ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ          Իմ հեռախոսը, որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի․Հրաչյա Հակոբյան       Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը, Մակրոնը հանդես կգա հատուկ ուղերձով    

14 հոկ 2016 20:26

Պուտինը եկել է վերականգնելու Լավրովյան պլանի հետևանքով վատացած հարաբերությունները

Այսօր Երևանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի սեղմ կազմով նիստը: 
ՌԴ նախագահի այցի և հայ-ռուսական հարաբերություների շուրջ զրուցեցինք Հայկ Բալանյանի հետ:
 
-Պարոն Բալանյան, Վլադիմիր Պուտինը եկել է Երևան, ինչպես եք տեսնում հայ-ռուսական հարաբերություների ապագան և ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք այդ այցից:
 
-Պատասխանելով ձեր հարցին անհրաժեշտ է հայ-ռուսական հարաբերությունները դիտարկել գլոբալ համատեքստում և երկար պատմական տարածության տեսակետից:
Հայաստանը մի քանի հազարամյակ եղել է և մնում է մեծ պարսկական կամ իրանական աշխարհի մաս.  աշխարհագրորեն, հետևաբար տնտեսապես և մշակութային առումով: Այդպես է եղել մ.թ.ա. 5-րդ դարում, այդպես է եղել մ.թ. 5-րդ դարում, մ․թ․18-ում, և այդպես էլ լինելու է ապագայում: Այդպես էր, երբ Հայաստանը ուներ շատ ավելի ընդարձակ տարածք և համադրելի բնակչություն, իսկ ներկա տարածքով և բնակչությամբ՝ 80 միլինանոց Իրանի կողքին առավելևս այդպես է:

Այդ աշխարհագրական իրողությունից շեղումներ կատարվել են, երբ արտատարածաշրջանային հզոր ուժ է ներթափանցել  տարածաշրջան և հզորության հաշվին կարողացել է այդ կապը խաթարել: Եվ ռուսական շրջանը այս իմաստով այդ բնական դրվածքի մի խաթարում էր, որը տևեց գրեթե երեք դար: Բայց պետք է հասկանալ, որ այդ ռուսական շրջանը մեր երեքհազարամյա պատմության մեջ ընդամենը բնականից դուրս  մի դրվագ էր, ոչ թե հենց նորմ: Հենց արտատարածաշրջանային ուժը կորցնում է իր հզորությունը և չի կարողանում այն պրոեկցիա անել իր ազգային տարածքից դուրս, աշխարհագրության և տնտեսության օրենքները վերադարձնում են իրավիճակը ի շրջանս յուր:
Օրինակ, հզոր Գերմանիայի կողքին Չեխիան կամ Դանիան ընդամենը գերմանական տնտեսության, և ոչ միայն տնտեսության, կցորդն է, մասը, և այդ երկրները իր հզոր հարևան` Գերմանիայի շառավղից պոկել-տանելը պահանջում է մեծ ճիգեր և ոչ տնտեսական ուժի անհամարժեք կիռարում, փաստացի կլանում: Այլ կերպ հաղթահարել այդ բնական հանգամանքներն անհնար է:
 
Ուստի, ես կարծում եմ, որ առանց ինքնիշխան նպատակասլաց քաղաքականության առաջիկա տասնամյակներում Հայաստանի տնտեսությունը դառնալու է  սանկցիաներից դուրս եկող և արագ զարգացող Իրանի տնտեսության մի մասը: Իրանական տնտեսությունը կարող է կլանել Հայաստանը, և այդ դեպքում մենք փաստացի վերադառնալու ենք 1827թ կամ 1801թ տնտեսական և քաղաքական իրավիճակին, այդ թվում և անվտանգության համակարգի տեսակետից, երբ Ռուսական Կայսրությունը գտնվում էր Կովկասյան լեռներից հյուսիս: Սա է տեսանելի ապագան  «география-это диагноз» սկզբունքով:
Իհարկե Ռուսաստանը պահպանելու է իր ազդեցությունը Հայաստանում համարժեք իր ՀՆԱ-ին, տեխնոլոգիական և ռազմական ներուժին: Ես նույնիսկ կողմ կլինեի, որ այդ ազդեցությունը Արևմուտքի ազդեցության զուգահեռ պահպանվեր, որպեսզի Հայաստանը չդառնա իրանական կցորդ, և մենք զսպանակներ ունենանք Թեհրանի հետ երկխոսության համար:
 
-Ըստ ձեզ, Ռուսաստանը տեսնում է՞ այդ վտանգը
 
-Ոչ, չի տեսնում: Ռուսները փորձում են պահպանել ամեն ինչ, չունենալով ոչ համարժեք ռեսուրսները, ոչ աշխատելու ունակությունը, ոչ էլ պատկերացումները, թե ինչպես պիտի գնան, որպեսզի մնան: Դեռևս Ռ.Քոչարյանի օրոք 100 մլն դոլար պարտքի դիմաց վերցրած ձեռնարկությունները այդպես էլ չաշխատեցին: Ռուսական բիզնեսը, բացի բնական մենաշնորհների ոլորտից` գազ, հոսանք, կապ այլ ճյուղերում ներկայություն գրեթե չունի: Ավելին, Ռուսաստանը ինքը գտնվում է մեծ տնտեսական և քաղաքական խնդիրների բեռի տակ: Փաստացի, այժմ Ռուսաստանը և Իրանը տեղերով փոխվեցին: Այժմ Ռուսաստանն է սանկցիաների տակ, իսկ Իրանը դուրս է եկել առճակատումից և արագ զարգանում է, և նկատի ունենալով աշխարհագրական դիրքը, ընդհանուր սահմանը  և ժողովրդագրական գործոնը Իրանի ազդեցությունը տարածաշրջանում արագ աճելու է մինչև պատմական հին գծագիր՝ դոմինանտ ազեդցություն Հայաստանի վրա, որը հայկական կողմը փորձելու է զսպել այլ գործընկերների միոջոցով:
 
Եթե ռուսները գիտակցեն, որ Հայաստանի զարգացման և հետևաբար՝ իրենց դիրքերի պահպանման համար պիտի հանդիսանան Երևանի գործընկերը հայկական բազմավեկտորային քաղաքականության կոնցեպտի մեջ, ապա դիրքերը կպահպանեն: Սակայն եթե փորձեն վերականգնել գերիշխող դիրքը, չունենալով ընդհանուր սահման, ոչ ֆինանսական, ոչ տեխնոլոգիական և ոչ էլ այլ նախադրյալները, ապա Երևանի և Մոսկվայի հարաբերությունները երկարաժամկետ կտրվածքով իջնելու են այն մակարդակի, որը Երևանը պահպանելու է այլ հզոր երկրների հետ:  Այդ պարագայում, Մոսկվայի ներկայությունը ընկալվելու է Հայաստանում, որպես ոչ թե մեր ինքնքիշխանության և զարգացման գործառույթ, այլ հետընթացի, մեկուսացման և ռուս-արևմտյան կռվիների մեջ ներքաշվելու վտանգ ներկայացնող գործառույթ:
 
Ցավոք, ես առայժմ չեմ տեսնում Մոսկվայում այդ իրողության գիտակցությունը, և Երևանը այդ թեմայով Մոսկվայում չունի գործընկեր երկխոսելու համար:
Ուստի, ես որևէ լուրջ փոփոխություն հայ-ռուսական հարաբերություններում առայժմ չեմ տեսնում: Երկու կողմն էլ շարունակելու են իրար չվստահել, Հայաստանը չի միանալու ռուս-արևմտյան կռիվներին, իսկ Մոսկվան ի վիճակի չէ առաջարկել Երևանին այլ քաղաքականություն, բացի Երևանի, Անկարայի և Բաքվի նկատմամբ  հավասարամոտիկության դոկտրինից: Այսպես կշարունակվի, մինչև դանդաղ ընթացքով կամ հերթական ռուսական էքսցեսի արդյունքում հայ-ռուսական հարաբերությունները կտեղավորվեն հայ-իրանական կապերի պատմական համատեքստում, որպես փոխլրացնող գործոն:
 
Պուտինը եկել է վերականգնելու Լավրովյան պլանի հետևանքով վատացած հարաբերությունները, սակայն պատմական փորձը ցուց է տալիս, որ Հայաստանը Մոսկվայի համար չի հանդիսանում առաջնահերթ ազդեցության ոլորտ, ի տարբերություն Իրանի դիրքրորոշման, և Մոսկվան պատրաստ չէ ծախսել մեծ ռեսուրսներ Հայաստանը իր տիրույթում պահելու համար: Ուստի, անհրաժեշտ է հանգիստ, անցնցում և համբերատար կառուցել նոր հայկական բազմավեկտորային քաղաքականությունը տարածաշրջանային և արտատարածաշրջանային գործընկերների հետ:
Զրուցեց՝ Դիանա Մանուկյանը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր