Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

24 դեկ 2018 14:50

Սերժ Սարգսյանին պետք էր ինչ-որ մեկի վրա բարդել «ընդամենը 800 հեկտարի» կորստյան մեղքը, ու ամենահարմարը զինվորականներն էին

Սերժ Սարգսյանին պետք էր ինչ-որ մեկի վրա բարդել «ընդամենը 800 հեկտարի» կորստյան մեղքը, ու ամենահարմարը զինվորականներն էինՊատկերացրեք՝ տեղի է ունեցել մեծ կողոպուտ, իրավապահներն ինչ-որ մեկին բռնել են, իսկ իրական կողոպտիչները, որ տարիներ շարունակ ազատության մեջ վայելում էին գողոնը, հանկարծ հեռուստացույցով տեղեկանում են, որ այդ «ինչ-որ մեկին» բաց են թողել: Բնականաբար, առաջին արձագանքը կլինի խուճապը: Որովհետեւ ակնհայտ է, որ դրանից հետո իրական կողոպտիչների որոնումները շարունակվելու են նոր թափով:
Ըստ երեւույթին հենց այդ վիճակում էլ հայտնվեցին Սերժ Սարգսյանն ու նրան սպասարկող լրատվամիջոցները՝ տեղեկանալով, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ զինված ուժերի հետախուզությունը ղեկավարած եւ հետագայում պաշտոնանկ արված Արշակ Կարապետյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Չէ՞ որ ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը մի քանի գեներալների պաշտոնանկ էր արել ու համարել, որ այդպիսով «գլխավոր մեղավորները» բացահայտված են, թեման փակված է, եւ իրեն այդ հարցով այլեւս չեն անհանգստացնելու: Դրա համար էլ անմիջապես ահավոր աղմուկ բարձրացրեցին՝ իբր «այդ ի՞նչ խայտառակ նշանակում էր, մոռացե՞լ եք, որ նա ապրիլյան պատերազմի հիմնական մեղավորներից մեկն էր»:
Նախ՝ ապրիլյան պատերազմի մասին: Չգիտես ինչու՝ «կադրային հետեւություններ արվեցին» միայն բանակի մասով, թեեւ ակնհայտ էր, որ մեղավորների ցանկում բանակն ամենավերջինն է /եթե ընդհանրապես մեղավոր է/: Ապրիլյան պատերազմին Ադրբեջանը նախապատրաստվում էր տարիներ շարունակ՝ միլիարդավոր դոլարների ժամանակակից սպառազինություն էր ձեռք բերում, միջազգային հարթակներում հիմնավորում էր ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու իր «իրավունքը» եւ այլն, իսկ Հայաստանի իշխանություններն այդ ընթացքում մտածում էին միայն այն մասին, թե ոնց փոխեն Սահմանադրությունը, որ Սերժ Սարգսյանը շարունակի միանձնյա ղեկավարել երկիրը: Մեր արտգործնախարարությունն էլ այդ ընթացքում իր հիմնական գործառույթը համարում էր արտաքին աշխարհի առաջ այդ «անհրաժեշտությունը» հիմնավորելը: Արդյունքում եղավ ապրիլյան պատերազմը, ու եթե չլինեին մեր բանակի բացառիկ տոկունությունն ու համաժողովրդական աջակցությունը, հետեւանքներն աղետալի կլինեին: Այսինքն՝ ապրիլյան պատերազմի ժամանակ բանակը ոչ թե ձախողվել է, այլ բոլորիս փրկել է կատարյալ ձախողումից: Ձախողում, որին հետեւողականորեն հասցրել էին արտաքին քաղաքականության պատասխանատուները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Վերցնենք թեկուզ հետախուզության տվյալները: Լավ, ենթադրենք՝ մեր հետախուզությունը, Արշակ Կարապետյանի ղեկավարությամբ, լավ չի աշխատել: Բայց ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ԱՄՆ արբանյակային հետախուզությունները գիշեր-ցերեկ վերահսկում են մեր տարածաշրջանը եւ ի վիճակի են արձանագրել ցանկացած շարժ՝ եթե անգամ ճանճը ադրբեջանական սպայի ուսադիրից ցատկում է մեկ այլ սպայի ուսադիրի վրա: Հասկանալի է, չէ՞, որ ադրբեջանական տանկային զորամասերի տեղաշարժերն աննկատ չէին մնա: Ուրեմն ինչո՞ւ ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ը մեզ չեն նախազգուշացրել: Համաձայնվեք՝ սա արդեն բանակի խնդիրը չէ, սա պետության քաղաքական ղեկավարության խնդիրն է եւ վկայում է այդ ղեկավարության կատարյալ ձախողման մասին: Բայց Սերժ Սարգսյանին պետք էր ինչ-որ մեկի վրա բարդել «ընդամենը 800 հեկտարի» կորստյան մեղքը, ու ամենահարմարը զինվորականներն էին: Էլ չենք խոսում «80-ական թվականների զենքերի» մասին /կարծես թե, իրենք բանակին հսկայական գումարներ էին հատկացրել, իսկ գեներալներն այդ գումարներով ժամանակակից սպառազինության փոխարեն մաշված անվադողեր ու պահածոների դատարկ տուփեր էին գնել/:
Հիմա Սերժ Սարգսյանը, ըստ երեւույթին, հասկացել է, որ ոչ ապրիլյան պատերազմը, ոչ Նախիջեւանի ուղղությամբ ադրբեջանական աշխուժացմանը չհակազդելը վաղեմության ժամկետներ չունեն, եւ մի քանի գեներալների մեղավոր նշանակելու մարտավարությունը չի աշխատելու: Այստեղից էլ՝ «կանխարգելիչ» աղմուկ-աղաղակը:
Ինչպես միշտ՝ առանց հետեւանքների մասին մտածելու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր