ԲՀԿ-ն Գյումրիի ընտրությունները կվիճարկի դատարանում
Գյումրու
թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի նիստը բավական լարված ընթացք է ունեցել: Հանձնաժողովի
նիստում «Բալասանյան դաշինքը» 17 մանդատ է ստացել՝ բացարձակ մեծամասնություն կազմելով
Գյումրիի ավագանիում: Այս որոշումը զայրացրել էր նիստին ներկա գյումրեցիներին, իսկ
ընդդիմադիր ուժերն էլ խոսում են ակնհայտ խախտումների մասին: Թեմայի շուրջ Hayacq.com-ը զրուցեց ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանի հետ:
-Պարոն
Խաչատրյան, Գյումրու թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ամփոփելով Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները հայտարարեց, որ «Բալասանյան դաշինքը»
17 մանդատ է ստացել և բացարձակ մեծամասնություն կազմել Գյումրիի ավագանիում, ինչը բավականին
մեծ աղմուկ էր առաջացրել: Կխնդրենք մանրամասնել տեղի ունեցածը, քանի որ ներկա եք եղել
այդ նիստին:
-Ընտրատարածքային հանձնաժողովն
ակնհայտ անհասկանալի քվեարկություն իրականացրեց
և իբրև, որոշում կայացրեց:
Քվեարկությունը չկայացավ, ով էր անցել պարզ
չէր: Պահանջեցինք կրկնակի քվեարկություն որպեսզի հասկանանք հանձնաժողովի անդամները վերջիվերջո ի՞նչ քվեարկություն են արել՝
պահանջը չբավարարվեց: Եթե որևէ մեկը կասկածում է, որ եղել է քվեարկություն, ապա
համացանցում արդեն կան տեսագրությունները, կարող են նայել և իրենք ինքները համոզվեն:
Պատշաճ քվեարկութուն չի եղել, այն ինչպես ընթացակարգն է պահանջում՝ դեմ, կողմ, ձեռնպահ ձայներով չի ընդունվել:
Ամբողջը տեսագրված է, որ ոչ մեկ ձեռք չի բարձրացրել: Մեկ հոգի
ձեռնպահ է եղել, մեկ հոգի ձեռք է բարձրացրել, մնացածները
բացարձակապես չեն քվեարկել: Այնուհետև սեղանից հեռացել է հանձնաժողովի նախագահը
և հայտարարել իբրև քվեարկության արդյունքները՝ 6 կողմ մեկ ձեռնպահ: Սակայն, այդ քվեարկությունը ներկա լրագրողներից, պատգամավորներից, ավագանու անդամներից
և բազմաթիվ այլ ներկաներից ոչ մեկ չի տեսել:
Քանի որ քաղաքական մեծամասնության շտաբի ղեկավարը և ԿԸՀ նախագահը արդեն հայտարարել էին թե ով է հաղթել, տարածքային հանձնաժողովն ով է, որ այդ նույն հայտարարությունը չկրկնի: Խախտումով պարզապես կրկնեցին՝ հաստատեցին
այն հայտարարությունն որն արվել էր մինչ տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը: Ընտրությունները կայանալու երկու ձև կա՝
մեկը ընտրողների քվեների արդյունքների հիմման վրա
է լինում,
եթե դա չի բավարարում քաղաքական մեծամասնությանը, ապա
գործում է գերակա օրենքը՝ քաղաքական մեծամասնության շտաբի պետի հայտարարությունը, ինչը
և տեղի ունեցավ Գյումրիյում:
-ԲՀԿ-ն
ինչպե՞ս կվարվի, ձեր հաջորդ քայլը ո՞րն է լինելու:
-Կարող եմ
ասել, որ քվեարկություն չի կայացել հանձնաժողովում, ինչպե՞ս են որոշելու ովքեր են անցել ավագանի և ով է դարձել քաղաքապետ ինձ համար հարցական է: Մենք դա վիճարկելու
ենք վարչական դատարանում, սահմանադրական դատարանում և գնալու
ենք մինչև վերջ:
Զրուցեց՝ Դիանա Մանուկյանը