Զելենսկին օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս որոշ կատեգորիաների բանտարկյալների մոբիլիզացնել          Հերnին տեսակի թմրшմիջnցին նմանվող զանգված է հայտնաբերվել «Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ       Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին    

14 փետ 2022 15:14

Թուրքիան շատ լավ գիտի հայկական սփյուռքից եկող վտանգի չափը.ՀՀ-ն իրենց համար մի շարք հնարավորություններ է պարունակում, որոնցից ամեն կերպ փորձելու է օգտվել

Սույն թվականի հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։ Այն մասին, որ երկու պետությունները որոշել են հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսել, հանրությունը տեղեկացել է Թուրքիայի իշխանություններից դեռևս 2021 թ․ դեկտեմբերին։ ՀՀ արտգործնախարարությունն այնուհետ շտապել է հաստատելու Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուի հայտարարությունն այն մասին, որ Երևանն ու Անկարան հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն՝ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար։ Նշված հայտարարություններից ուղիղ մեկ ամիս անց Մոսկվայում կայացավ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների վերոնշյալ հանդիպումը, որից հետո կողմերը հայտարարեցին, թե այն անցել է «դրական և կառուցողական» մթնոլորտում։


Այդ հանդիպման արդյունքների մասին միակ պաշտոնական տեղեկատվությունն այն էր, որ երկու երկրները «համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների» ։ Բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները մինչ իրենց ներկայացուցիչների այդ հանդիպումը որոշ հարցերի շուրջ արդեն պայմանավորվածություններ էին ձեռք բերել, օրինակ՝ Երևան-Ստամբուլ թռիչքների իրականացման թույլտվությունը հայկական և թուրքական ավիաընկերություններին, կարելի է ենթադրել, որ երկու երկրների օրակարգը բավական ընդգրկուն ու բովանդակային է։ Այս տեսանկյունից Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչին ոչինչ չորոշող գործիչներ չեն։ Նրանք կան, որպեսզի ցույց տրվի, թե իբր կողմերը բանակցում են։ Իրականում, սակայն, շատ բան, եթե չասենք՝ ամեն ինչ, վաղուց արդեն որոշված է։


Երևան-Ստամբուլ չվերթերի վերականգնման որոշումն ասվածի միակ ապացույցը չէ։ 2021 թ. սեպտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է նոր Սահմանադրություն ընդունի։ «Հայաստանի Սահմանադրության տեքստում հղումներ են արվում Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներին։ Նրանք պետք է հրաժարվեն դրանից» ,- ասել է Ալիևը։ Իսկ ահա 2022 թ․ հունվարի 27-ին Հայաստանում հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը։ Ինչպես և կարելի էր սպասել, այն համալրված է տարատեսակ սաքունցներով և իոաննիսյաններով։ Թե ինչով է զբաղվելու այդ խորհուրդը, կտեսնենք առաջիկայում։ Բայց արդեն իսկ ակնհայտ է, որ Թուրքիայի հանդեպ մեր ազգային պահանջատիրությունը, այդ թվում նաև՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը, դուրս է բերվել այս իշխանությունների օրակարգից։ Այսպես՝ հունվարի 24-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել: «․․․․պետք է արձանագրենք, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը միշտ էլ եղել է Սփյուռքն ու Սփյուռքի կազմակերպությունները» ,- ասել է Փաշինյանը, ինչը, «դիվանագիտական լեզվից» թարգմանած, նշանակում է, որ պաշտոնական Երևանը Թուրքիայի համար այդ տհաճ հարցերի «պատասխանատու» հայկական սփյուռքին է ճանաչում։


Թուրքիան շատ լավ գիտի հայկական սփյուռքի կարողություններն ու այդ կարողություններից իր համար բխող վտանգի չափը։ Այդ իսկ պատճառով այս փուլում պաշտոնական Անկարան փորձում է չեզոքացնել Սփյուռքի ազդեցությունը ՀՀ իշխանությունների վրա։ Զուգահեռաբար Թուրքիայի կառավարությունը հայերին որոշակիորեն սիրաշահելու քայլեր է ձեռնարկում՝ պատրաստվելով դեպի Հայաստան ուղիղ չվերթեր սկսելու նաև Վանից ու Կարսից։ Այսպես՝ իշխանամերձ «Hürriyet» թերթի՝ Էրդողանի աշխատակազմի բարձրաստիճան աշխատակիցը հայտնել է, թե «կարծիքներ կան այն մասին, որ հատկապես Վանը հայերի համար կարող է զբոսաշրջային կենտրոնի վերածվել: Բացի այդ՝ ծրագրվել է Կարսի մերձակայքի որոշ պատմական կառույցների, այդ թվում՝ կամուրջների ու այլ շինությունների վերակառուցումը։ Դրանք հայերի համար մեծ կարևորություն ունեն։ Իսկ հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու նպատակով միաժամանակ կընդլայնվեն նաև առևտրային հարաբերությունները» :


Այս բոլոր գործընթացներն ու հայտարարությունները խոսում են այն մասին, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպման վերաբերյալ կողմերի տարածած հաղորդագրությունները հեռու են բանակցային իրական օրակարգի մասին ամբողջական տեղեկատվություն հաղորդելու պաշտոնական Երևանի խոստումներից։ Այդ հանդիպումից երեք օր անց՝ հունվարի 17-ին՝ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում, ընդդիմադիր պատգամավորները փորձեցին որոշակի մանրամասներ պարզել Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանից, սակայն վերջինս հերթական բախումը սադրեց խորհրդարանում, որից հետո թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ուժերի և թե՛ հանրության ճնշող մեծամասնության ուշադրությունը շեղվեց դեպի ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած հայհոյախառն վեճը…


Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն արագ առաջ է գնում։ Այն արդեն արժանացել է մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցների դրական արձագանքին։ Հաջորդ քայլով Թուրքիան փորձելու է դուրս բերել այդ գործընթացն արտաքին խաղացողների ազդեցությունից և Հայաստանի հետ իր խնդիրները կարգավորել առանց այլոց միջամտության։ Թուրքական կողմն արդեն հայտարարել է այն մասին, որ երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումներն այսուհետև պետք է տեղի ունենան կա՛մ Հայաստանում, կա՛մ Թուրքիայում։ Այդ կերպ Էրդողանի կառավարությունը փորձում է ապահովագրել իրեն Հայկական հարցից վերջապես ձերբազատվելու այս գործընթացն աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի կողմից տապալվելու ռիսկերից։ Իսկ նման վտանգ Թուրքիան իսկապես զգում է։ Ավելին՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի հիմնական շարժառիթը հենց դա է՝ իր գլխին դամոկլյան սրի պես կախված Հայոց ցեղասպանության գործոնի չեզոքացումը։ Անկարայում հրաշալի գիտակցում են, որ Հայկական հարցը տասնամյակներ շարունակ եղել և շարունակում է մնալ այն գործիքը, որի միջոցով իր հիմնական մրցակիցները սահմանափակումներ են դրել Թուրքիայի առջև։ Օրինակ՝ Հայկական հարցն է դարձել Թուրքիայի՝ Եվրոպական միությանն անդամակցելու հայտի մերժման հիմնական պատրվակը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու սպառնալիքով է, որ արևմտյան երկրներն ազդում են Թուրքիայի այս կամ այն որոշման վրա։ 2008 թ., երբ տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու առաջին փորձը, իմ խորին համոզմամբ, Թուրքիան ետ է կանգնել արդեն իսկ ստորագրված արձանագրությունները վավերացնելու իր պարտավորությունից ոչ թե Ադրբեջանի պահանջով, այլ այն բանից հետո, երբ գիտակցել է, որ այդ գործընթացն իր համար չի լուծում Հայկական հարցից ձերբազատվելու խնդիրը։ Եվ հիմա դա է պատճառը, որ պաշտոնական Անկարան փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից դուրս թողնել աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին, որպեսզի վերջիններս հանկարծ չազդեն պաշտոնական Երևանի որոշումների վրա։ Իսկ Երևանը, ցավոք, այսօր ոչ թե բանակցում է Թուրքիայի հետ, այլ պարզապես ընդունում Անկարայում և Բաքվում կայացրած որոշումները։ Ինչպես արդեն նշեցի, դրա համար է Հայաստանում Սահմանադրության փոփոխման գործընթաց սկսվել, և դրա համար է Փաշինյանը հայտարարում, թե Հայոց ցեղասպանության հարցը Սփյուռքն է բարձրացնում, ինքը դրա հետ կապ չունի։


Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Թուրքիան չի կարող բացարձակապես մեկուսացնել Հայաստանը արտաքին աշխարհից։ Բացի այդ՝ Թուրքիան Հայաստանը չի դիտարկում զուտ որպես մի երկիր, որից միայն անախորժ մեղադրանքներ են հնչում։ Ընդհակառակը՝ այսօրվա Հայաստանը Թուրքիայի համար մի շարք հնարավորություններ է պարունակում, որոնցից պաշտոնական Անկարան ամեն կերպ փորձելու է օգտվել։ Խոսքը, իհարկե, նախ և առաջ, ՀՀ տարածքով դեպի Ադրբեջան ցամաքային կապ ունենալու թուրք-ադրբեջանական դաշինքի նպատակի մասին է։ Բայց ոչ միայն այդ։ Տասնամյակներ շարունակ Թուրքիան զրկված է եղել Հարավային Կովկասում որևէ դերակատարում ունենալու հնարավորությունից։ Խորհրդային Միության փլուզումից հետո թուրք գործիչները մեր տարածաշրջան վերադառնալու իրական հնարավորություն տեսան, բայց Հայաստանի դիրքորոշման, ինչպես նաև Հայկական հարցի պատճառով դա նրանց այն ժամանակ չհաջողվեց։ Հիմա, սակայն, իրավիճակը փոխվել է։ Ընդ որում, այն փոխվել է ոչ թե 44-օրյա պատերազմից, այլ մինչ այդ՝ 2018 թ․, Հայաստանում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո։ 2019 թվականից սկսած՝ Թուրքիայի իշխանություններն արդեն բացահայտ խոսում էին հայ-ադրբեջանական հակամարտության մեջ ներգրավված լինելու մասին։ Պատերազմի նախաշեմին Թուրքիայի պաշտպանության նախարարն իրենց անգամ հակամարտության կողմ կոչեց։ Իսկ բուն ռազմական գործողությունների հետևանքով էլ Թուրքիայի զինված ուժերը հայտնվեցին Արցախում։


Այժմ Թուրքիայի իշխանությունները այս ձեռքբերումներն իրավապես ամրագրելու խնդիր ունեն։ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի մասին ձեռք բերված պայմանավորվածությունն այս առումով, իհարկե, չի կարող բավարարել Էրդողանի կառավարությանը։ Նրանք ավելի առաջ են գնացել և ասպարեզ բերել, այսպես կոչված, «3+3»՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Իրան և Ռուսաստան երկխոսության ձևաչափը, որի առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում 2021 թ․ դեկտեմբերի 10-ին ։ Թուրքիային խիստ անհրաժեշտ է, որ Հայաստանը որևէ կերպ չխոչընդոտի Հարավային Կովկաս վերադառնալու իր ծրագրերի իրականացումը։ Այդ խնդիրը լուծելու համար նրանք պատրաստ են նաև որոշ առումով սիրաշահելու հայկական կողմին, չնայած դրա անհրաժեշտությունը ՀՀ այս իշխանությունների պարագայում այդքան էլ չկա։ Բայց պաշտոնական Անկարան շարունակում է աշխատել այդ ուղղությամբ, և արդեն մարտի 11-13-ը Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումի ժամանակ մենք բոլորս կտեսնենք այդ ներկայացման հաջորդ արարը։


Հրանտ Մելիք-Շահնազարյան


«Դրօշակ» թիվ 2 (1663), փետրվար 2022 թ.


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր