Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին    

22 մար 2019 16:30

ՀՀ-ում կարծում են՝ հեղափոխություն է եղել, գողացած գումարները հետ կբերեն...

ՀՀ-ում կարծում են՝ հեղափոխություն է եղել, գողացած գումարները հետ կբերեն...Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպմանը դասախոսություն կարդաց Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարների մասին:
«Ինչու՞ Հայաստանի մասին, քանի որ Հայաստանը Հայաստանն է և Արցախն է, կա միասնական տնտեսություն, և մեր ապագան պայմանավորված է Հայաստանի տնտեսության զարգացմամբ»,- ասաց Արցախի նախկին վարչապետը:

Արայիկ Հարությունյանի նկատառմամբ՝ պետք է հասկանալ՝ ի՞նչ ճանապարհ  պետք է ընտրել արտաքին և ներքին մարտահրավերներին դիմակայելու համար: «Իհարկե, բոլոր հացերի լուծումը տնտեսության զարգացման մեջ է: Եվ պատկերը ներկայացնելով՝ մենք պետք է հասկանանք, թե ինչ ճանապարհ ենք ընտրում, որպեսզի ունենանք մեր երազած երկիրը, որպեսզի մեր սերունդներին փոխանցենք երկիր, որտեղ հաճելի կլինի ապրելը»,- ասաց նա: 

Նա մատնանշեց՝ վերջերս հրապարակված համաշխարհային երջանկության ինդեքսը, որտեղ Հայաստանը 16  կետով առաջ է անցել, բայց դեռ 116-րդն է, մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի հաշվով նորից 110-րդ տեղից այն կողմ ենք: «Արդյոք մեր երազանքն ա՞յն է, որ լինենք 100-ից այն կողմ»,- հարց բարձրացրեց նա:

Արայիկ Հարությանը խոսեց իր երազանքի մասին: «Այն, երևի, բոլորի դեպքում նույնն է: 1982-83 թվականներին, երբ սկսեցի հասկանալ, թե ինչ են Հայաստանը, Արցախը, Սովետական Միությունը, իմ ու իմ սերնդակիցների երազանքը եղել է, որ Արցախը լինի Հայաստան: Մեզ համար պատիվ է հայկականը ուտելը, հարսանիքներին, տխրություններին Երևանից բերված սննդամթերքն ուտելը, ծխախոտ ծխելը: Շատ կարճ ժամանակամիջոցում մեր երազանքն իրականացավ, երբ սկսվեց 1988թ. շարժումը, հետո անկախացում, պատերազմ, հետո արդեն սկսվեց հետպատերազմյան ժամանակահատվածը»,- ասաց նա:
Նա հիշատակեց, որ դեռ 2006 թվականին կանխատեսել էր, որ արդեն 2014-2016-ին կլինի պատերազմ. հաշվի էր առնվել Ադրբեջանի տնտեսական հնարավոր աճը՝ Բաքու-Թիֆլիս-Ջեյհան նավթամուղի գոյության պայմաններում:

«Մենք ապրիլին արդեն հասկացանք, որ այս պատերազմում շատ ավելի կարևոր է տնտեսական, ֆինանսական բաղադրիչը»,- նկատեց նա, ապա հավելեց, որ ենթադրվում է, որ 10-15 տարում ԼՂ հիմնախնդրի լուծում չի լինի, և այս ընթացքում մենք պետք է զարգացնենք մեր տնտեսությունը:

Մարտահրավերներին դիմակայելու համար, ըստ Արցախի նախկին վարչապետի, պետք է ապահովել տնտեսական աճի տեմպ: «Պետք է հաշվի առնել, որ ավարտին է մոտենում Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող «Հարավային միջանցք» ծրագիրը, որով Ադրբեջանը նպատակ ունի իր գազը տեղափոխել Եվրոպա»,- ասաց նա՝ հավելելով, որ դա թույլ է տալու Ադրբեջանին շարունակել սպառազինության ավելացումը, և սպառնալիքի լեզվով խոսել,- հետաքրքիր բան կա. նավթի բարելի գնի հետ տատանվում է Ադրբեջանի ղեկավարի ձայնի կոշտությունը»:

Նա ներկայացրեց տնտեսության պատկերը աշխարհում՝ տարբեր երկրների և Հայաստանի օրինակով: Նրա դիտարկմամբ՝ երկրների համախառն ներքին արդյունքն արտացոլվում է բյուջեով: «Միջին համաշխարհային ՀՆԱ-ն կազմում է 10 000 դոլար, ԱՄՆ-ի դեպքում այն՝ 60 000 է, Իսրայելի դեպքում ՝ 40 000՝ 10 անգամ ավելի Հայաստանից: Նույնը արտացոլվում է նաև բյուջեում»,- ասաց նա:

Ի՞նչ պետք է անել: Ըստ Արայիկ Հարությունյանի՝ պետք է ներդրումներ ունենալ՝ ուղղակի և անուղղակի, պետական և մասնավոր խողովակներով: «Մենք գիտենք, որ Հայաստանի խնայողությունները շատ քիչ են, և ռեսուրսներ չեն ձևավորվում:  Արտաքին ներդրումների առումով չունենք մեծ ծրագրեր, բայց ունենք լայն հնարավորություններ զարգացման՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում»,- ասաց նա:

Արցախի նախկին վարչապետն ունի մեկ առաջարկ, որը նաև բաց նամակով է եղել ուղղված ՀՀ վարչապետին. պետք է համարձակ գնալ պարտքի ավելացման՝ պետական և արտաքին, ապահովել ներդրումներ՝ այդպես ապահովել նաև տնտեսական աճ: «Ուղղությունները կան, պետք է ունենալ բյուջեի դեֆիցիտ՝ համապատասխան բարձր տոկոսով և տարբեր գործիքակազմով նաև ներդրումներ, ոչ միայն պետական բյուջեով»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ դեֆիցիտից չպետք է վախենալ, այն պետք է ուղղել տնտեսության զարգացմանը, ենթակառուցվածքների կառուցմանը, կապիտալի ավելացմանը և այլն:
«ՀՀ-ում ձևավորվել է մի մթնոլորտ, որ պարտքը պետք է նվազեցնել: Կարծում են՝ հեղափոխություն, իշխանափոխություն է եղել, գողացած գումարները կբերեն, բայց մեզ ավելի շատ պետք է տնտեսական աճ, որ բյուջեն մեկ շնչի համար լինի ոչ թե 1000-1200 դոլար, այլ լինի առնվազն՝ 5000, 7000, 10 000 դոլար, որպեսզի ունենանք ժողովրդագրական աճ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ եթե ուզում ենք դիմակայել մարտահրավերներին, պետք է գնանք համարձակ քայլերի:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր