Քննությունը գիտելիքի ստուգումն է սթրեսի պայմաններում

Ուսանողների
կյանքում նոր տարվա մեկնարկը տոնական դրական մթնոլորտով արագ անցում է կատարում դեպի
քննաշրջան: Իսկ այս փուլում հոգեբանական տեսանկյունից երկու կարևոր գործոն
կա` հետտոնական վիճակ և քննություն: Երկուսն էլ օրգանիզմից հարմարվողականություն են
ակնկալում:
Մի կողմից հետտոնական վիճակը թույլ չի տալիս
արագ ու արդյունավետ անցնել քննական նյութի սերտմանը, մյուս կողմից` քննության մասին միտքը որպես սթրեսածին գործոն առաջացնում է լարվածություն:
Առհասարակ, քննական սթրեսի հիմքում ընկած է անորոշությունը և այն, որ քննությունը «գնահատում» է տվյալ անձի գիտելիքներն ու հնարավորությունները, ինչը ևս տագնապ, անհանգստություն է առաջացնում:
Քննական սթրեսին
բնորոշ նախանշաններից են` տագնապը, նյարդայնությունը,
վախը, տրամադրության անկումը, ուշադրության, հիշողության, մտածողության գործընթացների արդյունավետության
փոփոխությունները, սրտի զարկերի արագացումը, գլխացավերը, անքնությունը, ախորժակի բացակայությունը:
Այս ամենը անհատական դրսևորումներ կարող է ունենալ:
Քիչ չեն, չէ՞, նաև ուսանողները, որոնք գիտելիքի առումով առավելագույնս պատրաստված են, բայց քննության ժամանակ հաճախ անհաջողություններ են ունենում: Նման դեպքերում անհրաժեշտություն է հոգեբանական պատրաստվածությունը:
Հոգեբանական պատրաստվածությունն իր մեջ ներառում
է` իրատեսական ինքնագնահատական, սթրեսակայունություն, հուզական վիճակի կառավարում:
Անշուշտ, քննության նկատմամբ վերաբերմունքը
(գերագնահատում կամ թերագնահատում), նախկին փորձը ևս նպաստում են սթրեսայնության բարձրացմանը
կամ նվազեցմանը: Հետևաբար, քննության հաջող հանձնումը կախված է և տեսական, և հոգեբանական
պատրաստվածությունից:
Կարելի է ասել` քննությունը գիտելիքի ստուգումն է սթրեսի պայմաններում:
Արդյունավետությունը պահպանելու համար առաջնահերթ
անհրաժեշտ են.
1.Ժամանակի ճիշտ բաշխում-դեռևս 1879թ. Վ. Պարետոն առաջ քաշեց «80/20» օրենքը, համաձայն
որի, եթե ռացիոնալ օգտագործեք ժամանակը, ապա 20% ծախսված ջանքերը կարող են 80% ցանկալի
արդյունք ապահովել:
2.Ինքնավստահություն-դրական վերաբերմունք սեփական անձի նկատմամբ:
3.Թեթև անհանգստություն-այն մոբիլիզացնում է մտավոր աշխատանքը:
4.Դրական տրամադրվածություն-մտածեք ցանկալի արդյունքի մասին:
5.Հրահանգ-«Ես հանգիստ եմ: Ես կարող եմ հանձնել քննությունը»:
6.Անհանգստացնող խնդիրների մասին զրույց ընկերների, հարազատների հետ` տագնապի նվազեցմանը նպաստելու համար:
7.Հեռանկարում դիտել քննությանը-գուցե ներկա պահի համար այն գլոբալ է, խիստ կարևոր, սակայն
ընդհանուր կյանքի հեռանկարի տեսանկյունից դառնում է փոքր:
8.Ժամանակ գտնել ֆիզիկական ակտիվության, ճիշտ սննդակարգի համար:
9.Կարգավորել քնի ռեժիմը-նորմալ քունը ազատում է մտավոր հոգնածությունից և արդյունավետ
դարձնում հիշողության մեխանիզմները:
10.Կառավարել հույզերը-օգտագործեք ինքնաներշնչման և շնչառական վարժությունններ:
Քննությունը
անհրաժեշտ փորձություն - փորձառություն է, որով անցնում է յուրաքանչյուր ուսանող, այն
մեկ աստիճանով բարձրացնում է ձեզ մասնագիտական
բնագավառի կայացման ճանապարհին: Մաղթում ենք թեթև քննություններ, ցանկալի գնահատականներ:
ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Սոնա Հարությունյան
Hayacq.com