Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

30 մար 2019 19:00

Հետաքրքրական է, որ հղիության մասին լուրը կնոջ ներաշխարհում հաճախ երկակի զգացում է առաջացնում

Հետաքրքրական է, որ հղիության մասին լուրը կնոջ ներաշխարհում հաճախ երկակի զգացում է առաջացնումՀղիությու՜ն. երջանկության ինն ամիսներ, երբ կնոջ օրգանիզմում ձևավորվում և զարգանում է նոր կյանք, որը, բնականաբար, ուղեկցվում է  ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններով: 
 
Հղիությունը չի դասակարգվում որպես հիվանդություն, սակայն անհրաժեշտություն ունի համապատասխան մասնագետի հսկողության: Կարելի է ասել` հղիությունը բնության ամենագեղեցիկ և սպասված հրաշքն է: 
 
Հետաքրքրական է, որ հղիության մասին լուրը կնոջ ներաշխարհում հաճախ երկակի զգացում է առաջացնում: Որոշ հեղինակներ կարծում են, որ նույնիսկ ամենացանկալի հղիությունն ուղեկցվում է հակասական հուզական վիճակներով. և՛ ուրախություն, սպասում, և՛ վախ, տխրություն: 
 
Հղիությունը կնոջը դարձնում է հուզականորեն խոցելի, նպաստում է անհանգստության առաջացմանը, իսկ բացասական զգացողությունները կնոջը դարձնում են ավելի զգայուն, պահանջկոտ շրջապատի նկատմամբ: 
 
Հղի կնոջ համար ամենաչնչին բանն անգամ կարող է զայրանալու պատճառ դառնալ: Նույնիսկ եթե կինը մինչև հղիությունը աչքի էր ընկնում հանդարտությամբ, ապա նոր կարգավիճակում նա կարող է հեշտությամբ տագնապել, նյարդայնանալ: Տագնապի խթանմանը նպաստում է նաև ապագա մայրիկի մեկուսացումն ակտիվ կյանքից: 
 
Եթե կինը միշտ ձգտել է որոշակի կայունության և հավասարակշռության, ապա շատ հավանական է, որ երեխայի ծնունդը կառաջացնի նրա մոտ միտք՝ ինչպե՞ս ամեն ինչ կարգավորել: Հղի կնոջ հոգեբանությունն իր յուրահատուկ առանձնահատկություններն ունի հղիության յուրաքանչյուր եռամսյակում.
 
Առաջին եռամսյակը բնորոշվում է անկայուն տրամադրությամբ. մի կողմից երեխա ունենալու գիտակցված ցանկությունը, մյուս կողմից՝ անվստահությունը սեփական մայրական հնարավորությունների հանդեպ: Ի հայտ է գալիս զգայունություն, նեղացկոտություն և կամակորություն, որոնք ուղեկցվում են ուշադրության մեծ պահանջով:
 
Երկրորդ եռամսյակը համեմատաբար հանգիստ, հուզականորեն կայուն շրջան է համարվում: Ապագա մայրիկն աստիճանաբար հարմարվում է իր ոչ սովորական կարգավիճակին:
 
Երրորդ եռամսյակում արդեն սպասում է ապագա երեխայի լույս աշխարհ գալուն և կենտրոնացած է ծննդաբերության ընթացքի, մայրական հնարավորությունների, երեխայի խնամքի հետ կապված մտքերի վրա:
 
Հղիության ողջ ընթացքը անչափ կարևոր է հոգեբանական տեսանկյունից, քանի որ պտղի զարգացման, ինչպես նաև երեխայի հետագա հոգեկան զարգացման վրա մեծապես անդրադառնում է պտղի և մոր միջև եղած հոգեբանական կապը, հղի կնոջ հուզական վիճակը: Այդ է պատճառը, որ հղիության ընթացքում խրախուսվում է դրական հուզական վիճակը, հաճելի և գեղեցիկ վայրեր հաճախելը, նախասիրություններով զբաղվելը, մաքուր օդում զբոսանքները, ընտանեկան ներդաշնակ հարաբերությունները:  
 
Եթե բացասական հույզերը հաճախ են անհանգստացնում, փորձեք հաղթահարել այն գրելու, նկարելու կամ Ձեզ աջակցող մարդկանց հետ շփվելու  միջոցով: Ժամանակակից կյանքում ընդունելի է նաև հոգեբանին դիմելը` հոգեբանական անհատական մոտեցումների շնորհիվ  ավելի արդյունավետ է հուզական ոլորտի վերահսկումը, ներքին ներդաշնակության ամրապնդումը: Ի վերջո, և՛ կնոջը, և՛ ամուսնուն անհրաժեշտ է հոգեբանական պատրաստվածություն նոր կարգավիճակի և դրանից բխող գործառույթների համար: 
 
Պոզիտիվ հոգեբանությունից օգտակար կլինի նաև այն,  որ  կոնկրետ դրական մտքեր ամեն օր կրկնելով, 
 
Դուք կարողանում եք ձևավորել դիրքորոշում երջանիկ հղիության համար, օրինակ. 
Իմ հղիությունը բնական է, նորմալ և անվտանգ ինչպես իմ, այնպես էլ երեխայի համար:
Ես աշխարհի ամենալավ մայրիկն եմ:
Իմ երեխան երջանկություն է ինձ համար:
Ես հանգիստ եմ: Իմ երեխան զգում է այդ հանգստությունը և հանգիստ է, ինչպես և ես:
 
Հ.գ.թ. դոցենտ Սոնա  Հարությունյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր