողացել ենք մեծանալ
ու ծավալվել:
Պարը ինձ համար հոգու եւ մարմնի նուրբ երկխոսություն է, որը
պետք է ունենա հոգեւոր նշանակություն: Ես փորձում
եմ ամեն կերպ դա ներարկել մանկավարժների մեջ, որն էլ կներարկվի սաների մեջ:Ամեն կերպ
փորձում ենք կենցաղը դուրս հանելմեր հաստատության սահմաններից եւ երեխաների համար ապահովել
կախարդական մթնոլորտ:
Հաջող գործունեության հիմքում պետք է ընկած լինի ամուր գաղափարախոսություն:
Մենք մի շարք կարգախոսներ ունենք, որոնք ժամանակին մշակել ենք հորս հետ: Այդ կարգախոսներից
մեկն է՝ բացահայտելով նոր անուններ, մենք կերտում ենք մեր ապագան: Նոր անուններն, ի
դեպ, միայն աշակերտներին չի վերաբերվում: Մեր պարային կառույցը նաեւ շատ լավ մանկավարժներ
է բացահայտում, որոնք հետագայում էտալոն պետք
է դառնան սաների համար: Սաների , որոնք հազարավոր մարդկանց առաջ պետք է ներկայացնեն
մեր ակադեմիան:
-Պարի ակադեմիայում ընդունելությունը
երեք տարեկանից սկսվում: Ունեք պարողներ, որոնք արդեն քսան տարեկան են: Ի՞նչ սկզբունքով
եք կազմավորում խմբերը եւ յուրաքանչյուր երեխա կարո՞ղ է լավ պարող դառնալ:
Աշխատասիրություն եւ ցանկություն, այս երկու հատկանիշները ունեցող
մարդը անպայման կարող է պարել: Մեր ակադեմիայում պարի լեզուն սովորելու հնարավորություն
ստանում է յուրաքանչյուրը, ով նման ցանկություն ունի: Նոր ընդունված երեխաները սովորաբար
նախապատրաստական խումբ են հաճախում, սովորում անել առաջին քայլերը, հետո նոր միայն
միանում ընդհանուր խմբին: Մեզ մոտ, ի դեպ, ընդունված է, որ մեկ խմբում միաժամանակ աշխատում
են երկու եւ ավելի պարուսույցներ: Դա հնարավորություն է տալիս անհատական վերաբերմունք
ապահովել յուրաքանչյուր երեխայի հանդեպ եւ բացահայտել նրանց ներուժը, բնածին տաղանդը:
Տարին մենք ամփոփում ենք մեծ մենահամերգով: Երեւան են գալիս
նաեւ Մոսկվայի մասնաճյուղերի սաները: Հուլիսին օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
հանդիպում են բոլոր տասնութ մասնաճյուղերի աշակերտները: