Հիմա կոռուպցիա չկա, սակայն մարդիկ էլի լավ չեն ապրում. ճիշտ չէ մարդկանց անընդհատ երեսով տալ հեղափոխությունը

Խոսելով աղքատության մասին և վերադառնալով 90-ականներ՝ Մարուքյանը նշեց, որ այն ժամանակ դրա միակ ու անկրկնելի մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, 2000-ականներին՝ Ռոբերտ Քոչարյանը, մինչև 2018 թվականը՝ Սերժ Սարգսյանը. «Մեզ այդպես են սովորեցրել: Իսկ հիմա, հեղափոխությունից հետո հեղափոխության լիդերն ասում է, որ աղքատությունը մարդկանց գլուխներում է, որ մարդիկ պետք է այնպես անեն, որ աղքատությունը հաղթահարվի, ու տնտեսական հեղափոխություն կլինի: Այստեղ կա հարց, կառավարիչները ինչ պետք է անեն: Հետո մեկ այլ հարց է առաջանում՝ ինչու են նախկինում կառավաիչները մեղավոր եղել, իսկ հիմա՝ ոչ: Մարդիկ միշտ ունեցել են անտիհերոս և հերոս, մտածել են, որ եթե հերոսը գա, բոլորը լավ կապրեն: Մի անգամ դա եղավ, ու մենք աջակցում ենք նրան: Սակայն մարդիկ միանգամից չեն սովորելու նրան, որ անտիհերոսին տեղից հանող հերոսը այլևս չի լինելու վատ լինելու պատասխանատուն, և մարդիկ շարունակելու են պահանջել: Պահանջում են, պահանջելու են ու ճիշտ են անում, քանի որ մեր համակարգն է այդպիսին: Երբ համակարգը փոխվի, ազատություններ տրվեն, մարդիկ կարող են գնալ այլ ճանապարհով»:
Պատգամավորը նշեց, թե 20 տարի մարդկանց սովորեցրել են, որ կոռուպցիա եթե չլինի, լավ կապրեն, սակայն հիմա կոռուպցիա չկա, սակայն մարդիկ էլի լավ չեն ապրում:
Մարուքյանի խոսքերով, հեղափոխությունն արդեն եղել է և ճիշտ չէ մարդկանց անընդհատ երեսով տալ. «Փաշինյանն այդքան չի երեսով տալիս, որքան մարդիկ, ովքեր կապ չունեն դրա հետ, ուղղակի բախտի բերմամբ տեղավորվել են հեղափոխության շարքերում: Հիմա այդ մարդիկ ինչ-որ բաներ են հիշեցնում մեզ, մեր գործընկերոջ քիթը հիշեցնում: Սա անընդունելի է: Սակայն մենք ներողամիտ ենք, հասկանում ենք, որ նոր են, անփորձ են»: