«Նեմեսիս»-ի արձանի տեղադրումը համարում եմ սխալ,պատրաստ ենք՝ նույնիսկ անցնելով մեծ քննադատության միջով, բայց ՀՀ-ին երկարատև խաղաղություն բերելու համար
«Կարծում եմ, որ Ադրբեջանն ուզում է իրավիճակից հնարավորինս շատ ստանալ, որը հասկանալի է, ենթադրաբար չեն ուզում, պայմանական ասած, անել այն սխալները, որ մենք ունեցել ենք 90-ականների սկզբին, և միևնույն ժամանակ իրենք իրենց սխալներն են անում»:
Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հարցին՝ արդյոք հաղթահարվե՞ց «Նեմեսիս»-ի հուշակոթողի հետ կապված խնդիրը վարչապետ Փաշինյանի Թուրքիա այցով, Սիմոնյանը նկատեց. «Ես իքնս «Նեմեսիս»-ի արձանի տեղադրումը համարում եմ սխալ, որովհետև դա պետական քաղաքականության գիծ չէ, բայց նորից եմ ասում՝ դա ընդամենը առիթ էր, որովհետև ես էլ, ինչպես Թուրիքիայում հայտարարեցի, Թուրքիա չգնալու համար կարող էի մեկ միլիոն պատճառ գտնել ու չգնալ: Բայց եթե Թուրքիայի կողմից կամքը կա, իսկ ես տպավորություն ունեմ, որ այդ կամքը կա, հարաբերությունները կարգավորելու եզակի հնարավորություն է, և մենք դրան պատրաստ ենք, պատրաստ ենք՝ նույնիսկ անցնելով մեծ քննադատության միջով, բայց ՀՀ-ին երկարատև խաղաղություն բերելու համար»:
Սիոմոնյանը նաև հայտնեց, որ այցը բավականին լավ է անցել, վարչապետը ուշադրության կենտրոնում է եղել թե՛ թուրք քաղաքական գոծիչների, թե՛ միջազգային հանրության շրջանում. «Վարչապետի այցը, կարելի է ասել, այդ միջոցառման գլխավոր իրադարձություններից մեկն է եղել:
Հիշեցնենք՝ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց տեղեկացնելու չեղարկել էին Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։
Չավուշօղլուն օրեր անց հաստատել էր, որ Թուրքիան դիտավորյալ է փակել օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար: Ըստ նրա՝ պատճառը Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նվիրված հուշակոթողի բացումն է:
Մեկ օր անց նա հավելել էր, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը ոչ միայն Հայաստանից դեպի երրորդ երկրներ թռչող օդանավերի, այլ նաև հայկական կողմի VIP թռիչքների, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թռիչքների համար դեպի երրորդ երկրներ: Նկատենք, սակայն, որ վարչապետ Փաշինյանի համար բացվել էր սահմանը, երբ նա մեկնել էր Թուրքիա՝ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նաև հայտարարել է, թե Հայաստանը պետք է ապամոնտաժի «Նեմեսիս» հուշարձանը։