Չի բացառվում, որ սրանք Ադրբեջանից 5 ռազմագերի են խնդրել, փոխարենը՝ խոստանալով մեզ համար դեռևս անհայտ և ցավալի նոր զիջումներ

Գերությունից Հայաստան վերադարձած տղաների ծնողներին ասենք՝ աչքներդ լույս, սակայն, ինչպես նշեց Թեւան Պողոսյանը, ինքը չի պատրաստվում ՀՀ իշխանություններին դրա համար շնորհակալություն հայտնել, մինչև մնացյալ բոլոր ռազմագերիներն այստեղ չլինեն: «Ի վերջո, եթե կա այդ հնարավորությունը՝ բանակցելով հետ բերել մեր գերիներին, ապա ինչո՞ւ բոլոր գերեվարվածները չեն վերադարձել: Մանավանդ, ես լուրջ կասկածներ ունեմ, որ այդ տղաները, ինչպես նաև նրանց նախորդները, Հայաստան են վերադարձել ոչ թե ՀՀ իշխանությունների շնորհիվ, այլ ռուսական կողմի ակտիվ ջանքերի արդյունքում: Միգուցե, սա ռուսական կողմի նախաձեռնությունն էր, որ տեսնելով Հայաստանի ցավը, ինչ- որ ժեստ է արել, թեև մենք պետք է հասկանանք նաև, որ աշխարհը վաղուց այլևս առաջվանը չէ և անվճար նախաճաշ երբևէ չի լինում»,- ասում է Թևան Պողոսյանը:
Հարցին՝ արդյո՞ք քաղաքագետի մոտ չկա այնպիսի տպավորություն, որ «մեծահոգի» Ադրբեջանը գերիների առք ու վաճառքի մեջ է մտել հայկական կողմի հետ՝ ՀՀ-ում բանակի հիմնադրման օրվա առիթով Հայաստանին «նվիրելով» 5 ռազմագերի, որն, ի դեպ, կապիտուլյանտ իշխանությունը, սովորության համաձայն, շահարկելու է սեփական էժանագին PR նպատակների համար, Թևան Պողոսյանը պատասխանել է՝ սա շատ հավանական սցենար է, որ օրվա իշխանությունների որդեգրած վարքի ֆոնին գոյություն ունենալու լիարժեք իրավունք ունի. «Իհարկե, ավելորդ է ասել, որ ես Ադրբեջանի գթասրտությանը չեմ հավատում և, եթե այստեղ՝ Հայաստանում, ընդհանարապես, կա նման մեկը, ապա դա, հաստատ, ես չեմ:
Հասկանալի է, որ 5 գերիների վերադարձն, անպայման, ինչ – որ ցավալի զիջման արդյունքում է, իսկ թե ի՞նչ, միգուցե, այդ մասին մենք կիմանանք ավելի ուշ: Չի բացառվում, որ սա ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածության արդյունք է, այսպես ասած, փոխօգնությամբ, այստեղ, Հայաստանում, հանրային ճնշումներն իշխանության նկատմամաբ ինչ – որ չափով մեղմելու նպատակով, ի վերջո, այս իշխանություններն Ադրբեջանի հետ դեռ անելիքներ ունեն: Հետևաբար, բոլորովին չի բացառվում, որ սրանք Ադրբեջանից 5 ռազմագերի են խնդրել, փոխարենը՝ խոստանալով մեզ համար դեռևս անհայտ և ցավալի զիջումներ, ինչի մասին, ես արդեն խոսեցի: Արդեն վաղուց և ցավալիորեն գաղտնիք չէ, որ այս իշխանությունը հասարակության հետ, մեղմ ասած, թափանցիկ երկխոսության մեջ չէ, որտեղից էլ, շատ օբեկտիվ կերպով, կարող է ծնվել ձեր սցենարը, որը, կրկին անգամ, ցավալիորեն՝ ո´չ կարող ենք հերքել, ո´չ հաստատել: Այս իշխանությունների պարագայում, գերխնդիրը նույն է մնում՝ ի՞նչ գին ենք մենք ամեն անգամ վճարելու թշնամուն կամ ինչո՞ւ է մեր թշնամուն այս իշխանությունն այսքան հարմար»,- եզրափակելով զրույցն, ասել է քաղաքագետ Թևան Պողոսյանը: