Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

15 ապր 2020 14:36

Մեզանից շատ-շատերը հիվանդանալու են․ չենք դիմանա, եթե դա տեղի ունենա միաժամանակ

«Այսօր կատարվող միջոցառումներն իհարկե համապատասխանում են այն նորմերին և խորհուրդներին, որ տալիս է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Բնական է, որ ժամանակ առ ժամանակ մոտեցումները փոխվում են։ Բնական է, որ անգամ այդ խորհուրդներն են փոխվում, քանի որ ամբողջ աշխարհը դեռևս ուսումնասիրությունների և սովորելու էտապում է։ Կարելի՞ էր արդյոք ավելի շուտ ինչ-որ գործողություններ սկսել։ Կողքից գնահատականներ տալն իհարկե շատ հեշտ է, բայց պետք է հստակ հասկանալ, որ կարանտինային բոլոր գործողություններն իհարկե հսկայական վնաս են բերում տնտեսությանը։ Հիմա մի կողմից շատերը բողոքում են արդեն գոյություն ունեցող սահմանափակումներից, մյուս կողմից ասում, որ սահմանափակումներն ուշացած են»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող քայլերին՝ ուղղված համավարակի կանխարգելմանը, հայտարարեց ուռուցքաբան-գինեկոլոգ, բ.գ.թ Վահե Տեր-Մինասյանը։


Դիտարկմանը, թե կորոնավիրուսը Հայաստանում ունի տարածում, օրական հաստատված դեպքերի թիվն ավելանում է,  համավարակային իրավիճակը ե՞րբ կդառնա անվերահսկելի, Տեր-Մինասյանն արձագանքեց.


«Վերահսկողությունից դուրս գալը մի բան է, անկառավարելի դառնալը՝ մեկ այլ։ Կարծում եմ՝ քանի դեռ մեր առողջապահական համակարգի ռեսուրսները հերիքում են բոլոր հիվանդներին համապատասխան պատշաճ օգնություն ցուցաբերելուն, վիճակը գտնվում է վերահսկման տակ։ Այն պահին, երբ մենք չենք ունենա ազատ մահճակալ, բժիշկ, բուժքույր կամ համապատասխան դեղամիջոց, որով կկարողանանք ապահովել հիվանդին, այդ պահին կարելի է ասել, որ վիճակն անկառավարելի է և առողջապահական համակարգը փլուզված է։ Այս պահին մենք դեռևս բավական ռեզերվ ունենք, և դեռ բավական քանակով հիվանդների ավելացման դեպքում մեր համակարգը կաշխատի լարված, բայց արդյունավետ, եթե համապատասխան միջոցառումները շարունակվեն, եթե բնակչությունը հարցին մոտենա գիտակցական բարձր մակարդակով։ Եթե տնտեսական շահը չստիպի փոխել մոտեցումները, ապա իմ կարծիքով մենք կկարողանանք խուսափել անցանկալի սցենարից։ Այսինքն չենք ունենա, օրինակ, մահվան դեպքեր, որոնցից հնարավոր կլիներ խուսափել, եթե հնարավոր լիներ այս կամ այն հիվանդին ցուցաբերել պատշաճ օգնություն կամ ապահովել, օրինակ, արհեստական շնչառության սարքով»։


ԳԱԼԱ-ի հարցին, թե Հայաստանի առողջապահական համակարգը, սկսած անհրաժեշտ բուժսարքավորումներից և  բժշկական կադրերից, պատրաստ է դիմակայելու համաշխարհային պանդեմիային։ Որո՞նք  են Հայաստանի առողջապահական համակարգի այս պահի դրությամբ առաջնային և կարևոր խնդիրները, ուռուցքաբան-գինեկոլոգը պատասխանեց.


«Ամենակարևոր խնդիրն, իհարկե, հիվանդների քանակն է։ Մեզանից շատ-շատերը հիվանդանալու են։ Եթե դա տեղի ունենա միաժամանակ կամ շատ կարճ ժամանակահատվածում, իհարկե չենք դիմանա և կունենանք այն, ինչ եղավ Իտալիայում։ Եթե հնարավորինս ձգենք այդ ժամանակը և հիվանդանանք, կարելի է ասել, փուլ առ փուլ կամ խումբ-խումբ, ապա մեր ունեցած ռեզերվներով կդիմանանք»,- եզրափակեց Վահե Տեր-Մինասյանը։


Վահե Տեր-Մինասյանն ընդգծում  է, որ յուրաքանչյուր մարդ պիտի  պատկերացնի, որ հաջորդ մահացողը կարող է իր ծնողը կամ տատիկն ու պապիկը լինել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր