Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ          Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը       Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները    

08 դեկ 2022 10:35

Ճիշտ չէ՞ր լինի դժգոհությունը մեղմելու համար ցածր շերտերի թոշակն ու աշխատավարձը հիմա բարձրացնեիք, իսկ պաշտոնյաներինը ՝ հետո․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Այս շաբաթ ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին օրինագիծ։ Այն զեկուցում էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ Համաձայն այդ նախագծի՝ 2023 թվականից նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամի փոխարեն կդառնա 75 հազար։ Սարգսյանին հիշեցրինք, որ ընդդիմությունն առաջարկում էր նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնել, որին դեմ էր իշխող մեծամասնությունը, հետո իջեցրին շեմը՝ 86 հազար, որը դարձյալ մերժվեց։ Ինչո՞ւ որոշվեց 75 հազար դարձնել, ո՞րն է հիմնավորումը։


«Հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, նաեւ մակրոտնտեսական ցուցանիշները, ու էդ ամբողջը համադրելով, վերլուծելով եւ մոդելավորելով՝ հաշվարկել ենք 75 հազար դրամ»,- ասաց փոխնախարարը` նշելով, որ սա պետբյուջեի բեռը կավելացնի մոտ 15 մլրդ դրամով։ Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է ավելացնել բազային աշխատավարձի չափը, որի հիման վրա, ըստ գործակիցների, հաշվարկվում են պետական պաշտոնյաների աշխատավարձերը։ Այսինքն՝ բոլոր պետական պաշտոնյաների աշխատավարձը եւս կբարձրանա, այն էլ՝ էականորեն։


- Երբ քաղաքացին տեսնում է, որ իր աշխատավարձն ու թոշակը բարձրանում են ընդամենը մի քանի հազարով, իսկ պետական բարձրաստիճան պաշտոնյայինը՝ հարյուր հազարներով, նրա մոտ անարդարության զգացում է առաջանում։


- Տեսեք, մի թոշակի բարձրացումը՝ 3 հազար դրամը, եթե բազմապատկենք 500 հազար շահառուով, միլիարդներ է ստացվում։ Բնական է՝ այս մի քայլով չի սահմանափակվում, նախատեսվում են փուլային բարձրացումներ։ Ինչ վերաբերում է պետական պաշտոնյաների աշխատավարձի բարձրացմանը, ապա լուրջ փոփոխություն չի նախատեսվում, այսինքն՝ նույն տրամաբանական չափերի մեջ է։


- Այդ հաշվարկը կարող են անել տնտեսագետները՝ 3 հազարը բազմապատկեն թոշակառուների քանակով ու ասեն՝ մեծ բեռ է ավելանում բյուջեի վրա, թոշակառուն նայում է իր թոշակի չափին ու հասկանում, որ այն ավելացել է ընդամենը 3 հազարով, իսկ պաշտոնյաների 800 հազարը դարձել է 1 մլն։


- Եկեք էսպես նայենք․ իրականում բոլորը համաչափ, տրամաբանորեն բարձրացվում են՝ ելնելով իրավիճակից, գնահատելով սոցիալ-տնտեսական վիճակը եւ այլն։ Թոշակն էլ նախատեսված է, որ բարձրացնեն էն մակարդակի, որ ապահովի նվազագույն սպառողական զամբյուղն ու այլ հիմնական պահանջմունքները։


- Հիմա ինչպե՞ս է 3 հազար դրամ ավելացած թոշակն ապահովելու մարդկանց նվազագույն սպառողական զամբյուղը՝ այս գնաճի ֆոնին։


- Դրա համար ի սկզբանե ասացի, որ փուլային է էս ամեն ինչը տեղի ունենալու, նույն թոշակների դեպքում էլի բարձրացում է նախատեսվում։ Քննարկում ենք, թե որ փուլում որքան է բարձրանալու, եւ ում մոտ՝ ըստ առաջնահերթության։


- Իսկ ճիշտ չէ՞ր լինի, որ սոցիալական դժգոհությունը մեղմելու համար ցածր շերտերի թոշակն ու աշխատավարձը հիմա բարձրացնեիք, իսկ պաշտոնյաներինը, այդ թվում՝ դատավոր-դատախազներինը՝ հետո։ Իրենք իրենց 1 մլն դրամ աշխատավարձով էլ «յոլա կգնան»։


- Եկեք ուրիշի փոխարեն չգնահատեմ, բայց եթե ուշադրություն դարձնենք, ապա առաջին հերթին այս տարվա ընթացքում բարձրացվեցին թոշակներն ու սոցիալական վճարները, ու նախատեսվում է մյուս տարվանից էլի թոշակները բարձրացնել։


- Եթե հերթականությունը նկատի ունեք, ի՞նչ տարբերություն՝ մի ամիս առաջ թոշակներն եք բարձրացրել, մի ամիս հետո՝ պաշտոնյաների աշխատավարձը։


- Փուլային բաժանում է տեղի ունենում՝ էս փուլում սա ենք կարողանում անել, անում ենք սա, հաջորդ փուլում սա ենք կարողանալու անել, դա ենք անելու։


- Միեւնույն է, պաշտոնյաների աշխատավարձը կառավարությունը ավելի պատրաստակամ ու հեշտությամբ է բարձրացնում։  


- Չէի ասի, թյուր կարծիք է, իրականում։


- Թյուր կարծիք չէ, որովհետեւ այս իշխանությունը հենց եկավ, հաջորդ տարի գաղտնի որոշմամբ սկսեց պարգեւավճարներ տալ նախարարներին՝ նրանց աշխատավարձը դարձնելով մոտ 1.5 միլիոն։


- Մեկուկե՞ս․․․


- Դե, Դուք նախարար չեք, դրա համար այդքան չեք ստանում։


- Ես նախարար չեմ ու ստանում եմ էնքան, ինչքան որ ստացել եմ մինչեւ այդ, այսինքն՝ շարունակում եմ նույն չափով ստանալ։


- Ձեր աշխատավարձը, օրինակ, բավականացնո՞ւմ է Հայաստանում, այսպիսի գնաճի պայմաններում նորմալ ապրելուն։


- Նորմալ ապրելը հասկանալու սուբյեկտիվ ընկալում կա։ Եթե նվազագույն զամբյուղով ենք չափում, ապա, այո, կարող է բավարարել՝ հաշվի առնելով, որ իմ ընտանիքում ոչ միայն ես եմ աշխատում, նաեւ կինս է աշխատում։ Երկուսս էլ աշխատում ենք տարբեր բնագավառներում, ու մեր երկուսի եկամուտն ինչ-որ չափով բավարարում է։


- Իսկ ի՞նչ անեն այն քաղաքացիները, ովքեր նվազագույն աշխատավարձի կամ թոշակի մեկ աղբյուր ունեն, տանն էլ, օրինակ, հիվանդ մարդ կա, ու պետք է այդ գումարով նրան խնամեն, իսկ պետությունն էլ սոցիալական երաշխիքներ չի ապահովում, ինչպես ապահովում է պաշտոնյաների համար։


- Եկեք «չի ապահովում» բառը չօգտագործենք, հա՝ կարող է մի քիչ նվազ կամ մի քիչ շատի տարբերություն լինել, բայց, բոլոր դեպքերում, պետությունը փորձում է համաչափ բարձրացնել, ամեն ինչ իր տրամաբանությունն ունի։ Բնական է՝ ոչ մեկը չի անտեսում, չկա էդպիսի մոտեցում, որ էս մի թիրախը մեզ համար առաջնային է, էն մյուսը՝ երկրորդական։


- Երբ Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության, խոստանում էր, որ ծառայելու է ժողովրդին ու առաջինը ժողովրդի համար է մտածելու, ոչ թե իր ու շրջապատի։ Ու մարդիկ էլ հավատում էին, որ իսկապես մի խոնարհ ծառայի են բերում իշխանության, ով անգամ առանց աշխատավարձի է պատրաստ աշխատել։ Բայց ստացվեց հակառակը։


- Եկեք կտրուկ մոտեցում չցուցաբերենք՝ ծառայել-չծառայելու մասով չեմ կարծում, որ որեւէ թիմից որեւէ մեկը չի ծառայում կամ պատշաճ չի կատարում իր գործառույթները։ Դա հանգիստ կարող եմ ասել, որովհետեւ բոլորն իրենց աշխատանքներն իրականացնում են, գոնե մեր ոլորտում, ինչ ես տեսնում եմ, բավականին ծավալուն աշխատանքներ են իրականացվում։ Ես չեմ տեսնում, համենայնդեպս, որ այն խոստումը, որը տրվել է, դա չի իրականացվում։


- Ծառայելո՞ւ խոստումը։ Բայց չեն ասել, չէ՞, որ մինչեւ շատ բարձր աշխատավարձ չստանանք, չենք ծառայի։ Ասել են՝ կգան ու կծառայեն առանց ֆինանսական բարելավումների։ Եկան, ու պարզվեց՝ ծառայելու համար պարտադիր լավ կաբինետ, թանկ կոստյում, լավ մեքենաներ, բարձր աշխատավարձ, հետաքրքիր գործուղումներ են պետք։


- Եկեք ես իմ օրինակը բերեմ՝ ես չունեմ ծառայողական մեքենա, ունենք հերթապահ սպասարկող մեքենաներ, որոնք միայն ի պաշտոնե որեւէ տեղ գնալու համար են։


- Դե, Ձեր բախտը չի բերել՝ Դուք նախարար չեք։


- Կապ չունի։ Շատ բան հիմա չի ասվում, բայց, իրականում, շատ բան արվում է։ Չկան շաբաթ-կիրակի հանգստյան օրեր, որովհետեւ աշխատանքի ծավալը բավականին մեծ է, որ իրականացնում ենք»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր