Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»          Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների       Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

15 օգոս 2019 13:45

Սխալ եւ պրիմիտիվ իրավաբանություն է. Էրիկ Ալեքսանյանը՝ Քոչարյանի եւ մյուսների գործով Դատական դեպարտամենտի հայտարարության մասին

«Գործն ըստ էության չլուծող դատական ակտի բողոքարկումը որեւէ կերպ չի կարող կասեցնել գործի՝ ըստ էության լուծման քննությունը»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Դատական դեպարտամենտի երեկ տարածած հայտարարությանը, ըստ որի՝ Քոչարյանի եւ մյուսների գործը այլ դատավորի չի մակագրվի, քանի դեռ միջանկյալ դատական ակտի դեմ բողոքը գտնվում է Վճռաբեկ դատարանում. «Դեպարտամենտը փորձել է համակարգային վերլուծություն կատարել «Դատական օրենսգրքի» եւ «Քրեական դատավարության» օրենսգրքի համապատասխան դրույթներին միջեւ, բայց ըստ իս՝ այդ վերլուծությունը տեղին չէ, ես չեմ կարող այն այլ կերպ որակել, քան սխալ եւ պրիմիտիվ իրավաբանություն»,-ասաց Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ մայիսի 20-ին որոշում էր կայացրել Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։ Դատավորի այս որոշումների դեմ Դատախազությունը Վերաքննիչ բողոքներ էր ներկայացրել, որոնք բավարարվել էին։ Արդյունքում, հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ՝ բեկանվել էին գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին որոշումները։ Վերաքննիչի այս որոշման դեմ էլ Վճռաբեկ բողոքներ էր ներկայացրել պաշտպանական կողմը։  Դրանից հետո փաստացի գործի քննությունը Առաջին ատյանի դատարանում չի վերսկսվել։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կարծիքով՝ գործնականում կան բազմաթիվ դեպքեր, երբ Վերաքննիչ ատյանը քննում է Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքները, հետագայում նաեւ Վճռաբեկն է վարույթ իրականացնում (խոսքը գնում է ըստ էության չլուծող դատական ակտերի մասին), բայց այդ բողոքներին զուգահեռ գործի՝ ըստ էության լուծող քննությունը շարունակվում է. «Այսինքն՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բողոք բերելը որեւէ կերպ չի բացառում եւ չի կասեցնում գործի ըստ էության քնությունը։ Ավելին ասեմ, Քրեական դատավարության օրենսգիրքը նույնիսկ նման իմպերատիվ պահանջ չի նախատեսում. ամբողջ տրամաբանությունը կայանում է նրանում, որ Վճռաբեկ բողոքի քննարկման ժամկետը բավականին երկար է, հետեւաբար՝ օրենսդիրը ըստ էության չլուծող դատական ակտի բողոքարկման վարույթով չի արգելափակել գործի ըստ էության քննությունը, որպեսզի կողմերը նոր հանգամանքների ի հայտ գալու պարագայում նույն հարցի վերաբերյալ կրկին ներկայացնեն իրենց միջնորդությունները եւ հնարավորություն ունենան իրենց իրավունքները իրացնել»,-նշեց Ալեքսանյանը։
Ալեքսանյանն ընդգծեց՝ եթե, օրինակ, մեղադրյալը կալանավայրում հիվանդանում է այնպիսի հիվանդությամբ, որը անհամատեղելի է կալանքի հետ, Կառավարության որոշման համաձայն՝ պետք է անհապաղ ազատ արձակվի. «Հիմա ԲԴԽ-ի հայտարարությունով ստացվում է, որ չի լինելու դատարան, քանի դեռ Վճռաբեկը որոշում չկայացնի։ Իսկ վերը նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում ի՞նչ պետք է արվի»,-ասաց նա։
Քանի որ Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, թե դատավորի լիազորությունները կասեցնելուց հետո գործը ինչ ժամկետում պետք է մակագրվի նոր դատավորի, Էրիկ Ալեքսանյանի կարծիքով՝ դա պետք է արվի ողջամիտ ժամկետներում՝ հաշվի առնելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համապատասխան դրույթները. «Վերամակագրման գործընթացը պիտի տեղի ունենար, եւ նոր դատավորը, ում կմակագրվեր այդ գործը, Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան օրենքներով առաջնորդվելով՝  պետք է վարույթ ընդուներ եւ վերսկսեր գործի քննությունը, ընդ որում՝ ոչ թե ընդհատման պահից, այլ ամենասկզբից»։
Ի պատասխան հարցին, թե ինչ ժամկետներում պետք է Վճռաբեկից որոշում ակնկալել, Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունելու համար 3-ամսյա ժամկետ է սահմանում,  բայց որոշում կայացնելու համար օրենքն արդեն հստակ ժամկետ չի նախատեսում։ Նրա խոսքով՝ դա  սովորաբար տեղի է ունենում 20-30 օրվա ընթացքում։
Հիշեցնենք նաեւ, որ Քոչարյանի եւ մյուսների գործի՝ այլ դատավորին վերամակագրելու անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ հուլիսի 27-ին կասեցվեցին դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները, եւ նրան մեղադրանք առաջադրվեց։ Դատավորի առնչությամբ Դատախազությունում քրեական գործ էր հարուցվել մեկ այլ գործով պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով, որով ավելի վաղ՝ 2018 թվականի փետրվարին, կայացվել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր