Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

16 հուլ 2022 12:52

Իրանը հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը.Իրանը չի հանդուրժի սպառնալիք իր անվտանգությանը

Հուլիսի 13-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իսրայելական 12-րդ հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ մտադիր է թողնել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, եթե անգամ դա արժենա Իրանի միջուկային գործարքի տապալում[1]: Այնուհետև, պատասխանելով Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու հավանականության մասին հարցին՝ Բայդենն ասել է. «Եթե դա վերջին հանգրվանը լինի, այո»:

Ի պատասխան այս հայտարարությունների, Իրանի նախագահն իր` Քերմանշահ կատարած այցի ժամանակ ունեցած ելույթում նշել է, որ դժբախտաբար որոշ երկրներ տարածաշրջանում տեղափոխում են Արևմուտքից և Ամերիկայից եկող վտանգն ու ահաբեկչությունը այս տարածաշրջան: «Թույլ տվեք ասել ամերիկացիներին և տարածաշրջանում նրանց դաշնակիցներին, որ Իրանի հզոր ժողովուրդի համար անընդունելի է տարածաշրջանում որևէ վտանգ և ճգնաժամ, և այստեղ ցանկացած սխալ կստանա վճռական և ցավալի պատասխան»,- ասել է Էբրահիմ Ռաիսին[2]:

Այաթոլլահ Ռաիսին հավելել է. «Ամերիկացիները և նրանց տարածաշրջանային դաշնակիցները պետք է իմանան, որ տարածաշրջանի մահմեդական ժողովուրդներն ատում են ամերիկացիների հետ իրենց կառավարությունների նվաստացուցիչ հարաբերությունները, որոնք հանգեցնում են իրենց ռեսուրսների թալանին»:

Միանգամայն տեղին կլինի այս համատեքստում հիշել Ջ. Բայդենի Մերձավոր Արևելք այցի բուն նպատակը, որն է` Ծոցի երկրներից ավելի մեծ քանակությամբ նավթամթերք ստանալը:
Նախագահը բնութագրել է Իրանի ռազմական ուժը, կարողություններն ու հեղինակությունը տարածաշրջանում որպես խաղաղության հաստատման գրավական և շեշտել` «Երրորդ կողմերի և ամերիկացիների ներխուժումն այս տարածաշրջան հանգեցնելու է ոչ այլ բանի, քան ճգնաժամի և վտանգի»:
Նշելով, որ սիոնիստական ռեժիմը պետք է իմանա, որ ագահությունն անթույլատրելի է այս տարածաշրջանում, Է. Ռաիսին ասել է. «Հաղորդակցության հաստատումն ու հարաբերությունների կարգավորումը ոչ մի կերպ անվտանգություն չի ստեղծի սիոնիստական ռեժիմի համար: Բոլոր լրագրողները պետք է այս ուղերձը հասցնեն ողջ աշխարհին, որ այսօր Իսլամական Իրանը ուժեղ է, առավել քան երբևէ, իսկ Ամերիկան թույլ է, առավել քան երբևէ»:

Անդրադառնալով ամերիկացիների կողմից արված պաշտոնական հայտարարությանը` Իրանի վրա ճնշում գործադրելու վերաբերյալ` նախագահը պարզաբանել է. «Դուք մեզ փորձեցիք պատժամիջոցներով և սպառնալիքներով, ինչու՞ եք կրկին փորձում այս ճանապարհը»:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ից նախագահ Ջ. Բայդենը մեկնել է մերձավորարևելյան այցելությունների` մեկնարկը տալով Իսրայելում[3]: Անմիջապես հաջորդ օրը` հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Յաիր Լապիդը ստորագրել են «Երուսաղեմի` ԱՄՆ-Իսրայել ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր»-ը: Հռչակագրի համաձայն` ԱՄՆ-ը ստանձնում է «հանձնառություն՝ երբեք թույլ չտալու Իրանին ձեռք բերել միջուկային զենք»՝ միաժամանակ օգտագործելով «իր պետական իշխանության բոլոր լծակները՝ այդ արդյունքն ապահովելու համար»:

Պաշտոնական Թեհրանի պատասխանն այս անգամ էլ երկար սպասեցնել չի տվել: Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին իր թվիթերյան էջում գրել է. «Քանի դեռ «Իսրայելի» կեղծ կառավարությունը ամերիկյան նախագահների ուղևորության առաջին կանգառն է և առաջին նպատակը նրա անվտանգությունն ու գերազանցությունը պահպանելն է, տարածաշրջանի ժողովուրդներն ու երկրները չեն հասնի խաղաղության, կայունության և հանգստության։ Իրանը հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը»[4]:

Այս ամենը տեղի է ունենում չնայած նրան, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին: Իսկ Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին նույնիսկ ֆեթվա (կրոնական հրամանագիր) է հրապարակել՝ հայտարարելով, որ միջուկային զենքի ձեռքբերումը, զարգացումը և օգտագործումը հակասում են իսլամական սկզբունքներին և, հետևաբար, արգելված են:

Հատկանշական է նաև ԻԻՀ ԱԳ խոսնակի հայտարարության այն հատվածը, որտեղ նշվում է, որ «Իրանը հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը»: Այս կոնտեքստում կարելի է նաև դիտարկել ՀՀ սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը, որի վերաբերյալ ևս հայտարարություններով հանդես են եկել բարձրաստիճան իրանցի պաշտոնյաներ: Սա մեկն է այն պատեհ առիթներից, որից կառչելով կարելի կլիներ ձեռք բերել ամուր դաշնակցային կապեր Իրանի հետ, ընդհուպ` ռազմավարական մակարդակի և թույլ չտալ, որպեսզի խախտվի ՀՀ տարածքային ամբողջականությունը: Սակայն ՀՀ դե-ֆակտո իշխանությունները համառորեն չեն տեսնում այլընտրանք թուրք-ադրբեջանական տանդեմին: Իսկ հիշեցնել այն մասին, որ ի տարբերություն Իրանի` ՀՀ դե-ֆակտո իշխանությունները չունեն քաղաքական կամք պաշտապնելու ազգային և պետական շահերը և արժանի պատասխան տալ դրանց սպառնացողներին, կարծում ենք, ավելորդ չէ:
hayaliq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր