Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»          Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

09 դեկ 2022 11:00

Ի՞նչ տարբերություն՝ Արցախի Հանրապետությո՞ւն, թե՞ Լեռնային Ղարաբաղ․ Մի կողմից, բողոքում ենք ՀԱՊԿ-ից, որ մեզ չեն օգնում, մյուս կողմից էլ, երբ գալիս է օգնության ժամանակը, դրանից հրաժարվում ենք

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ում դիտարկվել է Հայաստանին ռազմատնտեսական բնույթի օգնություն հատկացնելու հարցը, բայց Հայաստանի համար ավելի կարեւոր է եղել այդ կառույցից քաղաքական գնահատական ստանալը, այլ ոչ թե օգնություն։ Դրա համար էլ Հայաստանը չի միացել որոշ փաստաթղթերի ստորագրմանը։ Իսկ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է. «ՀԱՊԿ–ի օգնության ընդունումն առանց հստակ գնահատականների` կնշանակի անուղղակի եւ ուղղակի ընդունել այն ստատուս քվոն, որ հաստատված է մեր սահմաններում»։ «Քննարկվող որոշման մեջ, ի թիվս այլ միջոցառումների, միջոցների, դիտարկվում էր նաեւ Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը, բայց, կրկնում եմ, մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականի հարցն է, մեր դաշնակիցների կողմից արձանագրումը, որ տեղի է ունեցել ներխուժում ՀՀ տարածք, այնուհետեւ կարող էինք դիտարկել նաեւ մնացած միջոցները․․․»,-հայտարարել էր նաեւ Արարատ Միրզոյանը։


Ստացվում է՝ ՀԱՊԿ-ն վերջապես որոշել է կատարել իր պարտավորություններն ու Հայաստանին ռազմական բնույթի օգնություն ցուցաբերել, եւ Հայաստանը հրաժարվել է դրանից՝ պնդելով, որ իր համար խոսքն ավելի կարեւոր է, քան՝ գործը։ Երեկ Միրզոյանի ներկայացրած քաղաքական թիմի անդամ, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, այսինքն` կառավարության անդամ Գնել Սանոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչով է հիմնավորվում ՀԱՊԿ-ի այդ օգնությունից մեր հրաժարվելը, ինքը սա ճի՞շտ մոտեցում է համարում: Չէ՞ որ մենք շարունակ բողոքում-նեղանում ենք, որ ՀԱՊԿ-ն մեզ չի օգնում, հիմա վերջապես որոշել է մեզ ֆիզիկապես ինչ-որ օգնություն ցուցաբերել, իսկ մենք հրաժարվում ենք դրանից։


Քաղաքական թիմի անդամ Գնել Սանոսյանը, սակայն, դժվարացավ հստակ պատասխանել քաղաքական բնույթի այս հարցին։ «Ես շատ մանրամասների մեջ ի պաշտոնե, կարծում եմ, մտնելու կարիք չունեմ, նաեւ այդ մանրամասնություններով հարցին չեմ էլ տիրապետում, բայց կարծում եմ՝ հայկական կողմը շատ ճիշտ դիրքորոշում ունի՝ մի պարզ պատճառով՝ մենք ասում ենք այն, ինչ գրված է փաստաթղթերում»։


- Բայց մարդիկ վերջապես որոշել էին տեղից շարժվել եւ մեզ ռազմատնտեսական բնույթի օգնություն ցուցաբերել, օրինակ՝ զենք տրամադրել, մանավանդ` անգամ փողը փոխանցում ենք, բայց զենք չենք կարողանում գնել: Հիմա մենք ինչո՞ւ ենք դրանից հրաժարվում։


- Ես չեմ կարող հիմա ասել՝ էնտեղ փաստաթղթերում ինչ է գրված, եւ մենք ինչից ենք հրաժարվում, եթե էդպիսի բան կա։ Բայց կարծում եմ՝ գործընկերներս շատ պատշաճ մեկնաբանեցին նրբությունները, թե ինչ է առաջարկվում, ինչ է գրված, եւ մեր ակնկալիքն ինչ է։ Այսինքն՝ դրանց տարբերությունները պարզաբանել են։


- Ստացվում է՝ մենք, մի կողմից, բողոքում ենք ՀԱՊԿ-ից, որ մեզ չեն օգնում, մյուս կողմից էլ, երբ գալիս է օգնության ժամանակը, դրանից հրաժարվում ենք։


- Նայած, թե օգնություն ասելով մենք ինչ ենք հասկանում։


- Ռազմատնտեսական օգնություն։ Քաղաքական գնահատականներ հիմա մեզ պե՞տք են։


- Չեմ կարող մանրամասները մեկնաբանել, համենայնդեպս՝ պրոցես կա, քննարկումներ կան, կարծում եմ՝ ինչ-որ լուծում կլինի։


- Մի բան էլ՝ ինչո՞ւ է Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից անընդհատ օգտագործվում «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, այլ ոչ թե «Արցախի Հանրապետություն» ձեւակերպումը։


- Ի՞նչ տարբերություն։


- Արցախի Հանրապետությունն առանձին միավոր է, իսկ «Լեռնային Ղարաբաղն» ավելի շատ Ադրբեջանի շահերից բխող ու Ադրբեջանի կազմում դիտարկվող վարչատարածքային միավորի անունն է։


- Չեմ կարծում՝ էդտեղ էական մեկնաբանման խնդիր կա»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր