Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

30 հուլ 2019 15:27

Սա ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է.չենք վերադարձնելու այդ հիվանդանոցի սպանդի մեքենայի զոհը դարձած մեր ծնողներին, բայց կարող ենք կանխել ուրիշների մահը

Լրագրող Մարինա Բաղդագուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հաղորդում հանցագործության մասին.


Հայաստանում քաղցկեղի ախտորոշումը հիմնականում դատավճիռ է դառնում, եթե հիվանդը հայտնվում է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնում: Ընդհանրապես, ցանկացած հիվանդությամբ տառապող, հատկապես այս հիվանդությունն ունեցող մարդիկ դառնում են զգայուն և խոցելի: Անգամ ոչ մասնագետի համար հասկանալի է, որ նրանց հետ պետք է խոսել զգույշ, նրանց հետ պետք է վարվել խնամքով, նրանց շուրջ պետք է լինի մեծ ուշադրություն և դրական վերաբերմունք, եթե չասեմ` սեր, շատ սեր: Եվ ես հավատացնում եմ ձեզ` անգամ առողջ մարդը, հայտնվելով այս հիվանդանոցում, տեսնելով բուժանձնակազմի` հիվանդների և նրանց հարազատների նկատմամբ վերաբերմունքը, հիվանդանոցային պայմանները, մահացու կհիվանդանա:
Երկու տարի շարունակ` մորս հիվանդության ընթացքում, այս հիվանդանոցում հիվանդապահի գործից բացի զբաղված եմ եղել մաքառելով` ընդդեմ բժիշկների, ընդդեմ բուժքույրերի, ընդդեմ ադմինիստրատիվ աշխատողների անմարդկային վերաբերմունքի: Մորս մահվանից հետո ես ոչ այնքան հաճախ հիշում եմ նրա` քիմիայի բարձր չափաբաժնից այրված մարմինը, որքան բժիշկների և բուժքույրերի լկտի պահվածքը: Ի՞նչ դեղորայք են ներարկում այս հիվանդանոցում հիվանդներին, եթե անգամ դրանք չկեղծված դեղորայք են` արդյո՞ք բժիշկներն ունեն բավականաչափ մասնագիտական հմտություն ճիշտ չափաբաժինը որոշելու համար` սրանք հարցի մի կողմն են: Մյուս կողմը` ինչպե՞ս են նրանք վերաբերում հիվանդին: Եվ ես հաստատապես եմ ասում` հիվանդների վիճակը հիմնականում սրվում ու վատանում է հե'նց այդ հանգամանքով պայմանավորված:
Օրեր առաջ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական հիվանդանոցում մահացավ իմ գործընկեր Արիսի հայրիկը` Գառնիկ Վաղարշակյանը: Ողջ ընթացքում կապ եմ ունեցել Արիսի հետ: Արիսի հայտնած ամեն նորության հետ նորից անցել այն սարսափելի ճանապարհը, որ ուղիղ մեկ տարի առաջ անցա մամայիս հետ:
Եվ ուրեմն, բժիշկ Բելլա Առաքելյան` քիմիաթերապևտ, Գագիկ Համբարձումյան` թորակո-աբդոմինալ /որովայնի/ բաժանմունքի վարիչ: Այս մարդիկ բառի բուն իմաստով հրեցին Արիսի հայրիկին դեպի մահվան փոսը: Հուլիսի 4-ին` 2-րդ քիմիաթերապիայից հետո, հիվանդը վատ է զգացել: Բժիշկը Բելլա Առաքելյանը խորհուրդ է տվել տնային պայմաններում կաթիլային բուժում /սիստեմա/ ընդունել, ինչից հետո հիվանդի ինքնազգացողությունը վատթարացել է: Գնացել են հիվանդանոց, նորից կաթիլային բուժում են նշանակել և ուղարկել տուն: Երրորդ օրը հիվանդի վիճակը սրվել է: Դարձյալ գնացել են հիվանդանոց, այնտեղ Բելլա Առաքելյանը հավատացրել է` «Բան չկա, իզուր եք եկել»: Բաժանմունքի պետ Գագիկ Համբարձումյանը բավարարվել է հիվանդին բանավոր հարցեր տալով` «Հիմա արյուն գալի՞ս է... Դե, եթե երկու օր առաջ եք արյունահոսել, ուրեմն հանգիստ կարող եք գնալ տուն»: Հարազատները պնդել են, որպեսզի հիվանդին հոսպիտալացնեն: 5 օր վճարովի պալատում պառկելուց հետո չի արվել ո'չ KT, ո'չ կոլոնոսկոպիա: Ներարկել են «Զոլադեքս» դեղամիջոցը, մինչդեռ հետագայում պարզվել է, որ հիվանդի մոտ տոկսիկացիա էր: 5 օր շարունակ հիվանդի փորը եղել է գերփքված վիճակում` անզեն աչքով էլ տեսանելի: Բժիշկը հիվանդին հորդորել է շոկոլադով սուրճ խմել, պահանջել հաց ուտել: Ի պատասխան հիվանդի` «Չեմ կարողանում, չի ստացվում» բողոքին բժիշկը միջանցքում դեմոնստրատիվ գոռում էր` «он в голодовке»` հիվանդի ծայրահեղ ծանր վիճակը կապելով «գոլոդովկայի» հետ և առաջարկել դուրս գրվել: Հուլիսի 15-ին հիվանդը, տրվելով բժիշկների` դուրս գրվելու պահանջին, փորձել է անկողնուց վեր կենալ և ընկել է: Հարազատների պահանջով հիվանդին տեղափոխել են վերակենդանացման բաժին: Այնտեղ էլ հիվանդը մահացել է:
Ըստ էության, բժիշկներն ունեցել են 5 օր, որպեսզի պատշաճ կերպով հետազոտեին հիվանդի վիճակը, հասկանային փքվածության և ցավերի պատճառը: Սակայն բժիշկների գործը եղել է հիվանդին վատ զգալու, չուտելու-չխմելու, ըստ էության, հիվանդ լինելու մեջ մեղադրելը:
Մինչդեռ մարդիկ վճարել էին հիվանդասենյակի համար: Մարդիկ վճարել էին մինչ այդ և դրանից հետո ստացած դեղորայքի համար: Իրականում, բուժանձնակազմի բուն և միակ նպատակը հիվանդի մահը իրենց անունից ու հիվանդանոցից հեռու գրանցված տեսնելու հեռանկարն է եղել:
Սա ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է: Ընդ որում` հերթականը: Եվ ես` որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ, որպեսզի այս հիվանդանոցում անցկացվի «վեյթինք»` սկսած ֆինանսական հարցերից, վերջացրած մասնագետների որակական ուսումնասիրությամբ: Այսպիսով, ես և իմ ընկեր Արիսը չենք վերադարձնելու այդ հիվանդանոցի սպանդի մեքենայի զոհը դարձած մեր ծնողներին, բայց կարող ենք կանխել ուրիշների մահը:
ՀԳ. Այս հիվանդանոցի մասին տվյալների հրապարակայնացումը` շարունակելի: Կլինեն նոր դեպքեր, նոր անուններ, նոր մանրամասներ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր