Գարեգին Նժդեհի մասին վարչապետի գիտելիքներն ու կցկտուր պատասխաններն արդեն անընդունելի են

Ռուս լրագրողի` Նժդեհի մասին հարցին ի պատասխան, վերջինս նշեց, որ Նժդեհի անունը մեր պատմության մեջ հայտնվել է սկսած Սարդարապատի ճակատամարտից։
Հարկ է պարզապես նշել, որ Նժդեհը հայոց պատմության մեջ հայտնվել է դեռևս 1912 թվականին Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ, երբ հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ:
Ինչ վերաբերվում է Սարդարապատի ճակատամարտին` Նժդեհը Սարդարապատի ճակամարտին չի մասնակցել: Հետևաբար` Փաշինյանի այն հայտարարությունը, թե Մայիսյան հերոսամարտում Նժդեհն ու այն ժամանակ Խորհրդային միության ապագա մարշալ Հովհաննես Բաղրամյանը կռվել են կողք կողքի, իրականության հետ կապ չունի:
Նժդեհը մեծ դերակատարություն է ունեցել Ղարաքիլիսայի և Զանգեզուրի հերոսամարտերում։ Նրա հերոսական պայքարի շնորհիվ էր, որ Սյունիքը մնաց Հայաստանի կազմում, և որի հետևանքով էլ պանթյուրքիզմի հետևորդներին չհաջողվեց Թուրքիան միավորել Ադրբեջանի և այլ թյուրքալեզու տարածքների հետ։
Հետևաբար` Նժդեհի մասին խոսելիս, առաջին հերթին պետք է նշել Զանգեզուրի հերոսամարտի մասին, որը ոչ միայն կարևոր ձեռքբերում էր Հայաստանի ու հայ ժողովրդի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար:
Ինչ վերաբերվում է նացիստների հետ կապ ունենալ-չունենալուն, Մոլոտովի կյանքի պատմությունը պատմելուց առաջ, հարկ էր պարզապես նշել, որ Նժդեհը գերմանացիների հետ, այսպես ասած, «համագործակցել է» ոչ թե ընդդեմ Ռուսաստանի, այլ ընդդեմ Թուրքիայի հայահալած քաղաքականության և Գերմանիայում հակահայկական տրամադրությունների չեզոքացման համար։
Արփինե Մելիքյանի ֆեյսբուքյան էջ