Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

11 սեպ 2019 14:32

«Ծիծեռնակ» ճամբարն ամփոփեց հագեցած ու անմոռանալի իր 18-րդ ամառը

«Ծիծեռնակ» ճամբարն ամփոփեց հագեցած ու անմոռանալի իր 18-րդ ամառը
-Իմ մանկության օրերի երազանքն է եղել ճամբար գնալ, որից հաճախ, զրկված եմ եղել: Ու որոշել էի, երբ մեծանամ, այնպես եմ անելու, որ բոլոր երեխաները կարողանան գնալ ճամբար ու վայելել ամառային հանգիստը: Երբ սկսում էինք, ընդամենը 100 երեխա էին մասնակցում, բայց նույնիսկ այդքանի համար մահճակալներ չունեինք: Կարողացել էինք ձեռքբերել միայն զինվորական «լեժանկաներ»: Մի քանի տարի հետո ապացուցեինք, որ կարող ենք ճամբար կազմակերպել,-քայլելով դեպի խաղահրապարակ՝ պատմում է Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:
 
 «Ծիծեռնակ» ճամբարի շենքը Սեպուհ Սրբազանի ջանքերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է փոխանցվել 1998թ.՝ կիսավեր ու կիսաքանդ վիճակում, և ոչ ոք չէր հավատում, որ մի օր այն կլցվի երեխաների ուրախ ծիծաղով ու խաղով: Բայց Սրբազան հոր համառության ու հետևողականության շնորհիվ արդեն չորս տարի հետո՝ 2002-ին, ճամբարը սկսեց գործել և առանց ընդմիջման գործում է արդեն 18 տարի: 
 
Խոսելով ճամբարի կազմակերպման ամենակարևոր նախապայմանի մասին՝ Սեպուհ Սրբազանն ասում է.
-Ամենակարևորը կարգապահությունը, սկզբունքայնությունն ու մաքրությունն են: Կարգապահությունը սկսում է հավաքարարից մինչև ամենաբարձաստիճան պատասխանատուն: Ամեն մարդ, որ ճամբարի տարածքում է, պետք է չափազանց ուշադիր լինի, որ երեխաների հետ ամեն ինչ լավ լինի: Շատ կարևոր է, որ հենց Եկեղեցին է կազմակերպում երեխաների ամառային հանգիստը, զբաղվում նրանց կազդուրմամբ, ֆիզիկական ու հոգևոր դաստիարակությամբ, տարրական հոգևոր ու ազգային գիտելիքներ տալիս նրանց: Ճամբարն, իր տեսակով, չի կարող մեզ համար եկամտաբեր լինել, ընդհակառակը՝ Եկեղեցին իր բարերարների միջոցով մշտապես գումար է ներդնում ճամբարի պահպանման համար: Մեզ օգնում են նաև բարեգործական տարբեր կառույցներ: Փա՛ռք Աստծո, որ ունենք ազգանվեր բարերարներ, ում շնորհիվ այս տարիներին կայացրինք ճամբարը: 
 
18 երկար ու ձիգ տարիների ընթացքում նորոգել են ճամբարը, նոր շինություններ կառուցել, որ երեխաների հանգիստն ավելի հարմար լինի: «Ծիծեռնակին» կից նոր կառույցներ ավելացնելով՝ վերականգնել են «Կռունկ» ճամբարն ու այն անվանել են Հրանտ Դինքի հիշատակին:  
Հիմա ճամբարը տարվա մեջ գործում է երկու ամիս՝ հուլիսին ու օգոստոսին: Յուրաքանչյուր հերթափոխի ընթացքում կարողանում է ընդունել մինչև 250 երեխա, իսկ սեզոնի ողջ ընթացքում՝ 1300-1500: 
 
-Մենք ամեն ինչ անում ենք, որ երեխաներն իրենց հոգատարությամբ ու սիրով շրջապատված զգան: Սա շատ կարևոր է,-համեստորեն, բայց անթաքույց ոգևորությամբ պատմում էր Սեպուհ Սրբազանը՝ դիտելով ճամբարի բակում կազմակերպված ցուցահանդեսը: Այստեղ ներկայացված էին ճամբարական երեխաների ձեռքի աշխատանքները՝ ջրի վրա նկարած, ապա թղթին հանձնած պատկերներ, գունազարդած քարերն ու խնամքով պատրաստած պլակատներ: Ապա հայացքն ուղղելով իրենց նկարը ներկայացնել շտապող երեխաներին հարցնում է, - Ի՞նչ եք պատկերել: 
 
-Մենք եկեղեցի ենք նկարել, որ ցույց տանք, որ սիրում ենք մեր երկիրը: Երկինքը կապույտ ենք արել, որ Հայաստանում ու Արցախում միշտ խաղաղ լինի,-շատ վստահ բացատրում է մի աղջնակ: 
 
-Իսկ մենք մեր ձեռքերի հետքերն ենք թողել, որ ցույց տանք, որ համերաշխ ենք,- հաջորդ պլակատն են ներկայացնում մյուս ջոկատի երկու երեխաներ: 
 
Ցուցադրությունը դիտելուց հետո Սրբազան հայրը երեխաների հետ իջնում է խաղահրապարակ, որտեղ ճամբարականները շատ արագ շարվում են իրենց ջոկատավարների մոտ, ու սկսվում է հանդիսավոր տողանը: Այն մյուս օրերի տողանից տարբերվում է, քանի որ վերջին անգամ են Հայաստանի ու ճամբարի դրոշները բերվում տողանին: Հենց այս տողանի ժամանակ Սեպուհ Սրբազանը լավագույն ճամբարականներին՝ թե՛ երեխաները, թե՛ ջոկատավարներին, արժանացնում է պատվոգրերի: Ամենին մի առանձնահատուկ շուք է հաղորդում փողային նվագախումբը, որն առանձին ջոկատով ճամբարի ողջ ընթացքում ապահովում է իսկական ճամբարային միջավայր. առավոտյան վերկացն ու երեկոյան հանգստի կանչը, ճաշի հրավերն ու խաղահրարակում հավաքվելու անհրաժեշտությունը երեխաներին փոխանցում է շեփորի կոչը: 
 
-Երեխաները սիրով են մասնակցում ճամբարային ռեժիմով սահմանված բոլոր ծրագրերին, հատկապես՝ սպորտլանդիաներին, ֆուտբոլի առաջնություններին, քվեստային խաղերին, որ մենք անվանում են Ֆորտ Բոյար… Ու բոլորն են փորձում ջանադրաբար կատարել առաջարանքները: Եթե անգամ պասիվ երեխաներ են լինում, նրանք էլ շատ արագ են ինտեգրվում ու փորձում իրենց ջոկատի համար ամենից շատ միավորներ վաստակել: Ճամբարում կրտսեր տարիքի երեխաների համար տիկնիկային ներկայացումներ ենք կազմակերպում, հատուկ շուքով նշում ենք ծննդյան տոները:  Վերջին երեկոյին էլ բոլորս հավաքվում ենք խարույկի շուրջ, ինչպես թելադրում է ճամբարային «կանոնակարգը»,- պատմում է ճամբարի պետ Սևակ Սարգսյանը:
 
 -Շատ ակտիվ են անցնում նաև քննարկումները: Մենք ամեն օր որևէ թեմայով զրույց-քննարկում ենք ունենում երեխաների հետ՝ հիմնականում աստվածաշնչյան կարևոր հատվածների շուրջ՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը», «Այն ամենը, ինչ կկամենաք, որ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց», «Մի մերժիր նեղության մեջ եղողի պաղատանքը և քո երեսը մի դարձրու նրանից», «Իմաստությունը լավ է անգին քարից և թանկարժեք ոչ մի բան չի հավասարվի նրան» և այլն: 
 
Մաքուր, խնամված միջավայրը, չորսանգամյա համեղ ու հագեցնող սնունդը ճամբարի կազմակերպման կարևոր պայմաններից են, Սեպուհ սրբազանի խիստ հսկողության ներքո: Իսկ այս ամենը լրացնում է Վանաձորի հրաշալի բնությունը՝ սոճիների ու եղևնիների անտառների մաքուր ու առողջարար օդով: 
 
-Ճամբարի մեր ամբողջ անձնակազմը գիտի, որ պետք է սիրով ու համբերատարությամբ աշխատել՝ հաշվի առնելով, որ գործ ունենք երեխաների հետ: Մենք չունենք պատժի խիստ ձևեր. ամեն դրական արարքի համար միավորներ ենք տալիս, իսկ անկարգության համար հանում ենք որոշ միավորներ: Դա իրենց դարձնում է ավելի ուշադիր ու կարգապահ: Երեխան ամեն ինչ պետք է հետաքրքրությամբ անի՝ առանց ստիպելու, առանց պարտադրանքի: 
Ամեն երեկո ճամբարի պատասխանատուներն ու ջոկատավարները քննարկում են անցած օրը, վերլուծում ամեն երեխայի ու նրա հետ կապված իրավիճակները, մասնագիտական առաջարկների հիման վրա որոշում, թե ինչպես պետք է վարվել, եթե որևէ երեխա ինչ-որ խնդիր ունի: Իսկ խնդիրները կարող են շատ տարբեր լինել, եթե հաշվի առնենք, որ նույն ժամանակահատվածում նույն տանիքի տակ են հավաքվում տարբեր տարիքի ու սոցիալական խմբերի երեխաներ՝ Հայաստանի, Արցախի ու Ջավախքի տարբեր համայնքներից: Նրանցից շատերը մինչ ճամբար գալն իրար չեն ճանաչում ու առաջին օրերին նորմալ է, որ պիտի փորձեն իրար հասկանալ, իրար հարմարվել: 
 
Այսպես է ձևավորվում միաբանության գաղափարը, որ թեմակալ առաջնորդի գլխավոր նպատակներից մեկն է. 
-Ճամբարում փորձում ենք երեխաներին սովորեցնել, որ ամեն օր պետք է ավելի միաբան դառնանք ու չտարբերենք իրար ըստ մեր բնակության վայրի կամ սոցիալական դիրքի: Պիտի երեխաները տեսնեն, որ ընկերոջն օգնելն ու իրար հետ խաղերի դժվարությունները հաղթահարելը երջանկացնում են բոլորին:
 
Ճամբար եկողները շատ տարբեր են թե՛ աշխարհագրությամբ, թե՛ սոցիալական ու տարիքային առանձնահատկություններով: Այս տարի այստեղ հանգստացել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգածության տակ գործող երկու դպրոցների՝ Էօռնեկյան հանրակրթական և Երևանի Գ. Էմինի անվան համար 182 դպրոցների սաները, երեխաներ Գյումրիից, Ախուրյանից, Ղուկասյանից, Թբիլիսիից, Ջավախքից՝ Ախալքալակից ու Ախլցխայից: Սիրով են հյուրընկալել նաև Վանաձորի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: 
 
«Ծիծեռնակ» ու Հրանտ Դինքի անվան «Կռունկ» ճամբար ամենից հաճախ գալիս են ոչ թե անհատապես, այլ՝ խմբերով: Օրինակ այս տարի Հայ Կաթոլիկ համայնքից երկու խումբ են ընդունել: COAF-ի շահառու երեխաներն էլ մեծ խմբով են այստեղ եղել:  Երևանի հունական համայնքից մոտ 40 երեխաներ են ունեցել: Իսկ վերջին հերթափոխում հանգստանում էին Ալավերդու, Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանի երեխաները՝ «Վորլդ վիժըն Արմենիա» կազմակերպության նախաձեռնությամբ: Ի դեպ՝ այդ կառույցներից շատերի հետ Գուգարաց թեմը համագործակցում է արդեն երկար տարիներ:
 
 
-Երեկոյան քննարկումներից մեկի ժամանակ մի ջոկատավար խոսում էր դժվար ճակատագիր ունեցող երեխայի մասին, որ շատ ինքնամփոփ ու զուսպ էր: Նա ցավով ասաց, որ հանգստացող երեխաներից ոմանց համար այս ճամբարը միակ լուսավոր կետն է, ու պետք է մեր ողջ թիմով անենք ամեն ինչ, որ այն ողջ կյանքի ընթացում ջահի նման լուսավորի,- պատմում է Սևակ Սարգսյանը: 
 
Հրանտ Դինքի անվան «Կռունկ» ճամբարում առանձին հերթափոխով ուրախ ու հետաքրքիր հանգիստ կարողանում են կազմակերպել նաև ուսանողական խմբերը:  
 
-Ես միշտ մտածում էի, որ ամենից դժվարը երեխաների համար առավոտյան շուտ արթնանալն ու նախավարժանքը կլինի, սակայն ճամբարում հասկացա, որ ամենաբարդը բաժանումն է: Մեկ շաբաթում թե՛ մենք ենք շատ կապվում երեխաներին, թե՛ նրանք իրար: Արդեն մի քանի տարի է, որ ճամբարում եմ, բայց դեռ չեմ հանդիպել մի դեպք, որ երեխաները ուզենան գնալ այստեղից,- ասում է Սևակ Սարգսյանը: 
 
Ամեն տարի ճամբարն ավարտվում է օգոստոսի նախավերջին շաբաթ օրը, որպեսզի երեխաները ժամանակ ունենան նաև դպրոցին պատրաստվելու համար: Այս տարի Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարն իր բոլոր ճամբարականներին հրաժեշտ տվեց՝ հաջորդ տարի իր հյուրըկալ դռները երեխաների առջև բացելու պատրաստակամությամբ ու համոզումով: 
Իսկ տուն վերադարձող երեխաներն ավտոբուս նստելուց առաջ դժվարությամբ հրաժետ տվեցին հարազատ դարձած ջոկատավարներին, ստացան Սեպուհ Սրբազանի օրհնությունն ու մի վերջին անգամ խմբով իրենց սիրած կոչը բարձրաձայնեցին՝ «Շեն մնա Գուգարաց թեմը»: 
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր