Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

01 հուն 2019 16:48

Ադրբեջանի նախագահին երկար վստահել հնարավոր չէ.նրանք երբեք էլ առիթը բաց չեն թողնի ժամանակ առ ժամանակ սադրանքների գնալու

Ադրբեջանը հավատարիմ չմնաց սահմանին կայունություն պահպանելու վերաբերյալ  պայմանավորվածությանը: Այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։

«Ադրբեջանը նախագահը բավարար ջանքեր չգործադրեց և չի գործադրում, որպեսզի այդ պայմանավորվածությունը մնա և սահմանին կայունությունը պահպանվի»,-ասաց նա՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին և դրանից բխող ԵԱՀԿ Մինսկի համանախագահների այցին, որոնք, ըստ նրա, փոխկապակցված են։
Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ մայիսի 30-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց, թե առաջնագծում՝ Աղդամի հատվածում սպանվել է ադրբեջանցի զինծառայող, որին իբր թե հայ դիպուկահարներն են սպանել։ «Սակայն ադրբեջանական ՊՆ հաղորդագրությունում նշված չէր, որ այդ զինծառայողը մայոր է, ավելին՝ գումարտակի հրամանատար։ Սա արդեն իսկ կասկածներ է հարուցում, թե ինչ գործ ուներ մայորը առաջնագծի հատվածում, որը կարող էր տեսականորեն խոցվել հայկական դիպուկահարի կրակոցից, եթե անձամբ իրենք պնդում են, որ ունեն այնպիսի տեսադիտարկման համակարգեր, որոնք առնվազն հրամանատարական ներկայացուցիչներին չեն ստիպում դուրս գալ նայել հայկական կողմ և հայտնվել նշանառության տակ։ Առավել ևս գումարտակի հրամանատարն ամենօրյա ծառայություն չի իրականացնում առաջնագծում, դա բազամաթիվ կասկածներ հարուցեց»,-ասաց նա։

Ավելի ուշ, ըստ փորձագետի, նախկինում Ադրբեջանի ՊՆ-ի հետ կապ ունեցող անձանցից մեկը՝ բլոգեր, լրատվական գործունեությամբ զբաղվող, հայտնել է, որ այդ մայորը սպանվել է գումարտակային դասերի ժամանակ, որոնք որևէ կերպ չեն անցկացվում առաջնագծում։ «Այստեղ բազմաթիվ կասկածելի հանգամանքներ կան և ավելի շատ հիմքեր կան պնդելու, որ ներսում եղած խնդիրների հետևանքով է այդ մայորը սպանվել։ Ամեն դեպքում տեղեկություն տարածեցին, երբ ԵԱՀԿ համանախագահները Ադրբեջանում էին՝ անմիջապես մեղադրեցին հայկական կողմին առանց ապացույցի»,-ասաց նա։ 
Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ հաջորդ օրը Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարության բաժնի պետերից մեկը՝ քաղաքագետ, պատգամավոր Այդին Միրզազադեն, բառացի հայտարարեց, որ խնդրում է իրենց  դիպուկահարներին առաջնագիծ այցի ժամանակ ՀՀ վարչապետ և գլխավոր հրամանատար Փաշինյանին գնդակահարել կամ սպանել ՀՀ պաշտպանության նախարարին:
«Այդ սադրանքը նաև վերաճեց ակնհայտ ագրեսիվ հայտարարության, իշխող կուսակցության պատգամավորի կողմից: Սա որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, երբ պատգամավորը կոչ է անում սպանել մեկ այլ պետության վարչապետին և պաշտպանության նախարարին»,-ասաց Տարոն Հովհաննիսյան: Նրա խոսքով՝ այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը որևէ կերպ չի փոխել իր սադրիչ գործողություները՝ սահմանին վիճակը ապակայունացնելու, լարելու ուղղությամբ։
Հովհաննիսյանն անդրադարձավ այսօր Մարտակերտի հատվածում հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայողի սպանվելուն։ «Իրենք գնացին ավելի խորը սադրանքի»,-ասաց նա՝ նկատելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից երբեք հասցեական հայտարարություններ չենք լսում։
Փորձագետը նշեց, որ այս ամենի հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է հետաքննական մեխանիզմներ տեղակայել առաջնագծում, ինչը կլիներ չեզոք գործիք՝ իմանալու, թե ում կրակոցից է խախտվել հրադադարը։
«Չունենք գործիք օբյեկտիվորեն ցույց տալու, թե որ կողմն է իրական սադրանքների գնացողը, սա միայն ձեռնտու է Ադրբեջանին: Իրենք են սադրող, ագրեսոր, իրավիճակը ապակայունացնող կողմը և չեն ուզում, որ չեզոք աչքերով այդ ամենը  ֆիքսվի»,-ասաց նա։
Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ սահմանին կայունություն հաստատելու հայ-ադրբեջանական պայմանավորվածությունը ձախողված է, Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2018-ի սեպտեմբերի 28-ին Դուշամբեում, ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում, երբ բանակցային գործընթացն իր ձևաչափով դեռևս վերականգնված չէր, ուստի դա ժամանակավոր բնույթ էր կրում։ Ըստ փորձագետի՝ նման պայմանավորվածությունները չեն կարող հավերժական լինել. միակ մեխանիզմը փոխվստահությունն է, մինչդեռ Ադրբեջանի նախագահին երկար վստահել հնարավոր չէ։
Ըստ նրա, սակայն, սա չի նշանակում, որ բանակցությունների գործընթացը կդադարեցվի՝ արդեն կան ԱԳՆ-ների մակարդակով պայմանավորվածություններ։ «Բայց շատ ցածր է հավանականությունը, որ կլինի տևական խաղաղություն և առհասարակ սադրանքներ չեն լինի։ Ադրբեջանը երբեք էլ առիթը բաց չի թողնի ժամանակ առ ժամանակ սադրանքների գնալու»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է լայնածավալ ռազմական գործողություններին, ապա նա նշեց, որ կանխատեսումներ անել հնարավոր չէ:
«Մի բան հստակ է՝ եթե Ադրբեջանը երբևիցե հասկանա, որ կարճ ժամանակում կկարողանա իր տեսակետից  հաջողված ռազմական գործողություններ վարել, չի վարանի դա իրականացնել: Այս պահին այդ վստահությունը չունեն, որովհետև ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այդ մարտավարությունը ձախողվում է։ Այսինքն՝ այս պայմաններում մի փոքր բարդ է պատկերացնել, որ 90-ականների նման մի քանի տարի մենք կարող ենք պատերազմել և, կոպիտ ասած, դա մեզ կթույլատրեն, որովհետև դա ձեռնտու չէ ոչ մի միջազգային  խաղացողի, որն այստեղ ունի իր շահերը և թույլ չի տա, որ երկարատև պատերազմ լինի»,-ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր